Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան. Աշխարհի մասշտաբով ցանկացած մարդ, որ կենդանու ձեռքբերման օրինական փաստաթղթեր ունի, կարող է ունենալ այդ կենդանուն ու պահել. «Հրապարակ»

Հուլիս 18,2026 10:30 Share

«Հրապարակի» զրուցակիցն է վայրի կենդանիների ներկրմամբ զբաղվող, «Զու ֆաունա արտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Խաչատրյանը, որը նաեւ մասնակցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի կողմից վայրի կենդանիների ձեռքբերման գործընթացին:

– Տեղեկություններ կան, թե Գագիկ Ծառուկյանն իր առյուծներին անօրինական է ձեռք բերել, որսագողության արդյունքում եւ այլն:

– Ցանկացած կենդանի` աշխարհի մասշտաբով, բացի սպիտակ ու սեւ պանդաներից, որոնք Չինաստանի կառավարության սեփականությունն են համարվում, եւ բացի անհետացման վտանգի տակ գտնվող մի քանի տեսակ կենդանիներից ու թռչուններից, ցանկացած մարդ կարող է ունենալ սեփական կենդանիներ: Կարեւոր չէ` Կարմիր գրքում է գրանցված, թե՝ ոչ: Աշխարհի մասշտաբով, ցանկացած մարդ, որ կենդանու ձեռքբերման օրինական փաստաթղթեր ունի, կարող է ունենալ այդ կենդանուն ու պահել: Չկա այդպիսի հասկացություն՝ կարմիր գիրք, սեւ գիրք, որ ինչ-որ մեկը չի կարող այդ կենդանուն պահել, ունենալ: Ամենակարեւորը՝ կենդանիները պետք է ձեռք բերվեն համապատասխան օրինական փաստաթղթերով, տեղափոխվեն օրինական ճանապարհով:

– Այսինքն՝ անօրինական ճանապարհներով կենդանու ձեռքբերում, տեղափոխում հնարավոր չէ՞:

– Անհնար է: Հարավաֆրիկյան Հանրապետության օրինակը ես բերեմ․ երբ ինչ-որ կենդանատեսակ անօրինական փորձեք դուրս հանել այդ պետությունից, ձեզ կհասնի 30 տարվա բանտարկություն։ Պլյուս` հնարավոր չէ այնքանով, որ անմիջապես գալիս են բնապահպանական ոստիկանությունը, անասնաբուժական տեսչությունը եւ կենդանիների պաշտպանության պետական կազմակերպություններ ու սկսում են այդ կենդանիներին ստուգել: Ստուգում են չիպերը, փաստաթղթերը, որոնցում գրանցված են կենդանիների առանձնահատկությունները՝ տարիքը, սեռը, արտահանման նպատակը։ Այս պրոցեսը շատ խիստ է, ահավոր խիստ է:

– Այսինքն, Ծառուկյանի այգում պահվող կենդանիները չիպավորվա՞ծ են:

– Այո, այդ առյուծները վայրի բնությունից վերցված չեն, նրանք բուծված են անազատ պայմաններում, որի համար ունեն համապատասխան միջազգային սերտիֆիկատ, որը կոչվում է CITES։ Այն տրամադրվում է կենդանիներ արտահանող եւ ներմուծող կազմակերպությանը, որը հանդիսանում է միաժամանակ ներմուծման թույլտվություն: Այսինքն, մեր բնապահպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունից դուք արդեն պարտադիր չէ, որ ստանաք ներմուծման թույլտվություն, բայց դուք պարտավոր եք ստանալ անասնաբուժական տեսչությունից ներմուծման թույլտվություն։

– Այսինքն, CITES սերտիֆիկատը համարվում է վերպետական փաստաթուղթ եւ նշանակում է, որ կարող եք երկիր ներմուծել կոնկրետ կենդանի:

– Այո, դա միջազգային է, յուրօրինակ գրին քարտ է, որում արտացոլվում է կենդանու սեռը՝ էգ, թե որձ է, միկրոչիպ, մոտավոր տարիք, ինչի համար է տեղափոխվում կենդանին, նպատակը: Այդ ամենը պրն Ծառուկյանի առյուծներն ունեն: Նրանք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 13.05.2016 թվականին, օրիգինալ փաստաթուղթն իմ ձեռքին է: Այդ ժամանակ առյուծները եղել են մոտավորապես, ենթադրենք, 4-5 ամսական, ոչ ավել:

– Քննարկումներ ծավալվեցին նաեւ խրտվիլակների շուրջ, թե իբր կենդանիներին սպանել է Ծառուկյանը, որ խրտվիլակ սարքի:

– Շատ վաղուց ես լսել եմ, որ, սկսած այն ժամանակներից, երբ կենդանաբանական այգու ղեկավարը պարոն Աբովյանն էր, ինքը շատ նվերներ է ուղարկել պարոն Ծառուկյանին՝ անկած կենդանիներին խրտվիլակ սարքելու համար։ Այսինքն, իրենք չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով անկած կենդանու խրտվիլակը սարքել, ուղարկել են պարոն Ծառուկյանին՝ ինքն է սարքել: 20, 30 տարի առաջ կենդանաբանական այգին պարոն Ծառուկյանին ուղարկել է սպիտակ վագրեր եւ անկած կենդանիներ: Բացի այդ, պրն Ծառուկյանը շատ երկար տարիներ է, ինչ կենդանիներ է պահում, իր անկած կենդանիներին էլ է խրտվիլակ սարքել, որպեսզի չշպրտեն, ափսոս է` սարքել են։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում եւ համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանի պես կենդանասեր մարդու խրտվիլակների հավաքածուի 99 տոկոսն անկած կենդանիների մարմիններից ստացված խրտվիլակներ են։

– Այսինքն, միջազգային պրակտիկայում դա դատապարտելի չէ՞:

– Հասարակ բան է, ամբողջ ՀԱՀ-ը, Միացյալ Նահանգներ մտնես` որսն անես, միսը կուտես, խրտվիլակն էլ կանես․ դա նորմալ պրակտիկա է, ոչ ոք չի արգելում: Տեխասը, օրինակ, որսի պոլիգոն է՝ բիզոններ, անտիլոպներ, 1960-ականների հայկական մուֆլոն էլ են տարել ԱՄՆ՝ Տեխաս, ու կարող ես գումար վճարել, Տեխասում որսալ հայկական մուֆլոն։

– Այսինքն՝ հատկապես թանկարժեք, հազվագյուտ տեսակներն անկումից հետո են միայն խրտվիլակ սարքում:

– Իհարկե, հո չե՞ն տանելու շպրտեն, բա ափսոս չէ՞, վաղը կարող ես նվիրել ինչ-որ թանգարանի՝ կենդանաբանության, կենսաբանության, համալսարաններին կարող ես նվիրել՝ մասնագիտական ֆակուլտետներին, ինչի՞ շպրտես, հիմարություն է նման բան անելը, հատկապես՝ հազվագյուտ կենդանիների պարագայում:

– Կենդանիները դարձել են քաղաքական հետապնդումների զո՞հ:

– Երեւի՝ հա, գիտեք, պետությունը կենդանիներին տեղափոխել է, դա դեռ չի նշանակում, թե անվերադարձ։ Հույս ունեմ, որ քննության ավարտից հետո կենդանիներին կվերադարձնեն տիրոջն ու այդ կենդանիներին էլ` իրենց տունը դարձած կեցավայր։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031