Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյանի փակագծերը «կրակը գցեցին» պատգամավորներին. Կոստանյանը խորացավ հոմանիշների մեջ

Հունիս 06,2018 12:34 Share

Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանությանն հարցերի հանձնաժողովում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Գործող օրենքով, երբ պետք է մեղադրանքը փոխել կամ լրացնել, քննիչը պետք է նոր մեղադրանք առաջադրի: Շատ դեպքերում, երբ նախաքննության ընթացքում պարզվում է, որ այդքան ծանր մեղադրանք չի արվել, մեղադրանքը պետք է մեղմացվի, անձը, երբ գտնվում է հետախուզման մեջ, նրա մեղադրանքը չես կարող փոխել:

Հիմա առաջարկվում է ամրագրել օրենքում, որ եթե մեղադրյալը քննությունից թաքնվում է, քննիչը կարող է մեղադրանքը փոխել ու կայացնել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում: Հարակից զեկուցողն Արփինե Հովհաննիսյանն էր, նա ասաց, որ քրեական դատավարության կարգավորումները կառավարության որոշմամբ էր առաջ ամրագրվել, ինչը հակասահմանադրական է, հիմա բարձրացվում է օրենքի մակարդակի:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ սա շատ կարեւոր նախագիծ է, այն ընդունվեց եւ կքննարկվի քառօրյա նիստերի օրակարգում:

«Տեղական հանրաքվեի» մասին օրենքի դրույթներից այնպիսի տպավորություն էր, որ հանրաքվեի կարող են դրվել այն հարցերը, որոնք ավագանու քննարկմանն էին դրվել, բայց չէր ընդունվել: Հիմա ձեւակերպումները փոխվում են եւ հարմարեցվում են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին: Համայնքի ղեկավարը պետք է հետեւի, որ հատուկ վայրերում փակցված պաստառները չպոկվեն:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հիմա ամրագրում են՝ «Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա հանրաքվեի արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը պետք է որոշում ընդունի տեղական հանրաքվեի արդյունքները ճանաչել անվավեր եւ համայնքում նոր քվեարկություն անցկացնել»:

Ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երբ դեռ պատգամավոր էր, առաջարկել էր, որ այս հոդվածում «կարող է» բառից հետո փակագծում ավելացվի «ունակ է» բառը՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանը միշտ խախտումները լսում է ու ասում՝ «չէին կարող» այդ խախտումները ազդել ընտրությունների արդյունքների վրա, հետեւաբար ունակ է բառը, ըստ նրա, կօգնի:

Այստեղ հանձնաժողովի անդամները սկսեցին հայոց լեզվի քննարկում: Կոստանյանը հարցրեց՝ կարող է եւ ունակ է բառերը հոմանիշնե՞ր են: Փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ մոտ են իմաստով եւ փակագծերում ավելացրել են՝ հետագա տարընթերցումներից իրենց ապահովագրելու համար:

Կոստանյանն ասաց. «Եթե սրանք հոմանիշներ են, իմաստ ունի՞ փակագիծ դնել, ինչու «կամ»-ով չենք տարանջատում»: Հովհաննիսյանն ընկավ մտքերի մեջ. «Շատ բարդ է ինձ համար միանշանակ ասել, որ հոմանիշներ են, այստեղ կրավորական խնդիր կա, մեկի համար ակտիվ գործողություն եմ տեսնում, մյուսի համար՝ պասիվ: «Ունակ է» բառի մեջ պասիվ դերակատարություն եմ տեսնում: Կարծում եմ, եթե նախատեսենք, որեւէ բացասական հետեւանք չի լինի, եթե չնախատեսենք, միգուցե ունենանք խնդիր»: Կոստանյանն ասաց՝ եթե փակագծերում եք դա գրել՝ իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, բան չի փոխում. «Տարբերությունը բացատրեք՝ կարող է, ունակ է, հլը որ տարբերությունը չեք ասել»:

«Իմ կարծիքով, հոմանիշներ են», – եզրակացրեց փոխնախարարը: Սա դարձավ հայտնի հեքիաթի «մի կոտ ոսկու» պատմությունը՝ դե եթե հոմանիշներ են, ի՞նչ կարիք կա փակագծում գրել: Բառախաղը շարունակվեց:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր բացատրությունն առաջարկեց. «Պետք չի, որ «կարող է» ու «ունակ է» բառերը լրիվ նույնը լինեն, որովհետեւ լրիվ նույն բառեր այս կյանքում չկան: Սիրունն ուրիշ է, գեղեցիկն ուրիշ է, արժեքն ուրիշ է, գինն ուրիշ, մեկին ասես՝ անարժեք է, մյուսին ասես՝ անգին է, դրանք լրիվ տարբեր բաներ են: Եթե մենք ուզում ենք, որ «կարող է»-ն եւ «ունակ է»-ն համապատասխանեն, էս աշխարհում լրիվ նույն բառեր չկան»:

Կոստանյանն ասաց, որ հիմա եթե հայոց լեզվի մասնագետ բերեն, 50 տարբերություն կգտնի այդ երկու բառի մեջ, բայց իրավական տեսանկյունից երբ փակագիծ ես դնում, նույնացնում ես: Կոստանյանը որոշեց, որ մի հատ Զեյնալյանին հարցնեն՝ ի՞նչ հարց է լուծում «ունակ է» բառը փակագծում ավելացնելով. «Թող կառավարությունը բացատրի, մենք կորոշենք, եւ ենք դնում, կամ ենք դնում, ինչպես նաեւ ենք գրում, թե՞ մի հատ ստորակետ ենք դնում»:

Ի վերջո օրենքի կողմ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930