Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հարությունյանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի-2

Ապրիլ 29,2019 22:20

«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը, որն այժմ բնակվում է Բելգիայում, պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Արթուր Հարությունյանը, հիշեցնենք, Հայաստանից մեկնեց 2015-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած «հակամարտությունից» հետո: Խնդիրն այն էր, որ ԲՀԿ նախագահի Երեւան-Աբովյան անվճար երթուղիների պատճառով, Արթուր Հարությունյանի պնդմամբ, իր ընկերությունը սնանկացավ`չկարողանալով վճարել բանկից վերցրած գումարը:

Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Հարությունյանը Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններում առաջադրված Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանի հիմնական մրցակիցն էր: «Առավոտի» հետ զրույցում Արթուր Հարությունյանն ասաց, որ Աբովյանի քաղաքապետի սպասվելիք ընտրություններում չի պատրաստվում իր թեկնածությունը կրկին առաջադրել: Նա կսատարի այն թեկնածուին, որին կառաջարկի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեծամասնության ձայնով ընտրված վարչապետ է: «Ես չեմ հակառակվի ժողովրդի ձայնին եւ կսատարեմ իշխանության առաջարկած թեկնածուին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Աբովյանում պետք է իրավիճակ փոխվի»:

Անդրադառնալով իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին, իր հասցեին հնչած մեղադրանքներին, որ իր սեփականություն հանդիսացող ընկերությունը Արթուր Հարությունյանը միտումնավոր է տարել սնանկացման, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք սուտ հայտարարություններ են. «Քննություն է տարվել, պարզվել է, որ արհեստական սնանկացում չի եղել: Սուտ են ասում իրենք, ինչպես իրենց գործունեության մեջ`ստով կառուցեցին իրենց տնտեսության բուրգը: Ասում են` հզոր տնեսություն ունեն. այդ «հզոր տնտեսությունը» ապօրինությունների բուրգ է: Հույս ունենանք, որ ամենը կամաց-կամաց կբացահայտվի: Ինձ հետ հանդիպելուց մի քանի անգամ ինքն ինձ խաբել է, ասել է`անբարոյականի զավակ լինեմ, երկուշաբթի օրը ոչ մի հատ անվճար ավտոբուս չի լինելու: Երկուշաբթին էլ անցավ, մյուս օրերն էլ անցան, անվճար ավտոբուսները ոչ թե չեղան, այլ ավելացան»:

Արթուր Հարությունյանը հիշում է, որ 2015-ին, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ իր հետ բանակցել են, որպեսզի թեկնածությունը չառաջադրի, փոխարենը Գագիկ Ծառուկյանից բիզնես աջակցություն կստանա. «Իր կողքի ամենամտերիմ մարդը ասաց: Ասացի`ոչ, դնելու եմ, դու չգիտե՞ս, որ Գագոն սուտասան ա: Ասաց`գիտեմ: Էնպես, որ, դա միայն ես չեմ ասում: Ինքը բոլորին խաբելով, նախկին իշխանության հովանավորությունը վայելելով`դարձել է այս ամենի տերը: Իր ձեռքից հենց իշխանական լծակները վերցնեն, հավատացած եղեք, հաշված ամիսների ընթացքում կսնանկանա»:

Ի դեպ, մեր զրուցակիցը Գագիկ Ծառուկյանի «ստի բուրգի» դոմինանտ մաս է համարում «Արարատ ցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Վստահ է, որ այդ բացահայտումները շատ բան «ջրի երես» կհանեն Գագիկ Ծառուկյանի նախկին գործարքներից, որոնք իր պնդմամբ, եղել են «օգտագործելով պետական լծակները եւ ժողովրդին թալանելով»:

«Ինքը պատրաստ է կողքի մարդկանց «փուռը տալու»: Ինքը ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանին ա փուռը տվել: Երեխայի ձեռքից ո՞նց են բռնած`ամեն ինչ սովորեցնում, Վահան Հարությունյանը Գագոյի համար էդ մարդն ա եղել: Բայց Վահան Հարությունյանը հենց ընկավ, ինքը անգամ նրա ընտանիքին չէր օգնում: Իր սանիկին`քանաքեռցի Սայաթին քցեց… ինքը վտանգավոր մարդ է պետության համար: Ներդրումներից է խոսում ու Բելառուսում գործարան է կառուցում, շենքներ է կառուցում, Բուլղարիայում ջրի գործարան է կառուցում, Ռիգայում, 100 մլն եվրոյով հյուրանոց ա գնում… դա էդ գումարները թող ներդրում անի, չէ՞ որ ՀՀ-ով ես աշխատել էդ գումարները, ո՞ւր ես դուրս տանում դրանք: Բարի եղիր այդ գումարները ետ բեր Հայաստան, հետո նոր ներդրումներից կխոսես: Իր ներդրումը «Առինջ մոլն» է, որտեղից ամեն առավոտ գումարները հավաքում`տալիս են իրեն, ինքն էլ իրեն թագավոր է զգում, իսկ Աբովյան քաղաքի մանր ու միջին խանութներում առեւտուրը «կանգնեց» «Առինջ մոլի» պատճառով»,- ասում է մեր զրուցակիցը:

Արթուր Հարությունյանը նաեւ նկատում է`«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ», ինչպես իր սեփականություն եղած ժամանակ են աշխատել, այնպես էլ այժմ են աշխատում, անգամ աշխատողների մեծ մասը չի փոխվել. «Ինչո՞ւ 13-14 տոկոսանոց վարկերը, Գագոյի դեպքում բանկը դարձրեց հինգ տոկոս`մեծ գումարներ զիջելով»: Մեր զրուցակիցը նկատում է, որ երբ այդ ընկերություններն իր սեփականությունն էին, Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիները, տարբեր ուղղություններով 10-18 ավտոբուսներ էին աշխատում: Այժմ, ընդամենը երկու անվճար ավտոբուս է գիծ դուրս գալիս, այն էլ այնպես, որ վճարովի երթուղուն չխանգարի:

Հիշեցնենք, «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կանոնավոր փոխադրումներ են իրականացրել Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Արթուր Հարությունյանը պնդում է, որ  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել այս ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ, ապա սնանկացել: Արդյունքում, երկու ընկերությունները 2015 թվականին անցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ին:

Թավշյա հեղափոխությունից հետո, Արթուր Հարությունյանի հաղորդման հիման վրա, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի նախագահի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին փոխանցել էր՝ գործով ձեռք են բերվել տվյալներ  այն մասին, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան – Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը: Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։ Արթուր Հարությունյանն ասում է՝ Վլադիմիր Գասպարյանի մասով թյուրիմացություն էր տեղի ունեցել, որը հարթվել է, Վլադիմիր Գասպարյանի`ընտրական գործընթացներին խառնվելու խնդիր չկա: Իսկ իր եւ Գագիկ Ծառուկյանի վեճի մասով`քննությունը շարունակվում է: «Տեսնենք`ինչ կլինի ավարտը»,- ասում է մեր զրուցակիցը:

Քննությունների արդյունքներից, ասում է, շատ բան է կախված: Ինքն էլ Հայաստան վերադառնալու ծրագրեր ունի, իր անելիքն էլ է տեսնում`Հայաստանը օրենքի երկիր դառնալու գործում: Ինքը հավատում է նոր իշխանություններին, այդ պատճառով էլ, ասում է, օրինականության հաստատման համար իր պայքարը շարունակելու է իշխանությանը եւ Աբովյանի առաջիկա ընտրություններում իշխանության թեկնածուին սատարելով: Այլապես, վստահեցնում է` իր թեկնածությունն առաջադրելով կպայքարեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930