Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Ավետիք Իշխանյան

Փետրվար 20,2019 22:22

Իրավապաշտպան, նախկին «Ղարաբաղ 2» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը համամիտ չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988-ից եւ 1994-ից համարվում է սառեցված հակամարտություն: Իր համոզմամբ, Արցախի հարցը սառեցված հակամարտություն է եղել դեռ 1921 թվականից: «Ովքեր որ հիշում են խորհրդային տարիները, 1921 թվականի այդ որոշումը բոլորի ցավն է եղել եւ քննարկման առարկան`փակ, խոհանոցային, երբեմն նույնիսկ բաց: Հայ մտավորականությունը, նույնիսկ Հայաստանի կոմունիստական ղեկավարությունը, երբ թվում էր, թե հարմար առիթ կա, Խրուշչովի իշխանության տարիներին, երբ թվում էր, թե ինչ-որ ազատություններ կան, նամակներ էին գրում Կրեմլ եւ մեծ հույսերով սպասում էին հարցի լուծմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը`հավելելով, որ 1988-ի պոռթկումը պատահական չէր, դա 1921 թվականի սառած հակամարտության պոռթկումն էր`այդժամ էլ գորբաչովյան ազատությունների հետ կապված. մեկնարկն այսպիսին էր`այդժամյա ավելի ազատամիտ խորհրդային իշխանությունները կուղղեն 1921 թվականին Ստալինի թույլ տված սխալը:

Հիշեցնենք, երեկ`փետրվարի 19-ին, լրացավ Արցախի ազատագրական պայքարի սկզբի 31 տարին: 1988-ի այդ օրը ԼՂԻՄ մարզային խորհուրդն իր ընդլայնված նիստում որոշում կայացրեց Ադրբեջանի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին:

«Դա իսկապես համաժողովրդական շարժում էր եւ մեծ հույսերով: Մենք` անարդարության դեմ դուրս եկանք ամբողջ խորհրդային միության դեմ: 1988-ի «Правда»-ի հոդվածն եմ հիշում ծայրահեղականների մասին…այդպիսի դեպք երեւի մեկ էլ եղել է 1921-ի փետրվարյան ապստամբությունը: Դա միայն հրապարակում հավաքված ժողովուրդը չէր: Բոլորը մեծ հույսերով սպասում էին եւ մեծ ցանկություն կար`արդարության հասնելու: Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, մենք, փաստորեն մենակ էինք:

Խորհրդային միությունն Ադրբեջանի կողմն էր, դեռ խորհրդային տարիներից, հետագայում էլ Ռուսաստանը մասամբ չեզոքություն էր պահում, ամեն դեպքում, ներուժի տեսակետից`մարդկային, ֆինանսական, զինատեսակների եւ այլն, Հայաստանի ներուժը Ադրբեջանի ներուժի հետ համեմատելի չէր: Բաց մենք հաղթանակ գրանցեցինք, որովհետեւ կար պատմական անարդարության ուժեղ զգացողություն եւ իսկապես զարմանալի միասնություն`անկախ թե ով ինչ քաղաքական հայացքներ ուներ»,- Aravot.am-ի հետ զրույցում երեք տասնամյակ առաջ տեղի ունեցածը գնահատում է Ավետիք Իշխանյանը:

1994-ի հրադադարի ստորագրումից հետո ընկած ժամանակաշրջանը, մեր զրուցակիցը համարում է կորսված հնարավորությունների տարիներ: Նրա կարծիքով, եթե հետագայում էլ նպատակը մնար նույնը`վերականգնել արդարությունը, Հայաստանում պետք է ընդհանրապես կոռուպցիա չլիներ. «Թող ինձ ոչ ոք չասի` կոռուպցիա ամեն տեղ էլ կա: Ես բացարձակ արժեքների մասին եմ խոսում: Արցախի հիմնահարց եւ դրա արդար լուծման նպատակ ունեցող երկրում ոչ միայն չպետք է կոռուպցիա եւ դրա հետեւանքներ չլինեին, այլ շքեղ առանձնատներ չպետք է լինեին`անկախ այդ գումարների օրինական-անօրինական լինելու հարցից: Դա ապրելակերպ պետք է լիներ: Ազատագրված տարածքները այսօր պետք է ամբողջովին բնակեցված լինեին եւ Հայաստանից ու Արցախից ոչ թե արտագաղթ պետք է լիներ, այլ ներգաղթ: Դա պետք է քաղաքական ծրագիր լիներ ու պարտադիր չէ, որ դա օրենքով լիներ. կարող էր չգրված օրենք լիներ մարդկանց ուղեղում: Դա պետք է լիներ բարոյական, հոգեբանական պահ: Որեւէ պաշտոնյա չպետք է պաշտոն ստանձներ, եթե բանակում չէր ծառայել: Պաշտոնյաների որդիները բանակում պետք է ծառայեին: Պաշտոնյայի որդին չպետք է հպարտանար, որ հայրն իրեն «շուստրիությամբ» ազատել է բանակից, այլ պետք է վատ զգար: Սա պետք է լիներ պատերազմող եւ նպատակ ունեցող երկրի հոգեբանական վիճակը:

Փաստորեն, ինչ-որ պահի սկսած, (անուններ չի հնչեցնում, որպեսզի տպավորություն չլինի որեւէ մեկի դեմ է խոսում-Ն. Գ.), Հայաստանի տարբեր ղեկավարների, շատ գործիչների եւ քաղաքական շարժումների համար, Ղարաբաղի հարցը ոչ թե եղավ խթան`Հայաստանը զարգացելու, այլ եղավ բեռ եւ մտածում էին, թե այդ բեռից ինչպես ազատվել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ սրանք են պատճառները, որ այս տարիների ընթացքում, Արցախի հարցի կարգավորման հետ կապված, հանրության շատ շրջանակներում, այդ թվում նաեւ իր մեջ, վստահություն չկա ցանկացած իշխանությունների գործողությունների նկատմամբ: «Բեռի հասկացողությունը որ դրվեց, դա նաեւ հոգեբանական նշանակություն ունեցավ`1990-ականներից բանակցությունների արդյունքում տարբեր տիպի փաստաթղթերի ձեւակերպման համար, որոնց անուններն են փուլային, փաթեթային, մադրիդյան, նորացված մադրիդյան…Նույնիսկ, եթե ինչ-որ հրաշքով նորից վերականգնվեր 1988 թվականը, ապա շատ դժվար կլիներ արդեն նախորդների դրած հիմքերը, մանավանդ ղարաբաղյան շարժման մասնակիցների, որոնք եկան իշխանության, փոխել եւ նոր հիմքեր դնել»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Հարցի կարգավորման հիմքերի փոփոխությունը մեր զրուցակիցը սկզբունքորեն հնարավոր է համարում, բայց ընդգծում է`դրա համար պետք է ունենալ նախ ուժեղ կամք, ապա հստակ իմանալ, թե որոնք են լինելու հետագա քայլերը: Այս երկու հատկանիշների բացակայությունն է, ըստ նրա, որ մեզ հաճախ մղում է «աշխարհից նեղանալուն», երբ տարբեր միջազգային հարթակներում ընդունվում են Արցախի հարցով բանաձեւեր, որոնք մեզ համար այնքան էլ հաճելի չեն. «Կներեք, բայց պարզունակ մտածողություն ունեցող հասարակությունը սկսում է հայհոյել տարբեր գերտերությունների, երկրների, որ Հայաստանից վախենում են եւ այլն: Բայց մի շատ պարզ բան կա, որը մեր հանրությունը երբեք հաշվի չի առում`ամեն պետություն շարժվում է իր պետական եւ ազգային շահերով: Նույնիսկ, եթե տվյալ պետության ներկայացուցիչները մեր նկատմամբ որոշակի համակրանք ունեն, մեծամասամբ կանգնում են ավելի կոշտ դիրքորոշում ունեցողի կողքին. նրան համոզելը բավական բարդ է: Եթե դու ի սկզբանե պատրաստ ես ինչ-որ զիջումների եւ քեզ թույլ ես ցույց տալիս, բնականաբար, նրանք գործում են հօգուտ հակառակ կողմի: Այստեղ աշխարհից նեղանալու խնդիր չկա»:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ`Արցախի հարցը հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի, ընդհանրապես ապագայի հարցն է եւ եթե մեր հանրությունը համակերպվի, որ Արցախը ինչ-որ ձեւով պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա ինքը համոզված է, որ կարճ ժամանակ հետո մենք կդառնանք ասորիների նման ժողովուրդ`աշխարհով մեկ ցրված եւ պետականություն չունեցող:

Հարցին`ինչո՞ւ վստահություն չկա «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած գործիչների վարած քաղաքականության նկատմամբ, մանավանդ, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հստակ հայտարարեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր դիրքորոշման մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելը 1990-ականների վերջերից պարբերաբար լսել ենք`տարբեր ընդդիմադիր գործիչների եւ ուժերի կողմից: Կարծես թե դա այն բանալին է, որով Արցախի հարցը լուծվելու է դրական: Որպես տակտիկական հարց, ես դեմ չեմ պնդել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, բայց, ես շատ կցանկանամ, որ Հայաստանի ցանկացած ղեկավար հստակ հայտարարություն անի`ցանկացած բանակցություններում բացառում ենք փաստաթղթի ստորագրում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա պետք է ասվի, որ վստահենք այդ բանակցություններին, մնացածը տակտիկական հարցեր են»:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ այժմ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ նախաբանակցություններ են: Իսկ ԱԳ նախարարներ Մամեդյարովի եւ Մնացականյանի հանդիպումները, պաշտոնական բանակցություններ են: Ավելին, նրա գնահատմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները բավական հստակ են եւ արտացոլում են այս տարիների ընթացքում Ադրբեջանի կեցվածքը` Արցախին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու մասով, իսկ Զոհրաբ Մնացականյանի խոսքերը «ոչինչ չեն ասում», քանզի «խաղաղություն, կարգավիճակ» արտահայտությունները միանգամայն Մամեդյարովի հայտարարությունների համատեքստում են`«խաղաղություն, կարգավիճակ` Ադրբեջանի կազմում»:

Ավետիք Իշխանյանը հստակություն է ուզում. «Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մնացածը`ըստ բանակցությունների արդյունքների, ես ինձ բավական վստահ կզգամ: Եթե այսօր դրվի խնդիր, որ Արցախի հարցը մեր ապագայի հարցն է, այլ ոչ թե բեռ, որից պետք է ազատվել, ես ինձ վստահ կզգամ»: Նա մեջբերում է Ակսել Բակունցի հիշողությունները` 1915-ի մասին, որտեղ վերջում տողեր կան «…եւ այդ ամեն ինչը իզուր, իզուր, իզուր»: Ավետիք Իշխանյանը հուսով է, որ մի օր չենք ասի, որ 1988-ի շարժումը իզուր էր, որով, ի դեպ, բոլորն են հպարտանում, այդ թվում նաեւ ցանկացած զիջումների պատրաստ գործիչները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Delea says:

    Ավետիք Իշխանյանը հստակություն է ուզում. «Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»
    Հարգելի Ավետիք Իշխանյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով ժողովրդի ընտրված վարչապետ նա չի կարող առանց ժողովրդի կարծիք հարցնելու, ինքնագլուխ որոշի մեր ազգի «լինել թե չլինել» հարցը:Այս Ձեր հարցին պատասխանում եմ Նիկոլի անունից,որ Արցախն Հայաստանի մի մարզ է եվ չկա ուրիշ տարբերակ իսկ եթե նա որոշել է գաղտնի որոշումներ ընդունել ապա դա կլինի նրա վերջաբանն:
    Ժողովուրդն է որոշում թե ինչպես ապրենք իսկ պատմական սխալն պետք է լուծենք զենքով եվ ազատագրենք մեր պապենական հողերը:

    Թուրքիան եթե հզոր է թվում մեր հողերի հաշվին, ապա նա խոցելի է ու տկար:Եթե իմ ազգի մեծահարուստներն միանան իրար եվ ինձ ու իմ զորքին զինեն Թուրքիայի բանակի զենքերի 50 տոկոսի չափով ապա մենք կազատագրենք ամբողջ ՄԵԾ ՀԱՅՔԸ:
    Ուր են մեր մեծահարուստնեը, միթե Ձեր փողերը ավելի կարեվոր են քան մեր հայկական հողերը:

    Մարտակերտի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    ԱՂԱՍԻ

  2. Delea says:

    Ավետիք Իշխանյանը հստակություն է ուզում. «Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»
    Հարգելի Ավետիք Իշխանյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով ժողովրդի ընտրված վարչապետ նա չի կարող առանց ժողովրդի կարծիք հարցնելու, ինքնագլուխ որոշի մեր ազգի «լինել թե չլինել» հարցը:Այս Ձեր հարցին պատասխանում եմ Նիկոլի անունից,որ Արցախն Հայաստանի մի մարզ է եվ չկա ուրիշ տարբերակ իսկ եթե նա որոշել է գաղտնի որոշումներ ընդունել ապա դա կլինի նրա վերջաբանն:Ժողովուրդն է որոշում թե ինչպես ապրենք իսկ պատմական սխալն պետք է լուծենք զենքով եվ ազատագրենք մեր պապենական հողերը:

    Թուրքիան եթե հզոր է թվում մեր հողերի հաշվին, ապա նա խոցելի է ու տկար:Եթե իմ ազգի մեծահարուստներն միանան իրար եվ ինձ ու իմ զորքին զինեն Թուրքիայի բանակի զենքերի 50 տոկոսի չափով ապա մենք միասին կազատագրենք ամբողջ ՄԵԾ ՀԱՅՔԸ:
    Ուր են մեր մեծահարուստնեը, միթե Ձեր փողերը ավելի կարեվոր են քան մեր հայկական հողերը:

    Մարտակերտի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    ԱՂԱՍԻ

  3. Babken says:

    Արցախը թող հայտարարի: ՀՀ-ն ինչու պետք է խառնվի Արցախի ներքին գործերին

    • Delea says:

      Արցախի Հանրապետություն դա Լեվոնի կատակն է եղել իսկ Արցախցին լուրջ ընդունեց ու մինչեվ հիմա տեղից չի շարժվում:Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված:
      Արցախի կարգավիճակն միայն մի տարբերակ կա:Արցախի ինքնավար մարզ ՀՀ կազմում:
      Աշխարհում չկա երկու միանման ազգերի երկու պետություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728