Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին անապատի վերածելու հետքերով․ օգտատերերի և մասնագետների զայրույթն ու գլխավոր ճարտարապետի արդարացումները (Տեսանյութ)

Մարտ 26,2019 22:43

Գյումրու ամենաբանուկ հատվածում՝ Ռիժկովի ճեմափողոցում օրերս կատարված ծառահատումները համացանցում բուռն քննարկման թեմա դարձան․ օգտատերերից քննադատություն հնչեց, թե Գյումրու քաղաքապետարանը տեղի խանութատերերի ու սրճարանատերերի հետ միասին, ամենայն հավանականությամբ, իրականացնում է «Անապատ» ծրագիրը․ Գյումրին անապատի է վերածում։ Այս փաստն առիթ դարձավ, որ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Գյումրի քաղաքի ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում անցկացվի։

Բանախոսներից Լևոն Մարտիրոսյանը՝ «Գեոֆոն» հասարակական կազմակերպության նախագահն ասաց, որ Գյումրու ամենացավոտ խնդիրներից է կանաչ տարածքները վնասելու հաշվին ընթացող քաղաքաշինությունը։

«Ես մի բանի համար եմ վատ զգում, որ այդ պրոբլեմը մեզ մոտ չի ընթանում դեպի լուծումը։ Վերջերս «Եվրոնյուզը» մի հաղորդում տվեց, որտեղ ասվում էր քաղաքային բնակավայրերի օդային ավազանի աղտոտումից ավելի շատ մարդ է մահանում, քան ծխելուց։ Մեզ մոտ օդային ավազանի վիճակը ուղղակի կատաստրոֆիկ է, սարսափելի է։ Օդային ավազանի վիճակն ինչպե՞ս կարելի է լավացնել․ երկու ճանապարհով․ փոշու սկզբնաղբյուր հանդիսացող տարածքների վերացում և կանաչապատ տարածքների ավելացում», -ասաց Լևոն Մարտիրոսյանը։

Բանախոսը նաև ասաց, որ իր համար անհասկանալի է ծառերը էտելու նպատակը։ Ըստ նրա, ծառերը չի կարելի խորը էտել, քաղաքի ծառերի տեսակային կազմի մեջ բավական մեծ տոկոս է զբաղեցնում թեղին, որը չորադիմացկուն է, և երբ այն կտրում են, հոլանդական հիվանդությամբ է վարակվում։ Ըստ մասնագետի, անընդհատ չի կարելի խորը էտ կատարել, այն կարող է լինել 5 կամ 8 տարին մեկ անգամ։ Ըստ Լևոն Մարտիրոսյանի, որոշ ծառատեսակներ, օրինակ՝ սլացիկ բարդին, չի կարելի էտել, որովհետև նրանց ձևը բնության մեջ էտելով չի կարգավորվում։

«Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանն էլ ասաց․ «Գյումրի քաղաքի երկու հիմնական ոլորտներ՝ քաղաքաշինության և բնապահպանության կառավարման ոլորտը կարելի է ասել բացարձակ չի կառավարվում կենտրոնացված, մտածված։ Այսինքն, այդ երկու ոլորտներն էլ տարերայնորեն են կառավարվում և կետային կառուցապատումները քաղաքում շարունակվել են, շարունակվում են ու էլի իշխանությունների փոխվելուց հետո էլ նույն տրամաբանությամբ է շարունակվում։ Ցավոք, դա միշտ արվում է կանաչ տարածքների հաշվին, որովհետև մնացած տարածքներն արդեն վաճառված են, և մենք հասկանում ենք, որ հիմնական տարածքները, որտեղ կարելի է սրճարանների բացօթյա հատվածներ սարքել, նոր սրճարաններ սարքել, շենքերին կցակառույցներ սարքել, այդ ամենը կատարվում է գազոնների ու կանաչ տարածքների հաշվին։ Ու ցավոք մինչև այսօր կանաչ տարածքները մեր քաղաքային իշխանությունների կողմից ընկալվում են որպես քաղաքի համար ավելորդ, քաղաքի համար խանգարող գործոն, ոչ թե քաղաքի միջավայրը կարգավորող ու նպաստավոր դարձնող գործոն։

Ու այդ ձեռագիրը շարունակվում է տարիներ շարունակ, այսինքն՝ ծառերի խորը էտը դրա դրսևորումներից մեկն է միայն։Մյուս կարևոր խնդիրն այն է, որ քաղաքի կենտրոնական հատվածում մենք արդեն չունենք կարելի է ասել ճեմափողոց, ճեմափողոց հասկացությունը մեզ մոտ խիստ հարաբերական է։ Արագած ճեմափողոցն ընդամենը չկարգավորված, չհայտարարված ավտոկայանատեղի է, իսկ մյուս ճեմափողոցն արդեն դառնում է ընդամենը սրճարանների իրենց բացօթյա հատվածներով մի երկար ուղի։ Այսինքն` ճեմելու, նստելու, հանգստանալու հանրային տեղ չկա։ Պետք է վճարես դրա համար, այսինքն` քիչ-քիչ հանրային տարածքները կարելի է ասել սեփականացվում են, դա համարվում է զարգացում տուրիզմի և այլնի։ Բայց դա արվում է շատ սխալ տրամաբանությամբ, որովհետև աշխարհում բոլոր տեղերում, որտեղ թույլատրվում է սրճարաններ տեղադրել կամ այլ օբյեկտներ, կան դրանց նորմատիվներ»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Քննարկմանը որպես բանախոս հրավիրված Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, սակայն, չհամաձայնեց քննադատություններին, ասաց, որ քաղաքապետարանի համար առաջնակարգը կանաչ գոտիների վերականգնումն ու նորերի ստեղծումն է։ Ճարտարապետը նշեց, որ Գյումրին երկրաշարժից հետո հայտնվել է շատ բարդ իրավիճակում․ բոլոր կանաչ տարածքներում տնակներ են տեղադրվել, որոնք հետագայում դարձել են քարաշեն տներ։ Դրանք ընդարձակվելով՝ անհնարին են դարձրել կանաչ տարածքների վերականգնումը։

«Բախվում եմ միմյանց հետ քաղաքաշինությունն ու սոցիալական խնդիրը, այսինքն` եթե մայթերին ժամանակին տեղադրվել են տնակներ, կրպակներ և այլն, և այլն, դա սոցիալական հարց լուծելու խնդիր է եղել, որը ժամանակավոր է, ժամանակի ընթացքում պիտի հեռացվեր, եթե կարգավորվեր սոցիալական իրավիճակը քաղաքում։

Կարող եմ ասել, որ 2012 թվականից, երբ Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց, ոչ մի տնակի, ոչ մի կրպակի թույլտվություն չի տրվել և պարբերաբար սկսվել է քաղաքականություն մշակվել կանաչ գոտիներն ազատելու։ Առաջին փորձն արվել է Բագրատունյաց օղակում, որտեղ հսկայական աշխատանք կատարվեց, այն, ինչի հիմա անում են օպերայի հրապարակի հետ կապված, մենք այն ժամանակ սկսեցինք անելը, այնտեղ կային տարօրինակ շինություններ «Ռոբինզոն» կոչվող, չգիտեմ ինչ-որ բաներ կային, այդտեղից դուրս եկավ»,- ասաց ճարտարապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ծառահատման լուսանկարները՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ՖԲ էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031