Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանը կլինի «Իմ քայլի» ցուցակում. Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 01,2018 18:12

Այո, խորհրդարանը համարվում է արձակված, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր չեն գումարվելու: Խորհրդարանն աշխատելու է մինչեւ նոր ԱԺ-ի ձեւավորումը եւ առաջին նիստը: Այդ մասին այսօր Նիկոլ Փաշինյանի`երկրորդ անգամ վարչապետ չընտրվելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, խորհրդարանն իրավունքի ուժով այսօր արձակվելու է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ օրենսդիր իշխանությունում վակում չենք ունենալու:

«Այո, ժողովրդի օգնությամբ իրականություն դարձավ այն ծրագիրը, որը մենք ի սկզբանե ունեինք: Այսօր մենք այլեւս ԱԺ-ն ցրված ենք համարում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Հայկ Կոնջորյանը միացել է «Իմ քայլը» թիմին: Ալեն Սիմոնյանը ողջունում է դա: Նաեւ հավելում`Հայկ Կոնջորյանը լինելու է «Իմ քայլի» ցուցակում: Ո՞ր հորիզոնականում, ինքն էլ դեռ չգիտի: Ցուցակի հետ կապված քննարկումներ չեն եղել: Ասաց, որ այլ անուններ տալ չի կարող, բայց անակնկալներ էլ չեն սպասվում: Հայկ Կոնջորյանին էլ ճամբարափոխ չի համարում, քանի որ նույն`«Ելք» դաշինքի թիմից են. «Այս պարագայում, կարծում եմ, ինքը ճիշտ որոշում կայացրեց, քանի որ «Լուսավոր Հայաստանն» այլ որոշում էր կայացրել»: Ալեն Սիմոնյանը միշտ է զգացել Հայկ Կոնջորյանի աջակցությունը եւ «շատ ուրախ» է, որ նա այսօր իրենց հետ է:

Հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀԿ-ից 3-4 մարդ կարող է իրենց ցուցակում լինել: Ալեն Սիմոնյանն ասաց`այդ թիվը չի ավելացել: Անուններ էլ չտվեց. «Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, որոնք որ քննադատություն են բերելու մեր գլխին, կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը եւ այն հայտարարությունը, որը մինչ այսօր արել ենք»: Ասաց այդ անունները մամուլում գրվել են, ինքը ավելացնելու ոչինչ չունի: Հավաստիացրեց`ՀՀԿ-ի «ձայն բերող» եւ «տանիք հանդիսացող» անձինք իրենց ցուցակում չեն լինելու:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր կարծիքով, ռեյտինգային տարբերակով բոլորը պետք է առաջադրվեն`բացի Նիկոլ Փաշինյանից: Ինքը պատրաստ է դրան, առաջադրվելու է: Վստահ է, որ իր գործընկերներն էլ են պատրաստ ու 13 տարածքներում էլ մրցունակ թեկնածուներ են ունենալու:

Ի՞նչ ընթացք կունենա քարոզարշավը, կրկի՞ն սեւի ու սպիտակի`հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դժվար է կանխագուշակել Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը: Անգամ Նիկոլ Փաշինյանի հետ երկար աշխատած մարդու`իր համար: Կարծում է, որ տրամաբանությունը կլինի այսպիսին`կարեւորը կլինի ցուցակը, ոչ թե անհատները:

RA National Assembly didn’t elect a new prime minister which dissolved the current Parliament

«Խորհրդարանի այսօրվա արձակվելը մեկնաբանության կարիք չունի»,- այսօր խորհրդարանում վարչապետ չընտրվելուց հետո, լրագրողներից մեկի հարցին այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Ասաց`ժամանակն է սուղ, առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի եւ բոլոր հարցերին կպատասխանի:

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խորհրդարանի շենքի մոտ խորհրդարանի լուծարումը ողջունելու նպատակով հավաքված քաղաքացիներին: Նրանք շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, ծափեր էլ հնչեցին, բացականչություններ`«կեցցե մեր վարչապետը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ճամբարափոխությունից հետո «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտցնելը հիասթափեցնող նախադեպ կարող է դառնալ, դա նշանակում է քաղաքական դաշտում խրախուսել պատեհապաշտությունը: Հայկ Կոնջորյանն ինչու՞ հենց ցուցակներ կազմելու ժամանակ դուրս եկավ «Լուսավոր Հայաստան»-ից: Եթե նա իր կուսակցությունից դուրս է եկել գաղափարական տարաձայնությունների պատճառով, ապա պետք է հայտարարի, թե որոնք են դրանք և ինչու՞ է մինչև պատգամավորական լիազորությունների ավարտը մնացել «Լուսավոր Հայաստան»-ում և իր ձեռքի թղթե շերեփը ԱԺ-ի հենց արտահերթ ընտրություններից առաջ է փոխում երկաթե շերեփով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930