Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Ես ու դեսպանների մեծ մասը կարծում էինք, որ ընտրությունները պետք է տեղի ունենային դեռ հուլիսին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2018 20:20

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է՝ որ ԱԺ-ում ընտրական օրենսգրքում փոփոխությունները չընդունելն անհեռատես մոտեցում էր: Այս մասին դեսպանն ասաց Երեւանի մամուլի ակումբի՝ նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թեմայով սեմինարի ժամանակ:

Խոսելով ընտրական օրենսգրքի մասին, Սվիտալսկին հիշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ, երբ այն քննարկում էին, միակ կետը, որի վերաբերյալ նախկին իշխանություններն անդրդվելի էին՝ ռեյտինգային ընտրակարգն է. «Ես նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ դիմել, ասել եմ, որ դա արատավորելու է համակարգը: Հետո մենք ճիշտ դուրս եկանք: Ամբողջ կեղտը, որն ի հայտ եկավ, հատկապես մարզերում, դա ռեյտինգայինն էր: Կեղտոտ փողերը՝ ռեյտինգային է: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստ էր քննարկել ամեն ինչ, բայց ոչ ռեյտինգային ընտրակարգը»:

Պարոն դեսպանն ասաց, որ շատ էմոցիոնալ ընտրական շրջան է լինելու, որոշ քաղաքական ուժերին դա նույնիսկ ձեռնտու կլինի՝ այն անցկացնել «սեւեր եւ սպիտակներ» սկզբունքով:

«Բայց ընտրական օրենսգիրքը պետք է նորից գրել, այն այնպիսի խառնաշփոթ է, նույնիսկ կասկածում են, որ Դավիթ Հարությունյանն է այդ ամենն արել»,-ասաց Սվիտալսկին: Ապա նա մի զավեշտալի դեպք պատմեց. «Գյումրիում ընտրություններից հետո բոլորը բանավիճում էին, բոլորն ապացուցում էին, ես նայում էի, ոչինչ չէի հասկանում, եւ բոլորը հանգեցին մի մտքի՝ միայն Դավիթ Հարությունյանը գլուխ կհանի»: Դեսպանը խորհուրդ տվեց ընտրական օրենսգիրքը նորից ու շատ պարզ, մատչելի գրել:

Մանրամասն՝ տեսանյութում  

Դեսպանն անդրադառնալով արտահերթ ընտրություններին, նշեց. «Աշխատել այնպիսի ոչ կայուն պայմաններում, երբ խորհրդարանն այլ իրողություն է արտահայտում, կառավարությունն՝ այլ, շատ բարդ է, եւ նույնիսկ մեզ համար»:

Նրա խոսքերով՝ «Չնայած, որ փոքր կուսակցությունները,եւ նույնիսկ ՀՀԿ-ն պատրաստ չեն ընտրություններին, բայց մեզ համար՝ արտաքին գործընկերների համար, մայիսյան իրադարձություններից հետո իրավիճակը լի էր շատ լուրջ անկայունությամբ: Եվ ես ու դեսպանների մեծ մասը կարծում էինք, որ ընտրությունները պետք է տեղի ունենային դեռ հուլիսին: Այս կառավարությունը արհեստական է ստեղծված»:

Դեսպանը տեղեկացրեց՝ այս ընտրություններին ԵՄ-ն կհովանավորի 100 երկարաժամկետ դիտորդի եւ 1600 կարճաժամկետ դիտորդի:

ՀՀ նոր իշխանությունները, ինչպես ասաց դեսպանը, ԵՄ-ին խոստացել են՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններն Հայաստանի անկախացումից ի վեր լինելու են ամենալավը. «Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի այս ընտրությունների արդյունքում ստեղծվի շատ կայուն համակարգ՝ կայուն մեծամասնություն խորհրդարանում, եւ կայուն համակարգ՝ կառավարությունում: Սա կարեւոր է, քանի որ ԵՄ-ն այժմ դիտարկում է երկարաժամկետ ֆինանսական պայմաններ եւ ծրագրեր եւ մեզ հարկավոր է ՀՀ կառավարության հետ պայմանավորվել 7-8 տարվա հեռանկարների շրջանակներում: Եթե Հայաստանը հույս ունի, որ մեր համագործակցության ծավալներն ու շրջանակները նոր մակարդակի վրա լինեն, ապա պետք է կերպարանափոխվեն: Եթե Հայաստանը ցույց տա, որ կարողանում է նպատակային ծախսել Եվրամիության փողերը, կստեղծեն նոր կերպար՝ Հայաստան կգան ավելի շատ միջոցներ: Եթե կառավարությունը ապացուցի, որ ԵՄ գումարները լավ ու ճիշտ է ծախսում, կոռուպցիա չկա, կան լավ իրականացրած ծրագրեր, ապա ամեն ինչ լավ կլինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մենք շփումներից հետո շատ արագ համոզվեցինք դրանում՝ կառավարությունում կան նախարարներ, որոնց չի վստահում վարչապետը»: 
    ——————————————————————-
    say what ?!!

    ա) Ամէն պարագայի, դիւանագիտական տարրական նորմերի խախտում է ասիկա:

    Սա ինչ աստիճան արհամարհում է Հայաստանը, որ հոգն ալ չէ, այսպիսի բաներ է ասում հանգստօրէն…

    բ) Սակայն տրամաբանական ալ չէ, այդ ըսածը: Եթէ այդպէս է, ինչո՞ւ վարչապետը պարզապէս պիտի չփոխէ խնդրոյ առարկայ նախարարները: Լրիւ ընտրութիւններու դիմելէ աւելի հեշտ չէ՞, այդ գործընթացը:

    Շատ մթին խաղ են խաղում մեր գլխին, այսպիսի օտարները:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930