Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորատորները համաձայն չեն ծխելն արգելող օրինագծի բազում կետերի հետ. նախարարությունը 2 ամիս է` չի արձագանքում

Մարտ 23,2019 18:31

Այսօր «Էրեբունի պլազայում» Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողովն էր, որին մասնակցում էին ռեստորանային բիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ զրույցում «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն անդրադառնալով մարզերում այս բիզնեսի զարգացմանը եւ վատ ենթակառուցվածքների խնդրին՝ ասաց՝ ռեստորանատերերը պետք է ճիշտ «կոնցեպտներ» մշակեն, իսկ պետությունն էլ ապահովի ենթակառուցվածքներով:

Երեմյանը վստահ է՝ եթե մասնավորը լավ բիզնես հիմնի՝ պետական կառույցներն էլ իրենց գործը կանեն: Մեր դիտարկմանը՝ եթե մարզերում ճանապարհներ չկան, բացակայում են ենթակառուցվածքները, մասնավորն ինչպե՞ս բիզնես հիմնի, Երեմյանը պատասխանեց. «Մենք արել ենք, ունենք նման փորձ, եւ ստացվում է դա: Պետք է մենք մեր մասով անենք, պետական կառույցներն՝ իրենց մասով:»

Aravot.am-ի այն հարցին՝ կարծիք է հնչել, որ այս բիզնեսի եւ պետության միջեւ կապը կտրվել էր, կառավարությունը մտադիր է այս ոլորտում հարկային շեմը փոփոխել, ինչի դեմ բողոքում էին ռեստորատորները, Երեմյանը պատասխանեց՝ կապը մի պահ կտրվել էր, հիմա այն վերականգնվել է, կառավարության հետ էլ լեզու են գտել, ընդունվել է ռեստորատորների առաջարկած տարբերակը. «Կանգնել ենք ոչ պակաս, քան 4%-ը տարբերակի վրա: Այսինքն՝  6% է, հանում են 3%-ը, բայց ոչ պակաս, քան 4%-ը. այս տարբերակն ընդունելի է թե՛ ռեստորատորների, եւ թե՛ պետական կառույցների համար: Սա ոլորտում գնաճի չի հանգեցնի»:

Ծխելու դեմ պայքարի շրջանակներում փակ եւ կիսափակ տարածքներում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնությունն ինչպե՞ս կազդի ռեստորանային բիզնեսի վրա. այս հարցին ի պատասխան Երեմյանն ասաց. «Անձամբ իմ կարծիքով՝ ռեստորանների ներսում ծխելն արգելելը ճիշտ է, բայց բացօթյա սրճարաններում պետք է թույլատրել»:

«MBG Hospitaly»-ի օպերացիոն տնօրեն Աշոտ Բարսեղյանն էլ լրագրողների հետ զրույցում ծխելու արգելքի՝ ռեստորանային բզինեսի վրա ազդեցության մասին ասաց, որ նախաձեռնությունը դեռ քննարկում են, ռեստորատորները միակարծիք են՝ փակ ռեստորաններում ծխելն արգելելը ճիշտ է: Բայց, ըստ Բարսեղյանի, օրենքն ունի թերություններ, առողջապահության նախարարությունում ոլորտի շահառուների հետ պաշտոնական քննարկում չի եղել. «Կոչ եմ անում նախարարին կազմակերպել հասարակական լսումներ, մենք բան ունենք ասելու: Մենք համաձայն չենք օրինագծի բազում կետերի հետ: Մենք ունենք պատրաստած իրավական գնահատական եւ առաջարկներ՝ օրինագիծը բարելավելու համար»: Ըստ Բարսեղյանի, այդ օրինագծում կան կետեր, որոնք հակասում են ռեստորանային բիզնեսի բարենպաստ գործունեությանը. «Կառավարության ցանկացած նախաձեռնություն պետք է լինի պրոբիզնես, մենք պետք է լինենք ռացիոնալ դաշտում»:

Պարոն Բարսեղյանի ներկայացմամբ՝ ռեստորանից դուրս ծխելն արգելելը, ավելի կոնկրետ՝ կիսաբաց տարածքում ծխելն արգելող այդ ձեւակերպումն անտրամաբանական է, այսինքն՝ երբ բուտիկ-գինետների դիմաց, փողոցում սեղան-աթոռ է դրված, այս հատվածում էլ են ուզում արգելել ծխելը, ինչը, Բարսեղյանի կարծիքով, անընդունելի է: Նա  ասաց, որ օրենսդրությունում կան դրույթներ, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Բարսեղյանի կարծիքով՝ գործող օրենքն արդեն պարտադրում է առանձնացնել ծխելու եւ չծխելու տարածքները, գործող օրենքը ռացիոնալ արտահայտում է առողջապահական խնդիրները, եւ կարիք չկար նոր օրինագծի: Մեր դիտարկմանը, որ այդ տարբերակն, ըստ նախարարության, անօգուտ է, Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Դա նախարարության տեսակետն է, մենք ունենք մեր կարծիքն ու տնտեսական շահերը»:

Բարսեղյանի վստահեցմամբ՝ արդեն երկու ամիս է՝ առողջապահության նախարարությունը չի արձագանքում ռեստորատորների առաջարկներին. «Երկխոսությունը դադարել է նախարարի կողմից»:

Դիլիջանում գործող «Կճուճ», «Լոշ» եւ «Թավա» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանն էլ ասաց, որ 3-րդ տարին է, ինչ աշխատում է մարզում եւ խնդիրները շատ են. «Երբ առաջին ռեստորանը՝ «Կճուճը» բացվեց, մարդիկ չէին հավատում, որ անհրաժեշտ են մարզերում ռեստորաններ: Բայց մեր հաջողությունը փաստում է, որ անհրաժեշտություն կա այդ ոլորտը մարզերում զարգացնել: Մենք մարզում մշակույթ ենք զարգացնում»:

Արդյո՞ք ձեռնտու է մարզերում նման բիզնես ծավալելը, մեր հարցին ի պատասխան Վարդա Ավետիսյանն ասաց. «Մարզում աշխատողին հարկերի տեսակետից ոչ մի առավելություն չի տրվում: Ստացվում է, որ ավելի դժվար է մարզում աշխատել, որովհետեւ մենք ունենք սեզոնային խնդիր: Վերջերս պարոն Ջանջուղազյանի հետ զրույցում (ֆինանսների նախարարը՝ Ն.Բ.) երբ ասում էի՝ ինչպես կլինի, նա ասաց, որ պետք է ձգտենք, որ սեզոնայնության խնդիր չլինի: Բայց ես կուզեմ այդպես լինի հիմա, սակայն փաստ է, որ հիմա այդ առումով խնդիր կա, դժվար է մարզում սեզոնային գործ անելը: Մեզ որոշակի առավելություններ պետք է տրվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031