Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումը տապալվեց, Փաշինյանը զայրացավ. «Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չեն հարգում»

Մարտ 23,2019 14:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է մասնակցեր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը, սակայն նրան զայրացրեց շինհրապարակում աղբի առկայությունը: «Կմաքրեք, նոր միջոցառում կանենք: Ես նման պայմաններում չեմ անելու»,-կարգադրեց նա Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարին եւ հեռացավ հիմնարկեքի վայրից: «Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չեն հարգում»,-լրագրողների հետ զրույցում իր զայրույթն այսպես բացատրեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա նա լրագրողներին կարգադրեց մի կողմ գնալ, վերցրեց ավելը, հագավ սանիտարական ձեռնոցներն ու սկսեց մաքրել շինհրապարակի աղբը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Աղբի մեջ՝ հանդիսավոր արարողությո՞ւն…Երբ կապացուցեն, որ Սոս Սարգսյանի հիշատակը հարգել գիտեն, այդ ժամանակ կմասնակցեմ միջոցառմանը»,-շարունակեց դժգոհել Նիկոլ Փաշինյանն ու աղբը հավաքել:

«Ամենուրեք աղբ է, եւ նման պայմաններում որեւէ միջոցառում չեն անում: Դա կլինի անհարգալից վերաբերմունք Սոս Սարգսյանի հիշատակի հանդեպ: Պետք է գնայի Կոտայք՝ շաբաթօրյակի մասնակցելու, բայց մտածեցի, որ ինքս էլ կարող եմ մաքրություն անել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր հայտարարված է համապետական մաքրության օր:

Ի դեպ, երբ վարչապետը հավաքում էր ծխախոտի մնացորդները, ուղիղ եթերում կատակով դիմեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա երեւի նայում-ասում է՝ այ տենց, բա որ ասում էի, դե հավաքի…»: Ինչ վերաբերում է նախարարի՝ ծխախոտի գինը թանկացնելու առաջարկին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը կողմ է ոչ թե շեշտակի, այլ աստիճանական թանկացմանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031