Լրահոս
Օրվա լրահոսը

«Տա Աստված, որ ԵԿՄ-ն Սասունի գլխավորությամբ, հաջողի»

Ապրիլ 12,2019 15:30

ԵԿՄ համագումարից ի՞նչ ցավ ապրեց նախկին ԵԿՄ-ական, «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը

– 2008 թվականին մի խումբ ազատամարտիկներ դուրս եկան «Երկրապահ կամավորականների միությունից», ստեղծեցին առանձին կառույց`«Ազատամարտիկների դաշինք»: Այն ժամանակ պատճառները քաղաքական էին, գործող իշխանության հետ էական տարաձայնություններ կային, հիմա` հեղափոխությունից հետո արդյո՞ք այդ պատճառները վերացան եւ երկրապահական տարբեր կառույցները հնարավորություն ունե՞ն ԵԿՄ- ում համախմբվելու: «Ազատամարտիկների դաշինքի» անդամները կվերադառնա՞ն ԵԿՄ, մանավանդ, որ դաշինքի`ԵԿՄ-ն կոլեգիալ կառավարելու առաջարկը մերժվեց:

– Ցանկալի էր, որ իրականում կայանար այդ գործընթացը, բայց այս անցումային փուլը շատ կարճ տեւեց: Նաեւ` 2008, 2015-2016 եւ այլն, այնպիսի անջրպետ է ստեղծվել, որ ոչ միայն «Ազատամարտիկների դաշինքի», այլ նաեւ շատ ուրիշ կառույցների տղաները կարողանային հավատը վերականգնել, որպեսզի հնարավոր լիներ միավորվել: Իրականում տղաների մտածելակերպը նույնն է, նպատակները շատ ընդհանուր են, նույնն են, բայց հավատը, որ կարողանանք հավաքվել իրար շուրջ, այն էլ կարճ ժամանակում… Ինչեւէ, գուցե որոշ բաներ չհաջողվեց հստակեցնել, դրա համար դաշինքն իր աշխատանքը կշարունակի առանձին, բնականաբար, ԵԿՄ-ի հետ շփվելով, համագործակցելով, իրար օգնելով, հնարավոր է նաեւ ժամանակի ընթացքում միավորվելով: Բայց ոչ թե կուրորեն միավորվել… եթե հենց այնպես պետք է միավորվեն, հավաքվեն իրար գլխի ու չկարողանան իրար հասկանալ, ավելի լավ է զուգահեռ գործեն: Ժամանակի ընթացքում, միգուցե ստացվի: «Ազատամարտիկների դաշինքում» հիմա հավաքված են այն տղաները, որոնք ԵԿՄ առաջին համագումարից մինչեւ 2008-ը եղել են նաեւ կառույցի կառավարման համակարգում: Այնպես որ, ԵՄԿ-ն մեզ համար պատահական կառույց չէ, ԵԿՄ-ի`լիարժեք իր նպատակին ծառայելը վերականգնելը, յուրաքանչյուրիս ցանկությունն է:

– Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, Սասուն Միքայելյանը նախ հրաժարվեց ԵԿՄ-ից, ասաց, որ ինքը կապ չունի այդ կառույցի հետ, հետո ասաց`«գեղի կլուբ է» եւ պետք է ընդհանրապես փակել այդ կազմակերպությունը, իսկ հիմա նա ԵԿՄ նախագահն է: Նորընտիր վարչությունում էլ ընդգրկված են նորից իշխանավորներ: Ստացվում է`մինչ այժմ եղած բոլոր խոսակցությունները, որ ԵԿՄ-ն պետք է ապաքաղաքական լինի, իշխանության կցորդ չլինի, հօդս ե՞ն ցնդում:

– Նախ`շնորհավորում եմ ԵԿՄ նախագահին, նորընտիր վարչությանը եւ հաջողություններ եմ մաղթում նրանց: Ապա`ներկայիս իշխանությունը նախորդների նման չէ, որ պահանջի, որպեսզի ԵԿՄ-ն իր մահակը դառնա կամ ԵԿՄ-ին, իբրեւ գործիք օգտագործեն: Իսկ այն տղաները, որոնք իշխանության անդամներ են, դա այն իշխանությունն է, որը ձեւավորվել է բոլորիս մասնակցությամբ, բոլորիս պայքարի արդյունքում: Հնի նման այլեւս հնարավոր չէ`իրավիճակ է փոխվել, մարդկանց մտածելակերպն ու մտահորիզոնն է փոխվել: Իսկ ազատամարտիկները հանդուրժող չեն. նախկին իշխանության հետ խնդիրը ո՞րն էր, որ մենք գործիք չենք եղել եւ երբեւէ չենք դառնա մեր ժողովրդի դեմ, այն ժողովրդի, որին պաշտպանել ենք: Այնպես որ, երկրապահի տեսակի, մեր տեսակի արժանապատվության համար մենք կանգնել ենք: Հույս ունեմ, որ այս իշխանություններն այդ խնդիրը չունեն: Նորմալ, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության համար, ժողովրդի անվտանգությունը, երկրի անվտանգությունը համար մեկ խնդիրն է: Իսկ երկրապահը դրան է կոչված`մատաղ սերնդի դաստիարակությանն իսկական ֆիդայու կերպարով, ոչ թե այն կեղծ վարչությամբ, որը ձեւավորվել էր, կեղծ երկրապահով, կեղծ հերոսներով… իհարկե, դա փոխելու անհրաժեշտություն կար: Բայց հիմա, արդեն, անկախ նրանից` մենք ԵԿՄ-ում ենք, թե ոչ, կարծում եմ, հնին վերադառնալու խնդիր չկա: Նոր իրավիճակ է, ժամանակի այլ հրամայական, իշխանության կողմից դրվող այլ պահանջ. մտավախության նշույլ անգամ չունեմ: Տա Աստված, որ ԵԿՄ-ն ժամանակի ընթացքում, Սասունի գլխավորությամբ, հաջողի իր հարկի տակ հավաքել երկրապահական բոլոր կառույցներին: Ես դա կողջունեմ:

– Տարբեր երկրապահներ, մամուլում արդեն դժգոհություններ են հայտնում, շատերին համագումարին մասնակցության հրավերներ չէին ուղարկվել, քվեարկությունը եղավ բաց`«կեցցե թագավորը» տրամաբանությամբ, իշխանական-ղեկավարական շրջանակներն առաջին շարքերում եւ դիրքերում էին, շատ ազատամարտիկներ անտեսված էին եւ այլն: Համամի՞տ եք այն դժգոհությունների հետ, որ հին գործելաոճը առկա է:

– Իհարկե, նման միջոցառումներում կան, այսպես ասած, չգրված օրենքներ, որոնք միշտ պահպանվում են: Բնական է, եթե իշխանություն ես, տվյալ դեպքում էլ այդ իշխանությունը բոլորիս, այդ թվում երկրապահների պայքարող մասի կողմից ձեւավորված իշխանություն է, եւ իրենք պետք է հարգեին այդ կառուցներին, կռված տղաներին: Նաեւ`սուբորդինացիայի հարց կա. զինվորականներ էին`տանեին նստացնեին հետեւո՞ւմ: Այդպես չէ: Բաներ կան, որ տղաների քննադատությունների մեջ ինձ համար ընդունելի են, կան նաեւ նեղանալու օբյեկտիվ պատճառներ, բայց ես մեր ընկերներին կոչ կանեի`եթե բաներ կան, որոնք մեզ խորթ են կամ չէինք ցանկանա, որ դրանք այդպես լինեն, դրանք ժամանակի ընթացքում ուղղվող են եւ ոչ թե նեղացվածի կեցվածքով, այլ պարզ ասենք, բարձրաձայնենք, որ կարգավորվեն: Իհարկե, կան բաներ, որոնք մեր տեսակին հարիր չեն, բայց չպետք է նեղացած գնալ, պետք է մեր ընկերոջ կողքին կանգնել եւ հետեւողական լինել: Եթե չեն ցանկանա շտկել, արդեն այլ հարց:
Թե Սասունի, թե Արամ Սարգսյանի հետ հանդիպումներում խոսել ենք, առաջարկել ենք, որ լինի կոլեգիալ կառավարում, որպեսզի անձնավորվածության հարց չլինի: Բայց դե ընտրվեց այդ տարբերակը: Աստված տա` հաջողեն: Բայց հիմա պետք է օգնել, աջակցել ու այս տարբերակով էլ հաջողություններ արձանագրվեն, ոչ թե սպասենք, թե երբ է ձախողելու: Լավ է լինելու: Վստահ եմ, նախորդի նման չի լինելու: Մենք ապրել ենք եւ պայքարել ենք նախկինի սխալների դեմ, հնարավոր չէ, որ նորից դրան ետ գնանք: Այլ հարց, որ կարելի էր կոլեգիալ կառավարմանբ անել, տարբեր կառույցներից մարդկանց ներգրավել վարչության մեջ, թող 25 հոգի չլինեին, 40 լինեին: Ես տեսա, որ ԵԿՄ վարչությունում մեր շատ ընկերներ կան. շատ ուրախացա: Բայց կան նաեւ մարդիկ, որ երբեք երկրապահ չեն եղել, վարչության մեջ են այսօր: Ու երբ տեսա, որ շատ երկրապահ տղաներ, որոնք ամենի ակունքներում են եղել, ԵԿՄ կառավարման համակարգում են եղել, համագումարին ներկա էին, վարչությունում էլ չընդգրկվեցին`ցավ ապրեցի:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

12.04.19 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930