Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունն այլևս հանրության զգալի մասի մոտ ընկալվում է իբրև հաղթանակած և իշխանության եկած, հաղթանակը դե յուրե արձանագրած, թեև, իհարկե, զուտ փաստի տեսանկյունից քանի դեռ չկա մայիսի 8-ի քվեարկությունը, հանրությունը մտավախություն ունի և որոշակի սպասման վիճակում է: Այդուհանդերձ, քաղաքական իրողությունները, կարծես թե, հուշում են, որ համենայնդեպս հայտարարված զարգացումը պետք է որ դառնա իրականություն, և դա բխում է բոլոր ներգրավված մասնակիցների շահերից: Այլ է հարցը, թե ինչպիսին են լինելու հետագա զարգացումները:
Այս մասով սցենարները ամենատարբեր են՝ ինչպես կպահի իրեն ՀՀԿ-ն արդեն ոչ ՀՀԿ-ական վարչապետի դեպքում, ինչպես կպահի իրեն «Ծառուկյան» դաշինքը, որ սատարել է և միացել ժողովրդական շարժմանը, սակայն անկասկած այսուհետև Նիկոլը դիտվում է արդեն ոչ միայն դաշնակից, այլ նաև մրցակից հավասարապես: Ընդհանրապես, դաշնակիցներն ու մրցակիցները հայաստանյան ներքաղաքական առկա իրադրությունում դարձել են միանգամայն հարաբերական և ըստ էության՝ բավականին կարճաժամկետ: Պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային կազմը:
Այս ամենը վկայում է, որ թավշյա հեղափոխությունը, թեև ձևով, կարծես թե, մոտ է հաղթանակին, թեկուզ միջանկյալ, կամ արդեն տարել է այդ միջանկյալ հաղթանակը, այդուհանդերձ բովանդակության իմաստով այն դեռևս բավական հեռու է կամ անորոշ: Անորոշ կամ հեռու այն պատճառով, որ երկարաժամկետ կամ ռազմավարական առումով լուծված չէ գլխավոր խնդիրը, իսկ դա ոչ թե իշխանափոխությունն է որպես անվանական կամ նոմինալ երևույթ, այլ թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալիզացիան:
Ավելի մանրամասն`«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































