Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվել Թուրքիայում արտակարգ դրության 2 տարվա ընթացքում

Հուլիս 18,2018 23:13

Անկարայում որոշում է կայացվել այլևս չերկարաձգել արտակարգ դրությունը, որը երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սահմանել էր 2 տարի առաջ: Հուլիսի 18-ին արտակարգ դրության ժամկետը պաշտոնապես լրանում է, սակայն բազմաթիվ թուրքեր դեռ երկար ժամանակ իրենց վրա կզգան դրա հետևանքները, գրում է Deutsche Welle-ն:

Ինչու՞ Թուրքիայում սահմանեցին արտակարգ դրություն

2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը մի խումբ զինվորականներ փորձեցին երկրում պետական հեղաշրջում իրականացնել և իշխանությունից հեռացնել Էրդողանին: Արդյունքում խռովությունը տապալվեց, իսկ այդ գիշեր սպանվեց 249, վիրավորվեց ավելի քան 2000 մարդ: Որպես խռովությանն առաջին պատասխան միջոց՝ Էրդողանը երկրում սահմանեց արտակարգ դրություն: Այդ քայլը պետք է նպաստեր խռովության կազմակերպիչներին և մասնակիցներին արագ գտնելուն և պատժելուն:

Երկրում տեղի ունեցած լայնածավալ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մեղադրվեցին՝ որպես ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհներ: Անկարայում Գյուլենին համարում են հեղաշրջման կազմակերպիչ, իսկ նրա գործունեությունը՝ ահաբեկչական: Արտակարգ ռեժիմի նախնական սահմանումից հետո այն երկարաձգվել է 7 անգամ:

Քանի՞ մարդ է հայտնվել ճաղերի ետևում

Քաղաքական մակարդակում արտակարգ դրության ամենաակնհայտ արդյունքը եղավ այն, որ դա հնարավորություն տվեց Էրդողանին ընդունել օրենքներ՝ որպես նախագահական հրամաններ՝ շրջանցելով խորհրդարանը: Այդ ընթացքում նա իրեն տրված հնարավորությունից օգտվել է 32 անգամ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ խռովությանն աջակցելու կասկածանքով բերման է ենթարկվել 160 հազար և ձերբակալվել՝ 70 հազար մարդ, այդ թվում լրագրողներ, իրավապաշտպաններ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Եվս 155 հազար մարդու դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու» կասկածանքով:

Բացի այդ, Էրդողանն օրենք է ստորագրել, որով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալման ժամկետը երկարաձգվել է մինչև 30 օր: Այդ օրենքը գործել է մինչև 2017թ. սկիզբը. դրանից հետո Եվրոպայի խորհրդի նախազգուշացումից հետո այդ ժամկետը նվազեցրել են մինչև 14 օր:

Քանի՞ մարդ է աշխատանքից ազատվել

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ արտակարգ դրության ընթացքում աշխատանքից ազատվել է 120 հազար պետական ապարատի աշխատակից և ֆիզիկական անձ: Հատկապես ուժեղ հարված է հասցվել համալսարաններին. աշխատանքից հեռացվել է բուհերի ավելի քան 5500 դասախոս: Բացի այդ, ամբողջ երկրում փակվել են հազարավոր կազմակերպություններ, այդ թվում համալսարաններ, մասնավոր դպրոցներ, հանրակացարաններ, բժշկական կենտրոններ, հիմնադրամներ և այլ հաստատություններ, որոնք կասկածվում էին Գյուլենի հետ կապերի մեջ:

Ռեպրեսիվ միջոցներից չեն խուսափել ոչ միայն Գյուլենի ենթադրյալ համախոհները, այլև ուրիշ ընդդիմադիր ուժեր: Մասնավորապես, Թուրքիայի՝ հիմնականում քրդաբնակ նահանգներում պաշտոնանկ են արվել հարյուրավոր քաղաքապետեր, որոնց փոխարեն նշանակվել են Էրդողանի կուսակցությանը հավատարիմ անձիք:

Քանի՞ լրագրող է գտնվում բանտում

Արտակարգ դրություն ազդել է նաև թուրքական ԶԼՄ-ների վրա, որոնք արդեն իսկ գտնվում էին իշխանությունների ծանր ճնշումների տակ: Էրդողանի հրամանով իրենց գործունեությունը դադարեցրել են 70 թերթ, 20 հանդես, 34 ռադիոկայան, 30 պարբերական և 33 հեռուստաալիք: Բացի այդ, բազմաթիվ լրագրողների դեմ քննություն է սկսվել. նրանք մեղադրվում են քարոզչության և ահաբեկչության սատարման կամ երկրի նախագահին զրպարտելու մեջ:

Թուրքիայի Լրագրողների միության տվյալներով՝ այսօր Թուրքիայում ճաղերի ետևում է գտնվում 143 լրագրող: Ընդ որում, իրավիճակը շարունակում է վատթարանալ: 2010-2018թթ. ընթացքում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան 138-ից հայտնվել է 157-րդ հորիզոնականում:

Ի՞նչ տեղի կունենա Թուրքիայում արտակարգ դրությունը հանելուց հետո

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտվեցին Էրդողանի հաղթանակով: Ընտրությունները խորհրդանշեցին անցում կառավարման նախագահական մոդելի, որով զգալիորեն ընդլայնվեցին Էրդողանի լիազորությունները: Ուստի, չնայած երկրում արտակարգ իրավիճակը հանելուն, Էրդողանը դեռ կկարողանա հետագայում էլ հրամաններ ստորագրել, որոնք առանց խորհրդարանի կողմից հաստատվելու, կունենան օրենքի ուժ:

Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Նոր օրինագիծը նախատեսում է, որ նահանգապետերը կարող են 15 օրով սահմանափակումներ մտցնել երկրի քաղաքներում ելքի ու մուտքի վրա, ինչպես նաև արգելել զանգվածային հավաքները:

Նոր կանոնների համաձայն՝ բողոքի ակցիաները չպետք է անհարմարություններ առաջացնեն շարքային քաղաքացիների համար, որոնք չեն մասնակցում դրանց: Բացի այդ, ահաբեկչության մեջ կասկածվող անձանց անձնագրերը կարող են առգրավվել 3 տարով: Օրինագծի քննադատները Թուրքիայի իշխանություններին մեղադրում են, որ դա փաստացի փոխարինում է արտաքին դրությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031