Լրահոս
Օրվա լրահոսը

Կարենս արդեն 30 տարեկան է, սակայն դեկտեմբերի 7-ին երբեք նրա ծնունդը չենք նշել

Նոյեմբեր 15,2018 13:28

Պատմում է Ջաջուռ համայնքի բնակիչ Անահիտ Սիմոնյանը՝ Մինաս Ավետիսյանի եղբոր հարսը:

Առավոտյան, ինչպես սովորական օր, երկու երեխաներիս դպրոց ուղարկելուց և որոշ տնային գործեր անելուց հետո, նստեցի մի փոքր հանգստանալու՝ սպասում էի երրորդ զավակիս:

Հեռուստացույց էինք դիտում, մեկ էլ ցնցումները սկսվեցին, հասկացանք, որ երկրաշարժ է, ամուսնուս քույրը վազեց՝ դուռը բացեց, զգացինք, որ ինչ-որ պատ փլվեց: Ուզում եմ քայլել՝ չեմ կարողանում, ոտքերիս տակ կարծես ալիքներ լինեին:

Սկեսրայրս օգնեց՝ դուրս եկանք տնից: Առաջին բառս գոռացի՝ էրեխե՜քս…

Սկեսրայրս այնքան իրեն կորցրեց, որ դեպի մանկապարտեզ վազեց, ասացի՝ պա՛պ, երեխեքը դպրոցում են ու վազեցի…

Աղջկաս կոշիկը հենց դպրոցի դռան մոտ գտա, արդեն խելագարվում էի, դպրոցը փլվել էր, գիտեինք, որ աշակերտներ և ուսուցիչներ են մնացել փլատակների տակ՝ հետո իմացանք, որ 9 հոգի զոհվել էին:

Մեկ էլ տեսնեմ՝ քույր և եղբայր՝ իրար ձեռք բռնած, լացելով գալիս են՝ զավակներս ողջ էին:

Այս օրը ամուսինս Գյումրիում էր գտնվում: Սպասում էի նրան, բայց արդեն լավ չէի զգում: Երևի այդ ապրումներից, սահմանված ժամկետից շուտ սկսվեցին երկունքի ցավերը: Մտածում էինք, որ Գյումրիի ծննդատուն կգնանք:

Այդ ընթացքում ամուսինս վերադարձավ ու ասաց՝ Գյումրին չկա: Քանդվել էր նաև Գյումրիում գտվող մեր բնակարանը: Մինչ այդ չգիտեինք աղետի ծավալների մասին: Հետո նա գնաց հարևան Կամո գյուղից մանկաբարձ բերեց՝ ինձ օգնելու համար:

Մանկաբարձը անունը Հայաստան էր…

Տանը ծննդաբերել չէի կարող՝ կիսաքանդ վիճակում էր, հետո ամբողջովին փլուզվեց: Ի դեպ, դա Մինաս Ավետիսյանի հայրական տունն էր:

Մեր նորակառույց անասնագոմի մոտ անկողին փռեցինք, օջախ վառեցինք… Ծնվեց Կարենս:

Չեմ հիշում՝ ով այդ պահին ասաց՝ Հրանտ Մաթևոսյանն էլ է գոմում ծնվել, մտածեցի՝ուրեմն իմ տղան էլ տաղանդավոր կլինի:

Հիմա տղաս 30 տարեկան է, սակայն նրա ծննդյան օրը դեկտեմբերի 7-ին երբեք չենք նշել: Այդ օրը քրոջս տղան մահացավ: Բա կմոռանա՞մ…

Կարենս գրկիս՝ փլված դպրոցի շուրջ քրոջս տղային էինք փնտրում…

Հիշում եմ, որ ցուրտ էր, երեխայի շորերը 3 օր չկարողացա փոխել… Կրծքի կաթ չունեի, ստիպված տղայիս տվեցինք այն, ինչ կարողացել էինք հայթայթել՝ երեխան առողջական խնդիրներ ունեցավ, հիվանդանոց ընկանք…

Հիմա շատ լավ տղա է դարձել Կարենս, հարգանքով, շնորհքով: Լավ հարս ունեմ, լավ թոռնիկ…

Կարենս ամսի 24-ին տոմս է գնել՝ գալու է…

 

Հասմիկ Բադալյան

Քաղաքաշինության կոմիտե

Հ.Գ. Ավետիսյանների ընտանիքը Գյումրի քաղաքում ճանաչվել է՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու: 2016 թվականին ընտանիքին տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, որի միջոցով Ավետիսյանները ձեռք են բերել տուն Ջաջուռ համայնքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930