Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի շուրջ

Մայիս 23,2019 18:25

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության կիրարկման ընթացքում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները մոնիտորինգի լայն լիազորություններ են ունենալու, ՔԿՀ պլատֆորմ կձեւավորվի` ԵՄ-ի առաջարկով`Ուկրաինայի փորձի օրինակով: Այս մասին այսօր ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար, «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Ծրագրի շրջանակներում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել`ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի`արդարադատություն, ազատություն եւ անվտանգություն բաղադրիչների մասով: «Մենք միշտ լավ փաստաթղթեր ենք ունեցել, բայց հանրությունը դրանց ազդեցությունը շատ քիչ է իր վրա զգացել: Հիմա մենք նման քննարկումներով պետք է փորձենք հանրության սպասելիքները հավաքագրել, փոխանցել կառավարությանը եւ հետեւել, որ կառավարությունը դա իրականացնի»,- իր խոսքում ասաց Կարեն Զադոյանը` հավելելով, որ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կլինեն տարբեր հարցերով, օրինակ, արդյոք ՀՀ-ին պետք է ԲԴԽ-ն, որն անհասկանալի մարմին է:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ նկատեց` համաձայնագրի կիրարկումը միայն պետության ջանքերով անհնար է, քաղհասարակությունը պետք է որոշիչ դեր ունենա, ինչը նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրով: Ըստ փոխնախարարի, համաձայնագրի այս ոլորտը տարբերվում է մյուս ոլորտներից նրանով, որ այլ գլուխներում խոսքը օրենսդրության գործարկման գործընթացի մասին է, կոնկրետ օրենսդրական կարգավորումներ եւ փոփոխություններ են ամրագրված նաեւ ճանապարհային քարտեզում: Այս ոլորտում ամրագրվում են այն նպատակները, որոնց պետք է հասնենք եւ հիմնական շեշտը դրված է ծրագրային բնույթի փաստաթղթերի մշակման, ընդունման եւ կիրարկման վրա`քաղհասարակության մասնակցությամբ: Ըստ նրա, վերջին օրերի զարգացումները (նկատի ունի դատարանների շուրջ տեղի ունեցածը-Ն. Գ.), ենթադրում է խորը եւ մասնագիտական քննարկումներ. «Չենք կարող ձեռքի հետ լուծումներ առաջարկել»:

Խոսելով քաղհասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-22 գործողությունների ծրագրի ընդունման մասին, փոխնախարարն ասաց, որ ինքը զարմացած է`ՔԿՀ-ների պասիվությունից: Հիշեցնում է նախորդ`2017-19-ի ծրագիրը, որի կազմելու գործընթացում քաղհասարակությունից 300 առաջարկ են ստացել, որոնք ենթադրում էին 190-ից ավելի գործողություններ: Իրենք ՔԿՀ-ներին ծրագրին համահեղինակ են ցանկանում տեսնել, բայց չեն հասկանում ՀԿ-ների պասիվությունը:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանն առաջարկեց, որ իրավական եւ ինստիտուցիոնալ պաշտպանության հարցերը կարեւորվեն ծրագրում, նաեւ` գործարար ոլորտին քաղհասարակության աջակցությունը`մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Գործողություններն էլ ակնկալում են, որ լինեն հասցեական եւ հստակ, միջազգային պրակտիկանի կիրառմամբ:

Հայաստանի ՔԿՀ-ների կառուցողական երկխոսության ցանցի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ իր ղեկավարած կազմակերպության անցկացրած հետազոտություններից օրինակներ բերեց, որոնք փաստում են`բավական վտանգավոր վիճակում ենք. ատելության խոսքը ոչ թե ինքնաբերաբար է աճում, այլ որոշ ուժային եւ քաղաքական կենտրոնների կողմից: Հետազոտություններն իրականացվել են չորս ուղղություններով`քաղաքական, սեռական, կրոնական եւ էթնիկ: Առաջինի եւ երկրորդի մասով, ըստ նրա, կոնկրետ կենտրոններից ֆինանսավորվում են եւ հստակ գնում է ատելության խոսքի խորացում`ներհասարակական լարվածություն եւ քաոս առաջացնելու, իրենց ռեւանշիստական նկրտումները իրականացնելու համար: Նա ուրախ է, որ ժամանակին բուռն հակազդեցություն ստացած եւ այդպես էլ խորհրդարանի քննարկման օրակարգից դուրս մնացած «Հակախտրականության մասին» օրենքը, նախատեսվում է ընդունել: Հիմա այն կոչվելու է «Իրավահավասարության մասին» օրենք:

Հայաստանի ՔԿՀ-ների կառուցողական երկխոսության ցանցի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանն էլ, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին, ասաց. «Դատավորների վեթթինգի մասով ուրախ եմ, բայց արդյոք ոստիկանների, դատախազների, ԱԱԾ աշխատողների մասով չունենք վեթթինգի կարիք»: Նա օրինակներ բերեց, որ ոստիկանները մարդկանց խոշտանգել են, դատախազները պաշտպանել են այդ ոստիկաններին, ԱԱԾ-ում մարդկանց վրա գործեր են հավաքվել:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Կիրակոսյանն անդրադարձավ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին: Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, որ պետք է հավաքվել եւ մերժել դատարաններին, ցույցերին ավելի շատ մարդ կմասնակցեր:

Մանրամասները`տեսանյութում

Նա կարեւորում է նաեւ այն, որ ՔԿՀ-ներում ֆիզիկական իրավիճակի բարելավման մասին խոսելիս, ինչը նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրով է ամրագրված, կարեւորվի նաեւ պրոբացիայի մասը: Նաեւ, ըստ բանախոսի, մենք բոլոր պետական ինստիտուտներում ունենք միջգերատեսչական համագործակցության խնդիր, ինչը հաճախ է խանգարում արդյունավետ աշխատանքին: Արտակ Կիրակոսյանն առաջարկում է ստեղծել Հանցավորության կանխարգելման միջգերատեսչական խորհուրդ, որպեսզի ԱԱԾ-ն չհայտնվի մաքսայինում, ՊՎԾ-ում եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031