Երեկ «Առավոտը» Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց` ճի՞շտ են այն տեղեկությունները, որ անցյալ տարվա հեղափոխության օրերին կադաստրի ստորաբաժանումներում հերթեր էին գոյանում, քանի որ նախկին պաշտոնյաները, որոնք տարբեր ճանապարհներով տեսակ-տեսակ գույքեր էին ձեռքբերել, փորձում էին ազատվել դրանցից` գրանցելով մորաքրոջ, զոքանչի ու այլ խնամի բարեկամների անուններով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը մի ցուցանիշ հրապարակեց, որը, նրա կարծիքով, հենց դրա մասին է խոսում: Ըստ պարոն Պետրոսյանի, նախորդ տարվա ցուցանիշները վերլուծելիս նկատել են, որ ամռան եւ աշնան ամիսներին ռեկորդային թվով գործարքներ են տեղի ունեցել, որոնք իրականացվել են արագացված ընթացակարգով: Այսինքն, եթե գույքն այլ անձի անունով գրանցելիս ստանդարտ ընթացակարգով վճարը կազմում է 25 հազար դրամ եւ 4 օր է պահանջվում, ապա, արագացվածով` երկու ժամում է գործարքը իրականացվում, վճարն էլ` 150 հազար դրամ:
«Շատ քչերն են գնում այդ շտապ գործարքներին, որովհետեւ շոշափելի գումար է դա, մարդիկ նախընտրում են 4 օր սպասել: Անցյալ տարի նշյալ ամիսներին, մենք արագացվածով շատ մեծ մասնաբաժին ենք ունեցել ընդհանուր թվերի մեջ»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:
Պարոն Պետրոսյանը խոսելով կադաստրում նախկինում տեղի ունեցած գործարքների մասին, որոնք, անգամ անզեն աչքով են երեւում, որ կոռուպցիոն սխեմաներով են իրականացվել, ասաց` այն ֆանտազիան, որ ներդրվել է այս ամենում, անհասանելի է, եւ մենք անընդհատ զվարճալի դեպքերի ենք ականատես լինում. «Կադաստրի արխիվը ինչքան նայես` նայվում է»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
06.06.2019


















































