Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելն արդեն հնացած մեթոդ է. «Փաստ»

Մայիս 23,2019 12:01

Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար մեքենայի սեփականատերը կատարում է հետևյալ վճարումները` բնապահպանական վճար, մեքենայի տեխզննության անցկացման համար նախատեսված ծառայության վճար, օրենքով սահմանված կարգով նախատեսված պետտուրք և գույքահարկ: Հաճախ է կարծիք հնչում, որ քաղաքացին վճարում է, կտրոն ստանում, իսկ մեքենան տեխզննում չի անցնում: Ստացվում է, որ նա վճարում է ոչնչի համար: «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է մեքենաների տեխզննման կարգին, վճարներին և կտրոնները դիմապակուն փակցնելու պարտադրանքին:

«Տեխզննման հետ կապված քննարկումներ ենք ունեցել տարբեր գերատեսչությունների հետ և որևէ արդյունքի չենք հասել: Այս փուլում մեր առաջարկն այն էր, որ տեխզննումը վերացվեր որպես պետտուրք, քանի որ մարդը վճարում է մի բանի համար, որը չի ստանում: Այսօր Հայաստանում կա մոտ 600 հազար մեքենա, և եթե մեր երկրում լիներ, ասենք, 1000 տեխզննման կայան, ապա մեքենաների հավասար բաշխման դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է սպասարկեր 600 մեքենա: Հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասի տեխզննումը վարորդները պետք է թարմացնեն 12-րդ ամսում, մոտավորապես 300 հազար և ավելի մեքենա պետք է տեխզննում անցնի միայն դեկտեմբերին, կամ էլ չվարի մեքենան այնքան ժամանակ, մինչև իր հերթը հասնի: Ուղղակի ֆիզիկապես սա հնարավոր չէ իրագործել Հայաստանում: Ուրիշ հարց է, որ լինեն տեխզննման տարրական պահանջներ, օրինակ արգելակների պարտադիր ստուգում և այլն», – ասում է Պեդանյանը:

Նա կարծում է, որ տեխզննման վճարն ավելորդ բեռ է քաղաքացիների համար ու ավելորդ գումարի հավաքագրում: «Քաղաքացին տեխզննման կտրոնի համար 50006000 դրամ գումար է վճարում, այնուհետև պետք է գնա անվճար տեխզննում անցնի, իսկ հետո տեխզննման կայանը կտրոնը պետք է ներկայացնի պետությանը և ստանա ծառայության գումարը: Մարդիկ փողը վճարում են, ու վստահաբար նրանց շատ քիչ տոկոսն է մեքենաների տեխզննում անցնում: Գումարի շատ քիչ մասն է վերադարձվում տեխզննման կայաններին, իսկ մնացած գումարը մնում է պետությանը: Ճիշտ կլինի, եթե պետական տեխզննման կայաններ բացվեն, և մեքենաները տեխզննում անցնեն պատշաճ մակարդակով, այլ ոչ թե ձևական գումար գանձեն», – նշում է մեր զրուցակիցը:

Նա համակարծիք է այն մտքի հետ, որ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելն արդեն հնացած մեթոդ է: «Ճանապարհային ոստիկանները, չգիտես թե ինչու, քանի տարի է՝ տեխզննման բազա չունեն, որը պետք է վերցնեին տեղական ինքնակառավարման մարմիններից: Բազայում կարող էին տեսնել, թե ով է վճարել: Իսկ հիմա գործում է հին մեթոդը. ճանապարհային ոստիկանը տեխզննման կտրոնի վրա պետք է ստուգի կնիքի առկայությունը, որը կտրոնի հետնամասում է, որն էլ իր հերթին փակցված է դիմապակուն: Նա պետք է մտնի մեքենայի մեջ, որ տեսնի այն: Սա աբսուրդ է: Անիմաստ թուղթ են փչացնում, ժամանակ ծախսում և այդ ամենը չեն վերահսկում: Տեխզննման գումարը մնում է պետությանը, ինչ-որ տեղ: Դուք այսքան ժամանակ տեսե՞լ եք, թե այդ գումարը որտեղ է ծախսվում: Ես չեմ տեսել: Կարևոր չէ՝ ճանապարհ կվերանորոգեն, լուսավորության հարց կլուծեն, թե մանկապարտեզ կկառուցեն, կարևորը հաշվետու լինեն ժողովրդի առաջ», եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031