Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն եւ Արման Գրիգորյանները վիճել են Նազիկ Ամիրյանի հետ

Հունիս 18,2018 21:55

Այսօր առավոտից Էջմիածնում տոնախմբություն է: Մարդիկ տոնում են Գրիգորյանների կլանից ազատումը`արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը եւ նրա հոր` Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Տեղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ այս պահին Էջմիածնի հրապարակում մարդիկ սեղաններ են գցել, հյուրասիրություն են կազմակերպել, մատաղ են արել: Էջմիածնում են նաեւ տարբեր աստղեր: Փողոցներում երգ ու պար է:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց, Կարեն Գրիգորյանը հայտարարում էր, որ ինքը երբեք ժողովրդին այդքան ուրախ չէր տեսել:

Ի դեպ, ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում: Էջմիածնում ոստիկանության ներքին զորքերն են հսկողություն իրականացնում:

Ականատեսները մեզ հետ զրույցում նաեւ պատմեցին, որ երեկ երեկոյան Մանվել Գրիգորյանի որդիները`Կարեն Գրիգորյանն ու Արման Գրիգորյանը վեճ են ունեցել Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հետ: Վեճի թեման եղել է Մանվել Գրիգորյանի տանը եւ ամառանոցում հայտնաբերված ավարը: Հարեւաններից մեկը պատմեց, որ վեճի ընթացքում Կարեն Գրիգորյանը`դիմելով Նազիկ Ամիրյանին`ասել է. «Էս ի՞նչ եք արել: Հիմա ես ում ասեմ`չեն հավատա, որ տեղյակ չեմ»:

Aravot.am-ի տեղեկություններով, Կարեն Գրիգորյանն ավելի վաղ է ցանկացել քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալ. այն ժամանակ, երբ Արթուր Ասատրյանը սկսել է իր դեմ ցույցեր կազմակերպել: Սակայն, հայրը`Մանվել Գրիգորյանը, թույլ չի տվել`ասելով, որ մինչեւ վերջ պետք է պայքարել: Հայր ու որդի այս հողի վրա վիճաբանել են, անգամ իրար քաշքշել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930