Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնա՛յք, եթե ձեզ զսպելու դժվարություն ունեք, նիստն ընդմիջում ենք»․ հոգաբարձուների խորհրդի թեժ նիստ ՇՊՀ-ում

Հունիս 29,2019 23:50

Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ բուհի հաստիքացուցակը, 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելուց բացի, քննարկվեցին նաև հոգաբարձուների խորհրդին ուղղված դիմումներ։ Դիմումներից մեկը Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի  վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանինն էր։

Նա  նշում է, որ բուհի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն իրեն իր լիազորություններից դուրս հանձնարարական է տվել  ու անհիմն կարգապահական տույժի ենթարկել։

Ըստ Հովհաննես Խորիկյանի, իրենից պահանջվել  է գործավարի ու լաբորանտի պաշտոնների անձնագրերի նկարագիրը, որը, սակայն ամբիոնի վարիչի գործառույթների մեջ չի մտնում, դրանով պիտի զբաղվի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկման դրեց այն հարցը, թե  Հովհաննես Խորիկյանի դիմումը վերաբերո՞ւմ է արդյոք հոգաբարձուների խորհրդին, թե՞ ոչ։

Հովհաննես Խորիկյանը ներկայացրեց դիմումի բովանդակությունը։

«Մարդը վիճարկում է նկատողության հանգամանքը, համարում է, որ նկատողությունը պետք է ուժը կորցրած ճանաչի։ Ես համարում եմ, որ դա գործատուի և աշխատողի հարաբերությունների հարց է, վարչարարություն է, որը պիտի կամ իրար հետ բանակցեն կամ դատարանում այդ հարցը վիճարկեն, լուծեն կամ նկատողությունը հանեն կամ մնա»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ ձայն տալով նաև ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին։

Հոգաբարձուների խորհրդի նախագահը ներկաներին նաև հիշեցրեց․ «Եթե հանկարծ հոգաբարձուների խորհուրդն իր լիազորություններն անցնի և քննարկի, որոշի մի բան, ինչի իրավունքը չուներ, այդ դեպքում հայցը կարող է լինել հոգաբարձուների խորհրդի դեմ, որոշել եք մի բան, որը ձեր լիազորությունների մեջ չէ, դրանով դատարանի հարցը չի կարգավորվի։ Ավելին, եթե մենք այս տեսակ հարցերը սկսում ենք քննարկել, հոգաբարձուների խորհուրդը պիտի սկսի շաբաթը մեկ նիստ գումարել, ամբիոնի վարիչ-դասախոս, դեկան-ամբիոնի վարիչ, դեկան-դասախոս, ռեկտոր-դասախոս, դոկտոր-ամբիոնի վարիչ և այլ, այլն․․․ Ժողովուրդ ջան, մենք այստեղ լրացուցիչ դատական ատյան չենք, բայց կրկնում եմ՝ սա իմ մասնավոր մոտեցումն է»։

Ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը իր պարզաբանման մեջ նշեց, որ հանձնարարական է եղել բոլոր ամբիոնի վարիչներին։ Նա պնդեց, որ ինքը չի պահանջել պաշտոնի անձնագրի նկարագրություն, իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրեն հետաքրքրել է, թե գործավարը, լաբորանտը ինչ է կատարում։

«Մենք ամբիոններ ունենք, որտեղ գործավարի հաստիք կա, որի իմաստը ես չեմ հասկանում, հայոց լեզվի և գրականության ամբիոնում կա լաբորանտի հաստիք, լաբորանտի հաստիքը ֆիզիկայի ամբիոնում հասկանում եմ, հայոց լեզվի և գրականության ամբիոնում չեմ հասկանում»,- ասաց Երվանդ Սերոբյանը՝ ընթերցելով ամբիոնի  կանոնադրությամբ վարիչի պարտականության կետը։

Նա նաև ասաց, որ այս թեմայի շուրջ հետաքննիչը եկել է, իրենից ցուցմունք վերցրել, ինքը ներկայացրել է  ներքին իրավական ակտերը, իր և Հովհաննես Խորիկյանի նամակագրությունը։

Լևոն Բարսեղյանը Հովհաննես Խորիկյանին հարցեց՝ ինքն է դիմե՞լ ոստիկանություն ռեկտորի ժ/պ-ի պաշտոնական դիրքի չարաշահման  հանցակազմի կասկածով։ Հովհաննես Խորիկյանն ասաց՝ այո։

Ընթացքում վիճաբանություն սկսվեց Գագիկ Համբարյանի ու բուհի իրավաբան Արտաշես Հովհաննիսյանի միջև, որին միջամտեց Լևոն Բարսեղյանը։

«Պարոնայք Համբարյան և Հովհաննիսյան, եթե դուք ձեզ զսպելու դժվարություն ունեք, մենք նիստն ընդմիջում եք, մինչև դուք դահլիճը ազատեք, հետո շարունակեք։ Ժողովուրդ ջան, մեր նիստը բաց լինելու ամբողջ սկզբունքը հավասարությունն ու արդարությունն է, եթե դուք՝ պարոն Համբարյան,  հրապարկային ելույթի խոսք ունեք,անհնար է, դուք ցանկանաք բան ասել, ես էլ ասեմ չէ։ Ուրեմն կարիք չկա ռեպլիկ թողնել, էն մարդն էլ էնտեղից բարկանա ու դառնա մի կաթիլ մեղրը, համարեք սա նախազգուշացում ձեզ և մնացած բոլոր ներկաներին, այսուհետ կարողացեք զսպել ձեզ։ Եթե էդ մակարդակի խոսակցություն է, այս դահլիճից դուրս ունեցեք էդ խոսակցությունն իրար հետ», -ասաց Լևոն Բարսեղյանը։

Հոգաբարձուների խորհրդի  մի քանի անդամներ կարծիք հայտնեցին չքննարկել Հովհաննես Խորիկյանի դիմումը, քանի որ նա դիմել է իրավապահներին, միգուցե այնտեղ վեճը հանգուցալուծում ունենա ու այլևս կարիք չլինի հոգաբարձուների խորհուրդի անդրադարձին։

Լևոն Բարսեղյանն  առաջարկեց  դիմումի քննարկումը կասեցնելու որոշում կայացնել և դիմել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի և նաև  արդարադատության նախարարությունների իրավաբաններին, կարծիք լսել՝ այս հարցի քննարկումը վերաբերելի՞ է արդյոք բուհի հոգաբարձուների խորհրդին։

«Իրավաբանական մեկնաբանություն ստանանք, հետո որոշենք՝ քննարկո՞ւմ ենք, թե՞ չենք քննարկում, իսկ քննարկել, չքննարկելը հենց այդ մեկնաբանության մեջ կերևա, իրենք  կարծիք թող տան՝ տեղի է ունեցե՞լ լիազորությունների անցում կամ ասենք վարչարարության խախտում, առավել ևս պաշտոնեական դիրքի չարաշահում»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Հոգաբարձուների նիստի ընթացքում անդրադարձավ եղավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի բուհի հնարավոր լուծարման մասին արված հայտարարությանը։
Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930