Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ տեղի ունեցողի վտանգավոր խորությունը

Հուլիս 18,2026 10:00 Share

Հանրության ուշադրությունը գրավեց Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցում տնօրենի պաշտոնակատարի քայլը, երբ նա աշակերտական ցուցահանդեսի պատից հեռացրել է 10-ամյա արցախցի աշակերտուհու նկարչական աշխատանքը` ասելով, որ աշխատանքի բովանդակությունը «հակապետական» է։ Իսկ աշակերտուհին նկարել էր Ստեփանակերտի «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանը կամ հայտնի Տատիկ-Պապիկը։

Ի՞նչ կլիներ, եթե այս դրվագը հայտնի չդառնար հասարակական կազմակերպություններին, որոնք էլ հանրայնացրին պատմությունը։ Չէր լինի հանրային ուշադրություն, ու թերեւս չէին լինի արդարացումները, թե՝ նկարը հեռացվել է ոչ թե «հակապետական» բովանդակության, այլ կարգապահական խախտման համար։ Իհարկե այս բացատրությունն ինքնին զավեշտ է, բայց իրավիճակը ոչ միայն զավեշտալի չէ, այլ նույնիսկ՝ սարսափելի։ Համենայնդեպս, դժվար է ավելի մեղմ բնորոշում տալ մի երեւույթի, որը այլ բան չէ, քան մանկական հիշողության հետապնդում, մանկական կարոտի հետապնդում։

Դա արվել է պետական կառույցների ուղիղ հանձնարարականի շրջանակներո՞ւմ, թե՞ ժամանակավոր պաշտոնակատարը պարզապես փորձել է իր այդ քայլով վաստակել վերեւների բարեհաճություն եւ խրախուսանք։ Կարեւոր չէ, որովհետեւ երկու պարագայում էլ տեղի ունեցողը հետեւանք է հենց բարձրաստիճան պաշտոնյաների վարքագծի ու քաղաքականության, որոնք իրենք են հրապարակավ հրաժարվել Արցախից եւ այն որակել իբրեւ Հայաստանի անկախության դեմ իրականացված ծրագիր։ Այն Արցախը, որի անունով «երդվելով» էին նաեւ եկել իշխանության 2018 թվականին։

Հիմա «երդումների» հասցեատերը ոչ թե Հայաստանի հանրությունն է, այլ՝ Ադրբեջանը, իսկ բովանդակությունը՝ լրիվ հակառակը։ Եվ սա այնպիսի ակնառությամբ վարվող քաղաքականություն է, որ ներքեւներին այլեւս առանձնապես ուղիղ ցուցումներ պետք էլ չեն։ Պետք է պարզապես, որ այս իրողությունը իր ամբողջ վտանգավորությամբ հանրային գիտակցման ու գնահատականի արժանանա խորությամբ։ Խորություն, որը հասնում է մինչեւ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի տեքստ։ Այդ տեքստն իր տողերով ու տողատակերով հանդերձ, պարունակում է նաեւ հենց այն իրավաքաղաքական սահմանումները, որոնք լինելու են Ադրբեջանի ուղղությամբ «երդումների» իրավա–պայմանագրային ռեւիզիայի հիմքը։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե մենք սովորենք ընդունել վատ կատարվածը որպես Արարչի նախազգուշացում, մենք մեր բնական բանականությամբ կնախապատրաստվենք եւ Արարչի ամենազորությամբ կհաղթենք: Իզուր չեն ասում, ընկերոջդ մոտիկ պահի, իսկ թշնամուդ՝ ավելի մոտիկ, որովհետեւ թշնամիդ ընկերոջիցդ ավելի լավ ցույց կտա քո թույլ կողմերը: Բայց երբ մենք սուբյեկտ ենք նշանակում ոչ թե Արարչին, այլ ամեն տեսակ բարձրաստիճան մինյոնների կամ այլազգի թշնամիների, սրանով մենք մեղք ենք գործում եւ պատժվում ավելի ծանր կատարվածներով: Հետո, սովորենք շնորհակալ լինել Արարչին մեր բոլոր հաջողությունների համար եւ մեծամտաբար չկարծենք, թե այդ հաջողությունները մեր շնորհքն է, մեր շնորհքը պետք է լինի միայն մեր հաջողություններով մարդկության հետ կիսվելը: Հաճախ թշնամիդ քեզ ճիշտ խորհուրդներ է տալիս, բայց միայն նրա համար, որ դու դա չանես, քանի որ նրան թշնամի ես ընկալում: Օրինակ, մինյոններից մեկը խորհուրդ տվեց հանրաքվե անցկացնել, թե հայ ազգը ում հետ է ուզում լինել: Վերցնում ենք հանրաքվեի գաղափարը եւ մեր Սյունիքի քաղաքացիների մեջ հանրաքվե անցկացնում՝ ցանկանո՞ւմ են ինչ որ վեներական հիվանդության անվան նման ճանապարհ անցնի նրանց հողով: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել