Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ արտաքին քաղաքականութիւնում. դեսպանների աշխատանքը

Հունվար 16,2019 23:33

Տարիներ առաջ ամերիկացի գործընկերներիցս մէկը եկել էր Գերմանիա եւ նա զեկոյց պիտի կարդար արհեստական ֆոտոսինթեզի մասին: Ելոյթից յետոյ ներկաների արձագանքը, հարցերը, կարծիքները կատարուած աշխատանքի վերաբերեալ քիչ էին: Գործընկերս դրանից յետոյ շատ էր ընկճուել, որովհետեւ այսպէս կոչուած feedback-ները (արձագանքները, կարծիքները) շատ չէին:

Մեր՝ արեւմտեան գիտնականների եւ առհասարակ մարդկանց համար այդ feedback կոչուածները չափազանց կարեւոր են: Մենք համարում ենք, որ մեր մասին կամ մեր արած գործի մասին հնչող կարծիքը, առողջ քննադատութիւնը նախ եւ առաջ մեզ է օգտակար: Դա օգնում է տուեալ մարդուն տեղում չդոփել, այլ կատարելագործուել եւ վճռականօրէն առաջ շարժուել: Եւ որպէսզի ցանկացած համակարգ արդիւնաւէտ գործի, չափազանց կարեւոր է, որ այս յետադարձ կապի համատեքստում լինի նաեւ կանոնաւոր վերահսկողութիւն համակարգի տարբեր օղակների նկատմամբ:

Յեղափոխութիւնից յետոյ պետական կառավարման եւ հանրային կեանքի բազում ոլորտներ վերափոխուեցին: Ցաւօք, Արտաքին գործերի նախարարութիւնը մեծաւ մասամբ մնացել է «հին Հայաստանում»: Այս կարեւոր նախարարութիւնը տասնամեակներ շարունակ «լայն ինքնավարութիւն» է վայելել կառավարութեան կազմում, եւ դա չպէտք է այդպէս լինի: Խօսքս մասնաւորապէս վերաբերում է ՀՀ դեսպաններին: Դեսպանների նկատմամբ իշխանութիւնների եւ ԱԳՆ-ի պահանջկոտութիւնը պէտք է էապէս աւելանայ եւ նրանք պէտք է հաշուետուութիւն ներկայացնեն իրենց արած-չարածի վերաբերեալ: Աւելին, խորհրդարանական կառավարմամբ պետութիւնում դեսպանների նշանակման հարցում լուրջ դերակատարում պէտք է ունենայ նաեւ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, որի մասին այսօր խօսել էր պատգամաւորներից մէկը: Դեսպանների նշանակուելուց առաջ այս յանձնաժողովում պէտք է լսումներ կազմակերպուեն եւ պատգամաւորները պէտք է մանրակրկիտ հարցուփորձ անեն դեսպանի թեկնածուներին (ինչպէս, օրինակ, ԱՄՆ-ում է): Աւելին, դեսպանի թեկնածուները պէտք է յստակ եւ իրատեսական ծրագիր ներկայացնեն, թէ ինչ են պատրաստւում անել դեսպան նշանակուելու դէպքում:

Ամիսներ առաջ գրել էի, որ դեսպանների աշխատաոճը պէտք է էապէս փոխուի: Տարիներ շարունակ հանրային ընկալումն այն է եղել, որ մեր դեսպանները քաղաքական նկատառումներով նշանակուած սիրողական պաշտօնեաներ են, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելութեանը: Աւելին, բոլորի աչքից հեռու ցոփ ու շուայտ կեանք են վարում, դեռ մի բան էլ կարող է սեփական գործը ունենան (ես, իհարկէ, ներողութիւն եմ խնդրում ազնիւ, պարկեշտ եւ արհեստավարժ դեսպաններից. խօսքս նրանց մասին չէ):

Այս Հայաստանում նման դեսպանները տեղ չունեն: Նոր Հայաստանի դեսպանները պէտք է գիտակցեն իրենց առաքելութեան կարեւորութիւնը եւ զբաղուեն միմիայն դեսպանական գործերով: Աւելին, բոլոր դեսպանները պէտք է հանրային հաշուետուութիւն ներկայացնեն իրենց գործունէութեան վերաբերեալ: Քաղաքական/աշխարհաքաղաքական, դիւանագիտական հարցերից բացի դեսպանները պէտք է լուրջ առաջընթաց ապահովեն երկկողմ գործարար կապերը զարգացնելու ուղղութեամբ: Դեսպանները պէտք է խթանեն ներդրումները, զբօսաշրջութիւնը, գիտակակրթական, բարձր տեխնոլոգիական, նորարարական, առողջապահական, գիւղատնտեսական կապերը եւ ինչպէս արդէն նշեցի, պէտք է հաշուետուութիւն ներկայացնեն, որպէսզի յստակ պատկերացում կազմենք՝ ով է աշխատում եւ ով է արձակուրդային տրամադրութեան մէջ:

Յեղափոխութիւնից 9 ամիս անց մենք չենք տեսնում նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն: Անհրաժեշտ էր ընդլայնել երկրների հետ յարաբերութիւնների աշխարհագրութիւնը՝ նոր երկրներ, նոր կապեր: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր դիւանագիտական առաքելութիւնների աշխարհագրական բաշխումը առնուազն տարօրինակ է: Ֆրանսախօսների փայլուն համաժողովից յետոյ, զարմանալիօրէն նկատում ենք, որ Հայաստանը դեսպանատուն չունի աֆրիկեան եւ ոչ մի երկրում (արաբախօս Եգիպտոսը չհաշուած): Սա ծիծաղելի է: Դեսպանատներ չունենք Աւստրալիայի, Հարաւային Կորեայի եւ Իսրայէլի նման կարեւոր երկրներում: Ժամանակին, երբ Իսրայէլի Քնեսեթում քննարկւում էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը, որոշ հայ «փորձագէտներ» նշում էին, թէ ճանաչման գործում աւելի մեծ դերակատարութիւն պիտի ունենայ տեղի հայ համայնքը: Անշուշտ, հայ համայնքները կարող են փոքր-ինչ օգտակար լինել, բայց շատ աւելի արդիւնաւէտ կը լինէր, եթէ Իսրայէլում գտնուող դեսպան ունենայինք (Ի դէպ, նախարար Մնացականեանը իսրայէլական «Մաարիւին» տուած հարցազրոյցում նշել է, թէ շուտով մեկնելու է Իսրայէլ այդ եւ այլ հարցեր քննարկելու: Յուսանք, որ շուտով լաւ լուրեր կը լսենք): Այսօր էլ ԱԺ յանձնաժողովներից մէկում նախագահի պաշտօնի թեկնածուն ասում է, թէ սփիւռքը կարող է օգնել մեզ եւրոպական ինտեգրման հարցում: Հարց է առաջանում, իսկ տասնեակից աւելի դեսպանները, որ եւրոպական երկրներում են, ինչի՞ համար են այնտեղ գործուղուել: Մի՞թէ սա է մեր արտաքին քաղաքականութեան գրագիտութեան մակարդակը: Ամփոփելով գրածս՝ մէկ անգամ եւս նշեմ, որ դեսպանատները էլ աւելի եռանդուն պիտի աշխատեն: Նոր դեսպանատներ բացելու եւ մի շարք դեսպանատներ (որոնց կարիքը այդքան էլ չունենք) փակելու կարիք կայ: Մենք կարիք ունենք դեսպանների, որոնք 21-րդ դարին համահունչ են մտածում: Մենք կարիք ունենք դեսպանների, որոնք տքնաջան աշխատում են եւ կենտրոնացած են միմիայն իրենց գործի վրայ: Մեր դեսպանները պէտք է նշանակուեն ԱԳՆ-ի առաջարկով, բայց եւ ԱԺ-ում մանրակրկիտ լսումներ/հարցուփորձ անցնելուց յետոյ: Մեր դեսպանները պէտք է հաշուետուութիւն ներկայացնեն իրենց գործունէութեան այն հատուածի վերաբերեալ, որը կարելի է հանրայնացնել: Իշխանութիւնը, փորձագիտական շրջանակները, մասնագէտները պէտք է կարծիք յայտնեն դեսպանների կատարած աշխատանքի վերաբերեալ եւ ըստ այդմ իշխանութիւնը որոշի դեսպանի աշխատանքի շարունակման նպատակայարմարութիւնը:

դր. Արթուր Լազարեան

Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ես կը կարծեմ որ պէտք ենք մասնաւոր ՈՍԿԵՄԱՏԵԱՆ մը ունենալ և արձանագրել այն ամէն ինչ որ մեր
    ՛՛ սփիւռքեան փորձառութեամբ ՛՛ ունեցած ենք և ունինք -քանի ի տարբերութիւն մեր Հայաստանի հայրենակիցներուն որ ի վերուստ կը նշանակուին /առանց որևէ փորձառութեան/ և յաճախ ենթակայ են փոփոխութիւններու անակնկալօրէն ,մենք մեր ճակատի քրտինքով և կեանքի մը պայքարով ստացած ենք մեր փորձառութիւնները և տիտղոսները ;
    Ով ՞՞ գիտէ քանի հասուն և լուրջ անձեր կային նախորդ կառավարութեան մէջ գործող որոնք մէկ կտոր ՛՛ աղբանոց՛՛ նետուեցան ,քանի ՛՛ մերոնցից ՛՛ չեն ? այս ընթացքով երբեք չի յառաջդիմեր Երկիրը ;

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031