Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Ապրիլ 19,2019 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունվեցերորդ

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

 

Եվ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «ըտենց էդ նախագիծը, որ գովում ես, կարող ա հավատա», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Արիկը որ պատմվածքներդ կեղծ գովում ա, դու չես հավատո՞ւմ», եւ Հայկունին Կորյունին ասաց՝ «ես էդ նախագիծդ կեղծ չեմ գովում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որպես խինկալիանոց՝ իրոք շատ հաջող ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե ախորժակով ես ուտում, ուրեմն՝ ճիշտ ա նախագծած», եւ Կորյունը ժպտալով Հայկունուն ասաց՝ «ոնց էլ նախագծես, Ջավախյանն ախորժակով կուտի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ սեղանի հաշիվն ինքը չի փակում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Կորյունին հարցրեց՝ «որ Աբոն ամեն անգամ հաշիվ ա փակում, ախորժակով չի ուտո՞ւմ», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալբերտը համարյա բան չի ուտում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը ոչ թե ուտելուց ա հաճույք ստանում, այլ՝ պատիվ տալուց», եւ Ալբերտը թարս նայեց Կորյունին ու ասաց՝ «իրարից պրծաք, հիմի էլ անցաք ի՞նձ», եւ Կորյունը զարմացած նայեց Ալբերտին ու հարցրեց՝ «քո մասին ո՞վ ա վատ բան ասել», եւ Ջավախյանը Կորյունի վրա գոռաց՝ «մենակ էդ էր պակաս, որ Աբոյի մասին էլ վատ բան ասեիր», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «հերիք ա քծնես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էնքան անխելք ես, որ քեզ թվում ա՝ Ալբերտը քո պաշտպանության կարիքն ա զգում», եւ Աբոն գոռաց՝ «վերջացրե՛ք» եւ մի քիչ մտածեց ու Կորյունին ասաց՝ «ոչ մեկիդ պաշտպանության կարիքն էլ չեմ զգում», եւ Կորյունն արդարանալով Ալբերտին ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «բա երկրորդ անգա՞մ երբ ես Բուռչոյանոց հրավիրվել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդամենը մի շաբաթ առաջ», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ էր հրավիրել», եւ Կորյունը նախ Ալբերտին նայեց, հետո նայեց Ջավախյանին ու ասաց՝ «չեմ ասի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չես ասում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ որ ասեմ, կարող ա վատանաս», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի վատանամ», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինձ էին հրավիրել, ոչ թե՝ քեզ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինձ որպես ի՞նչ պիտի հրավիրեին», եւ Կորյունը քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «որպես ժողովուրդների բարեկամության ջատագով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց ո՞վ պիտի ինձ հրավիրեր» եւ մի քիչ էլ մտածեց, կասկածանքով նայեց Ալբերտին, հետո Կորյունին ասաց՝ «որ էդքանն ասել ես, էդ էլ ասա», եւ Կորյունը մի քիչ մտածեց, ժպտալով նայեց ինձ, հետո մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «խոսք եմ տվել, որ չեմ ասելու», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ես խոսք տվել», եւ Կորյունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հրավիրողին»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել