Լրահոս
Օրվա լրահոսը

«Կպարտադրենք կապիտուլյացիայի, մեր մի զինվորը բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»

Ապրիլ 04,2019 15:30 Share

Աստվածատուր Պետրոսանը՝ ապրիլյան պատերազմի սխալների բացահայտման, արտաքին գործոնի եւ այլ խնդիրների մասին

Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ 3 տարի առաջ, մի շարք հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները մենք մինչ օրս չունենք: Մասնավորապես, կասկածներ կան, որ այդտեղ արտաքին քաղաքական գործոն կա, հայտարարվեց, որ հետախուզությունը իմացել է, տվյալներ ունեցել է, բայց հետեւություններ չեն արել, հետո վարկած առաջ քաշվեց, որ այդ ամենը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու համար էր:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց «Արծիվ» մահապարտների միություն ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ: Նա վստահեցրեց, որ այս հարցերի պատասխանները այսօր գրեթե ստացել են. «Ամեն մի պատերազմի մեջ գաղտնիք կա, չէ՞: Ես դեմ եմ բանակի գաղտնիքների հրապարակմանը, որոնք ինչ-որ ձեւով մեր թերություններն են ու մենք դա բացահայտենք թշնամու առջեւ՞, չէ՞ որ պատերազմը չի ավարտվել: Մենք ինքներս մեր մեջ հասկացանք, թե ինչ թերություններ ունեինք այս հանկարծակի ասեմ, հարձակման մեջ: Մենք ինքներս տեսանք տեսագրություններ, համոզվեցինք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է թե՛ տակտիկական առումով, թե՛ ստրատեգիական: Դրա պատասխանը պաշտպանության նախարարը ցույց տվեց՝ դա ոչ միայն սովորական դիրքապահների խնդիր է, այլ խնդիրը ռազմավարության մեջ է: Ռազմավարությունն ունի մոտակա եւ հեռակա պլաններ: Իսկ այս պահին պաշտպանության նախարարությունը դիտարկում է ստրատեգիական նոր պլան՝ ռազմավարություն, որը հնարավորություն կտա պատասխանել այն զինվածության աստիճանին, այն ուժերի կենտրոնացմանը, որի ցանկացած դեպքում հնարավոր կլինի հակահարված տալ եւ անցնել հարձակողական մարտին: Մենք ռազմավարության մեջ դոկտրինայում վաղուց ունեինք այդ նպաստավոր դիրք գրավելու հարցը: Ինչ վերաբերում է տեխնիկական, տակտիկական թերություններին, տեխնիկական զինվածության աստիճանին, այս կամ այն հրամանատարի սխալին, տվյալ ուղղության վրա ուժերի կենտրոնացման եւ գլխավոր հարվածի ուղղությունը փոխելուն, հետախուզական տվյալներին, իհարկե, այդտեղ թերություններ եղել են: Բայցեւայնպես, կարող էինք հնարավորինս՝ 20-30 տոկոսով խուսափել դրանից, եթե անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեին: Բայց հեշտ է դա ասել իրադրությունը փոխվելուց հետո: Երբ որ դու բանակում ես, երբ որ դիրքերում ես, այդ ծանրությունը… երբ որ մենք ապրիլին գնացինք օգնելու մահապարտներով, դա այն պատերազմը չէր, մենք կարողացանք ոգու ուժով, ուժերի նկատմամբ վստահությամբ, որը լքել էր մեզ ինչ-որ տեղ (երբ որ սերնդափոխություն է լինում, ինչ-որ բան խաթարվում է……ամեն դեպքում մենք հաղթանակող բանակ ենք: Տվյալ դեպքում ես չեմ համարում պարտություն: Մենք կարողացանք հասնել նրան, որ թշնամին նույնիսկ խնդրեց, որպեսզի զինադադար կնքվի նորից»:

Ինչ վերաբերում է հետախուզության հայտնած տվյալներին, Աստվածատուր Պետրոսյանն ասաց, հետախուզության իմանալը, բայց դրսեւորելը տարբեր բաներ են. «Հետախուզությունը տվյալներ տվել է, բայց տվյալ պահին միջոցառումներ անել եւ այլն… Սովորաբար պատերազմը սկսվում է այս կամ այն ուժերի կենտրոնացմամբ, իրենք դա արել են մեկ գիշերվա ընթացքում: Այդ տարածքում նոր ուժեր չեն բերել: Նույն տարածքում գտնվող ուժերի կենտրոնացմամբ, հարվածի մի ուղղություն վերցնելով են արել»:

Մեր հարցին՝ դուք ասում եք, որ դեմ եք, որ մեր թերությունները թշնամու առջեւ բացահայտենք, պատերազմող երկիր ենք, բայց Վիեննայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ճիշտ է, բանակը մեր սրբությունն է, բայց հենց դրա համար պետք է սրբենք էդ մարմինը ոչ տեղին ու ոչ մաքուր երեւույթներից, այսինքն, ինքը հակված չէ նրան, որ բանակի թերությունների մասին չպիտի խոսենք, խոսելով մենք կարող ենք այդ թերությունները հաղթահարել՝ արդյոք դուք համարում եք, որ մի քանի մարդկանց պաշտոնանկ անելով՝ մենք կարող ենք հիմա աչք փակե՞լ այդ թերությունների վրա, Ալիկ Միրզաբեկյանի եւ մի քանի այլ անձանց պաշտոնանկությունները բավարա՞ր էին՝ Աստվածատուր Պետրոսյանը արձագանքեց. «Մեր ներքին համախմբվածությունը պատերազմի ժամանակ զգաց թե՛ սփյուռքը, թե՛ Հայաստանը, ինձ թվում է, դրանից է նաեւ, որ հեղափոխությունը թափ առավ, չէ՞: Նոր սերունդը արդեն հասկացավ, որ ինքն է այս երկրի տերը: Այն սերունդը, որ մեքենա էր կանգնացնում, ճանապարհ փակում, հիմա նրանք բանակում են: Նրանք հիմա գիտեն իրենց կարգավիճակը: Այդ ուսանողները հիմա առաջնագծում են: Մեր այս վերջին գլխավոր շտաբի պետը, որը ցույց էր տալիս, թե ինչպիսի զենքերով ու ինչպես պետք է ամրագրենք զինվորի կյանքը, արդեն իսկ տեսնում ենք, որ մենք հետեւություններ արել ենք թերությունների շտկման ուղղությամբ: Ունենք մեր արտադրությունը: Պատերազմի դեպքում, երբ որ չորս կողմից շրջափակման մեջ ես, ունես քո արտադրությունը, այլեւս պետք չի ձեռք մեկնել կներեք՝ Ռուսաստանին, Ամերիկային կամ մյուսին: Լավ դաշնակից պետք է ունենալ, բայց դրանով սահմանափակվել չի կարելի»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին էր, դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին՝ Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «Ես այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխան տալու: Ամեն մի դաշինք ինքնըստինքյան իր դռները բաց կամ փակ է պահում, ամեն մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, իր շահերն է հետապնդում: Չէ՞ որ այդ դաշինքը Ռուսաստանի ամրության դաշինքն է, դրա համար էդ դաշինքները կգան ու կգնան, բայց մենք պիտի իմանանք, որ մենք մեր ինքնապաշտպանական ուժերի բազմապատկման աղյուսակը պիտի գծենք: Պաշտպանության նախարարը դա ասաց, նա գիտի մեր պոտենցիալը, մենք մի քանի քայլ առաջ ենք նրանց թե՛ մտքի, թե՛ ռազմական պոտենցիալի, զենքեր լցնելու, կուտակելու, դա կրակելու առումով: Մենք գիտենք, որ դրա հնարավորությունն ունենք: Դրա համար մեր ստրատեգիան է միայն ու միայն կռիվներ մղել՝ մեր տարածքներից դուրս: Տարածքներ՝ նոր տարածքների դիմաց: Եվ դա նրանց հոխորտալու պատասխանն է, որ մենք երբեք խաղաղություն մուրացող ժողովորդ չենք: Հաղթանակած բանակը պիտի ի՞նչ խաղաղություն մուրա: Ընդհակառակը, մենք պարտադրել ենք զինադադարի, բայց մենք նաեւ կպարտադրենք կապիտուլյացիայի: Այսօր բանակի զինվորը պատրաստ է դրան: Մեր մի զինվորը նոր տեխնիկայի զարգացման եւ խնդիրների վերլուծման մեջ բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

03.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930