Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, ՀՀ-ում ազատ տեղաշարժ թույլատրվեց

Հունիս 22,2026 18:55 Share

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում այսօր դատարանը որոշեց բավարարել փաստաբանի միջնորդությունը և բարելավել Գևորգ Ներսիսյանի խափանման միջոցի պայմանները։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հաշվի առնելով Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը՝ դատարանը վարչական հսկողություն սահմանեց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքով։ Նախկինում տեղաշարժը սահմանափակված էր Ոսկեհատ համայնքի տարածքով։

Նախորդ նիստում դատարանը մերժել էր նույն միջնորդությունը։ Այսօր միջնորդության բավարարումը փաստաբանը պայմանավորում է այն հանգամանքով, որ գործով հիմնական դատալսումների փուլն ավարտվեց, և դատարանն այսօր անցավ եզրափակիչ ելույթներին. «Քանի որ այլևս դատավարական գործողություններ չկան կատարելու, դատարանը որոշեց, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է»։

Այս գործով այսօր մեղադրող կողմը հանդես է եկել եզրափակիչ ելույթով։

«Եթե մի քիչ անհամեստ գտնվեմ, իրականում ես չէի սպասում, որ դատախազը նման եզրափակիչ ելույթ կունենա. ելույթը 3-4 էջ էր։ Զավեշտ է, բայց դա է։ Նմանատիպ գործով, այն էլ այս ծավալի մեջ, երբ մարդկանց այսքան ժամանակ անազատության մեջ պահեցին… 4 էջ եզրափակիչ ելույթ…»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ սա հուսադրո՞ւմ է պաշտպանական կողմին այն իմաստով, որ իրենք ավելի լավ դիրքերում են հայտնվում, Էմին Խաչատրյանը պատասխանեց. «Մյուս կողմից էլ՝ ուզում է 20 էջ ելույթ ունենային, մենք մեր պնդումները, հստակ դիրքորոշումն ունենք և առաջին օրից պնդում ենք, որ այստեղ հանցադեպ չկա։ Իմ ասածների ապացույցը կհնչի հաջորդ նիստում՝ մեր եզրափակիչ ելույթի ժամանակ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930