Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակիցներն ու մի քանի պատգամավոր մաքրեցին օղակաձեւ այգու մի մասը (ֆոտոշարք)

Մարտ 23,2019 15:02

Ազգային ժողովի աշխատակիցներն ու մի խումբ պատգամավորներ օղակաձեւ այգու մի հատվածում՝  Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում այսօր առավոտից մաքրություն արեցին, ծառեր տնկեցին. այսօր համապետական շաբաթօրյակ է: Այսուհետ այգին ԱԺ-ի խնամքի տակ է լինելու:

Այս այգում շաբաթօրյակին մասնակցում էին ավելի շատ ԱԺ աշխատակիցները, պատգամավորներ քիչ կային: Առավոտյան ժամը 9.00-ից մեկնարկել էր մաքրությունը, եւ հենց սկզբից մի քանի պատգամավորներ էին մասնակցում «Իմ քայլից» եւ ԲՀԿ-ից: Այգին գրեթե մաքրված էր, եւ որոշ պատգամավորներ միացան, մասնակցեցին թեթեւ գործերին:

Մանրամասն՝ տեսանյութում

Ավելի ուշ, ժամը 11.00-ին մոտ միացավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ անընդհատ քարոզչական մեթոդներով մարդկանց պետք է սովորեցնել շրջապատը մաքուր պահել, աղբը չնետել փողոցներում: ԱԺ նախագահի կարծիքով անհրաժետություն չկա իրավական կարգավորումով հանրությանը ստիպել աղբ չնետել, ամեն ինչ չէ, որ պատժի միջոցով պետք է արվի, կարելի է խրախուսական միջոցներ կիրառել: Միրզոյանն էլ խոստովանեց՝ ուշացել է շաբաթօրյակի հիմնական աշխատանքներից, մի քիչ գործ է մնացել: Այդ այգում աղբամանների բացակայության մասին էլ Միրզոյանն ասաց՝ քաղաքացին եթե ցանկություն ունենա, աղբարկղի բացակայության պատճառով գետնին չի նետի աղբը, բայց քաղաքային իշխանությունները պետք է ավելի շատ աղբարկղեր տեղադրեն:

Միրզոյանը քաղաքական հարցերին հրաժարվեց պատասխանել: Իսկ ոչ բոլոր պատգամավորների՝ այս շաբաթօրյակին չմասնակցելու առնչությամբ էլ Միրզոյանն ասաց, որ սա պարտադրանքով չէ, ով ցանկացել է՝ եկել է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն Aravot.am-ի հարցին՝ արդյոք երեւանցիները մաքրասեր են՝ հաշվի առնելով փողոցում թափված եւ կուտակված աղբը, պատասխանեց՝ «Դա ցույց է տալիս, որ մենք մի քիչ քիչ ենք սիրում մեր քաղաքը, հետեւաբար կեղտոտում ենք»: Հարցին՝ շաբաթօրյակները հիշեցնում են խորհրդային տարիները, երբ այսպես ասած՝ բանվոր դասակարգը դուրս էր գալիս մաքրության, պատգամավորը պատասխանեց.«Սովետական միությունում շատ-շատ գեղեցիկ բաներ են արվել, մենք չպետք է դրանից հրաժարվենք: Որը լավն է, ճիշտ է՝ պետք  է վերցնենք ու շարունակենք: Եւ բուն էությունը միայն քաղաքը մաքրելը չէ, այլ այն, որ միասնական հեշտ է լինում շատ հարցեր լուծել: Բայց, ես կխնդրեի մեր համաքաղաքացիներին մաքուր պահենք մեր քաղաքը, եւ այսպիսի համախմբությունը…այ օրինակ մենք արդեն ունենք Քաղաքացու օր տոնը, այդ օրերին հավաքվենք, քեֆ անենք, ոչ թե հավաքվենք քաղաքը մաքրենք»:

Աղազարյանը նշեց՝ մենք մաքրասեր ազգ ենք, բայց դարերից եկած դրսեւորումների, հանգամանքների պատճառով՝ մեր բակից ներս մերն է, դուրսն արդեն մերը չի: Ցավոք, այդ մտայնությունը դեռ մինչեւ հիմա կա: Միջավայրը մաքուր պահելու գաղափարն, պատգամավորի խոսքերով ասած՝ արմատավորելու համար պետք է կոշտ վարչարարական միջոցներով անել, ասենք՝ տուգանքներով. «Եթե սիգարետը գցեցիր գետնին, պետք է շատ լուրջ տուգանք վճարեք, այ դրանից հետո էլ չեք անի»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանն էլ նկատեց՝ կան մարդիկ, որոնք դժգոհում են՝ ինչու պետք է դուրս գանք մաքրենք, եթե կան բակերը մաքրողներ. «Ես դա հասկանում եմ, բայց եթե մենք վերաբերմունք ունենք մեր միջավայրի հանդեպ, ինքներս ուզում ենք, տեսնում ենք բան չի կարող  փոխվել, տարբեր ճանապարհներով կարելի է այդ հարցը բարձրացնել՝ պատասխանատվության կանչել մարդկանց, ովքեր չեն մաքրում, կամ ինքներս մաքրենք: Դա ընդամենը մշակույթի ձեւավորման խնդիր է: Շաբաթօրյակը լայն իմաստով ոչ միայն մաքրելու պրոցես է, այլ նաւե ցույց տալու՝ տեսեք տարածքն ինչքան լավն է, որ մաքուր է»:

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031