Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը կրքերը սառեցնելն է

Հունվար 16,2019 10:00

Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները: Օլիգարխների քանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձեւով են մտածում եւ, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ:

Իհարկե, նոր ԱԺ-ում կա ԲՀԿ-ն, որը, ինձ թվում է, քաղաքական համակարգի երեկվա օրն է: Այդ կուսակցության մեջ կան ինձ համար շատ համակրելի մարդիկ՝ սկսած Ծառուկյանից, բայց եկեք ընդունենք, որ ինքնին այն իրավիճակը, երբ մեծահարուստը «կուսակցություն է պահում» եւ ամեն ինչ միանձնյա որոշում է իր հետաքրքրություններից (այդ թվում՝ տնտեսական շահերից) ելնելով, պարզապես հնացել է: Վստահ եմ, որ ԲՀԿ նախագահը դա վաղ թե ուշ կընդունի:

Խնդիրների այն մասը, որը, իմ տպավորությամբ, հնարավոր է լուծել նաեւ պատգամավորների միջոցով, ընկնում է «Իմ քայլի» ուսերին: Այսօր քաղաքական մեծամասնության (եւ, իհարկե, բոլոր մտածող մարդկանց) հիմնական խնդիրներից մեկն է, կարծում եմ, իջեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրությունների եւ իրավական պատշաճ ընկալումների ուղղությամբ:

Այսօր վիճակը հետեւյալն է. երբ ասվում է, որ Քոչարյանը պետք է դատվի օրենքով, դրան պատասխանում են՝ ոչ, նրան պետք է կախել հրապարակում եւ ժողովրդին թույլ տալ, որ նրան խոշտանգի: Երբ կարծիք է հնչում, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վտանգ չի ներկայացնում հասարակության համար եւ կարող է մինչեւ քննության ավարտը ազատության մեջ լինել, մարդիկ բացականչում են՝ ոչ, թող բանտում մեռնի քաղցկեղից: Երբ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը (ի դեպ, ոչ օլիգարխ, ոչ պաշտոնյա) վթարի է ենթարկվում, քաղաքացիները հարցնում են՝ «ինչո՞ւ չի սատկել»: Երբ նշվում է, որ մեր գործընկեր Սամվել Մայրապետյանը պետք է վիրահատվի արտասահմանում, դրան ի պատասխան՝ խոսվում է նրա հարստության եւ հնարավորությունների մասին: Դա՛ է քաղաքացիների մեծամասնության տրամադրությունը: Եվ այդ դաժանությանը ես հանդիպում եմ ոչ միայն ֆեյսբուքում՝ եթե այդպես լիներ, կարելի էր ենթադրել, որ այդ զգայական ալիքը ուղղորդված է: Այդ կարծիքը հնչում է քաղաքականությամբ չզբաղվող, պարկեշտ եւ անգամ բարի մարդկանց շուրթերից: Հետեւաբար քաղաքացիներն իսկապես «վառված են» նախորդ իշխանություններից եւ դրա համար ունեն բավարար հիմքեր:

Թվում է, որ նման իրավիճակը ձեռնտու է ներկայիս իշխանությանը՝ «մենք լավն ենք այն պատճառով, որ մեզանից առաջ եղածները վատն էին»: Բայց այդպես է թվում միայն առաջին հայացքից: Եթե մերժելու, ատելու, ծաղրելու, «բարոյապես ոչնչացնելու» էներգիան չվերափոխվի արարելու, վերափոխելու եւ վերափոխվելու էներգիայի, ապա իշխանության անկեղծ ջանքերը՝ մեր երկիրը ավելի զարգացած եւ հարուստ դարձնելու, չեն տա ցանկալի արդյունքները: Հասարակական աջակցությունը ոչ միայն ներկաներին գովելու եւ նախկիններին փնովելու մեջ է, այլեւ հեղափոխության գաղափարներին համահունչ գործելու, աշխատելու մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ մարդ բացասական զգացմունքներ ունենալու ժամանակ ու հնարավորություն ունի, ուրեմն անգյալի մեկն է, իշխանությունը ժողովրդին քիթ սրբելու ժամանակ չպետք է տա՝ մեծից փոքր մեր պարտաճանաչ ու ժրաջան աշխատանքով պատրաստվում ենք աշխարհի հերթական վերափոխումներին, նույնիսկ թշնամին իր գործողություններով կնպաստի մեր հաղթանակին, երբ մենք աստվածահաճո ենք գործում: Մենք քաղաքակիրթ ազգ ենք, որովհետեւ ցանկացածին հնարավորություն տուր իրագործել անազատների հանդեպ իր արտահայտած թունոտ խոսքը, նա պարզապես դա չի կարող անել, որովհետեւ անկախ իր ցանկությունից քաղաքակիրթ է:

  2. Ruben says:

    Որո՞նք են հեղափոխության գաղափարները ու ի՞նչ հեղափոխական գաղափարախոսության մասին է խոսքը: Որտե՞ղ կարելի է կարդալ:

  3. Հ.Շ. says:

    «ատելության մակարդակի իջեցնելու» չի նպաստէր այն մօտեցումը ըստ որուն, հիմնականօրէն, նախկին վարչակարգը բացառապէս խլխլած դինոզավրերի ոհմակ մըն էր, մինչ նորը ինչ սիրո՜ւն, շնորհալի ջահելների բացառիկ փաղանգ մըն է

    անշուշտ միշտ ապահով եւ հաճելի կեցուածք մըն է երիտասարդներին փառաբանելը, բայց խնդրոյ առարկայ, հապճեպ կերպով պետական բարձրագոյն մակարդակին տեղաւորուած ջահելների հսկայական զանգուածը շատ աւելի կարիքը ունի հասուն մարդոց քննադատութեան, քան թէ իրենք զիրենք յաւերժապէս ջահել համարող յիսուն-վաթսուն տարեկանների հիացմունքին

    նաեւ` մերսի այս գնահատականին, նախկին վարչակարգի նոր սերունդի անդամներին կողմէ, որոնց առիթը չտրուեցաւ ծառայելու, մինչդեռ անոնք թէ երիտասարդ էին եւ թէ ատակ, հմուտ, արդէն փորձառու

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. իսկ եթէ մտահոգութիւնը այն է թէ, քննադատութիւնների պատճառով, խնդրոյ առարկայ ջահելների «թափը կը տրուի», տո՛ւխը կը փճանայ, այդ ել աւելորդ մտահոգութիւն է, նկատի ունենալով որ անոնց շփացածութեան, ինքնահաւանութեան եւ ինքնասիրահարութեան աստիճանը այնքան բարձր է, որ ի դիմաց ամենաուժեղ եւ անողոք քննադատութիւններուն անգամ, ծայրագոյն պարագային, հազիւ նորմալ ինքնավստահութեան մակարդակի կը հասնին այդ բնաւորութեան թերութիւնները.

      ընդհանրապէս աշխարհում, եւ ի մասնաւորի Հայաստանի մէջ, ներկայ ժամանակներուն, երեխաները շատ աւելի կարիքը ունին իրենց ծնողական տարրական պատասխանատւութիւնը ստանձնող, նուազագոյն չափով խիստ ծնողների, քան թէ իրենց առջեւ խոնարհող, ինքնզինք իրենց «ընկերը» – ի զուր – ձեւացնող, իրենց հետ buddy-buddy խաղացող, էական պարտականութիւններէ փախուստ տուած տարեցներու

  4. Seyran says:

    ՀՀՇ ական խորհրդարանը ավելի բարձր մակարդակի էր…..դոկտորներ,պրոֆեսորներ,գիտության թեկնածուներ,սակայն նրանք էլ տնտեսություն ղեկավարելու ոչ փորձ ունեին ոչ էլ երևի ….ցանկություն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031