Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ 

Դեկտեմբեր 14,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասունութերորդ

ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ 

Ազգայնական մաթեմաթիկոս Բարսեղը, Աթոյան Լյովան եւ էլի որոշներ, մշտապես էդ  ամենօրյա իրիկնային հավաքներից բացակայելով՝ էն գլխից զտարյուն օրթախական եղել ու էսօրվա դրությամբ էլ զտարյուն օրթախական են եւ իրենց մշտական ու հիմնավոր տեղն ունեն էդ շրջապատում, եւ էս զտարյուն բացակայողների բացակայությունը գրեթե չի զգացվում, որովհետեւ իրենց բացակայությամբ իրենց ավելի շատ ու ավելի հաճախ ենք անդրադառնում, քան նույնիսկ՝ իրենց ներկայությամբ, եւ Բարսեղի չափ եւ նույնիսկ Բարսեղից ավելի ժամանակին ձեր խոնարհ ծառան էլ է էդ ամենօրյա իրիկնային հավաքներից բացակայել, եւ չնայած իմ բացակայությունն իր մեջ հարգելի պատճառներ գրեթե չէր պարունակում, այդուհանդերձ, վերադարձս օրթախականների կողմից մշտապես գրկաբաց է ընդունվել, ավելի ճիշտ՝ իրենք նույնիսկ ցույց էլ չեն տվել, որ տեւական ժամանակ իրենց անհայտ պատճառներով իրենց էդ ամենօրյա իրիկնային հավաքներից բացակայել եմ, եւ չնայած իմ ու մյուսների  բացակայություններին ամենից ավելի Հարությունյան Հայկունին է անդրադառնում, եւ չնայած մեր բացակայությունների համար ամենից ավելի հենց Հարությունյան Հայկունու դիտողությանն ենք արժանանում, բոլորից եւ նույնիսկ Բարսեղից ավելի հենց Հարությունյան Հայկունին է բացակայում, որովհետեւ եթե Հարությունյան Հայկունին որեւէ մեկից նեղանում է, դա միանգամայն լուրջ պատճառ է, որ ամիսներով էդ իրիկնային հավաքներից բացակայի, եւ յուրաքանչյուրիս տեւական  կամ կարճատեւ բացակայությունն էլ հիմնականում որեւէ մեկից նեղանալով է պայմանավորված, որովհետեւ, ինչպես ցանկացած միջավայրում, էստեղ էլ են ոչ բոլորն իրար սիրում, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ անհնարին է, որ բոլորն իրար սիրեն, եւ կարեւորն էն է, որ էստեղ բոլորով միասին են բոլորին միասին սիրում, եւ չնայած էս վերջին նախադասությունս բավական գեղեցիկ ստացվեց, իմաստի առումով էդ նախադասությունս էլ առանձնապես ճշգրիտ չի, որովհետեւ իրականում անհնարին է, որ բոլորով բոլորին սիրեն, բայց որ օրթախականները բոլորն իրար կարոտում են, էդ արդեն փաստ է, եւ չնայած ժամանակ առ ժամանակ նրանցից ոմանք իրարից նեղանում, իրար հետ խռովում ու իրիկնային ամենօրյա հանդիպման վայրից բացակայում են, դա նույնիսկ մասնակիցների քանակի վրա չի անդրադառնում, որովհետեւ հիմնավորապես ու վերջնականապես վերադարձողներն անհամեմատ շատ են, քան՝ հեռացողները, եւ էս ասածներս օրթախականներից բոլորին է վերաբերում՝ բացի անձամբ Օրթախից, որովհետեւ Օրթախը հասկանում է, որ եթե ինքը որեւէ մեկից նեղանա, խռովի ու տեւականորեն բացակայի, օրթախականները մեկից հօդս կցնդեն, ընդ որում՝ բոլորը միասին, Օրթախ Ալբերտն էլ ներառյալ, եւ Օրթախ Ալբերտն՝ առաջին հերթին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31