Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է շիրակցի երիտասարդների մասնակցությունը եվրոպական միջազգային ծրագրերին նվազել

Փետրվար 28,2024 23:33

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որը Հայաստանում համակարգում է «Էրազմուս + երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերը, այսօր անակնկալ արեց Շիրակի պետական համալսարանի ուսանողներին։

Երկու ուսանողներ ոչ մրցութային կարգով հնարավորություն ստացան կարճաժամկետ վերապատրաստման մեկնել Եվրոպական Միության անդամ երկրներից մեկը՝ Հունգարիա՝ Բուդապեշտ ու նաև Վրաստանի Հանրապետություն։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և Շիրակի մայր բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես իր ելույթում նշեց Արթուր Նաջարյանը, Շիրակի մարզի ուսանողների մոտ պակասել է հետաքրքրությունը միջազգային շարժունակության ծրագրերի հանդեպ։ Այս առումով, ըստ բանախոսի, առավել ակտիվ են մյուս մարզերի, հատկապես Լոռու, Տավուշի, Կոտայքի և Երևան քաղաքի երիտասարդները։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» գրեթե 15 տարի համագործակցում է Շիրակի պետական համալսարանի հետ, և ըստ Արթուր Նաջարյանի՝ տարիներ շարունակ Շիրակի մայր բուհն առաջամարտիկ ուսումնական հաստատություններից է եղել, որի ուսանողները մշտապես փայլել են տարբեր միջազգային շարժունակության ծրագրերի շրջանակներում։ Ցավոք, վերջին տարիներին՝ 2021 թվականից սկսած՝ Շիրակի պետական համալսարանի ուսանողների ակտիվությունը կտրուկ կրճատվել է՝ հասկանալի, նաև ոչ հասկանալի պատճառներով։

«Այսօր հայ ուսանողների և երիտասարդների, ինչպես նաև դասախոսների, երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների համար առկա են մասնագիտական և անձնային զարգացմանն ուղղված մեծաթիվ ծրագրային հնարավորություններ եվրոպական երկրներում, մասնավորապես կարճաժամկետ շարժունակության ծրագրերի տեսքով։ Եվ որպեսզի մենք կարողանանք աջակցել նաև Շիրակի մայր բուհի ուսանողների մասնակցությունը տարբեր միջազգային ծրագրերի, այսօր վերակնքում ենք բուհի հետ ունեցած հուշագիրը՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները», -ասաց Արթուր Նաջարյանը։։

Հուշագրի կնքումից հետո տեղի ունեցավ նաև տեղեկատվական հանդիպում, «Էրազմուս + երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող Մարինա Ղարագյոզյանը ներկայացրեց այդ ծրագրերի հնարավորությունները։

«Երբ ես Շիրակի պետական համալսարանի ուսանող էի, մեծ պայքար էինք մղում, որպեսզի կարողանայինք բուհի համար հատկացված տեղերից զբաղեցնել և հնարավորություն ունենալ փորձի փոխանակման, վերապատրաստման այցի մեկնել։ Այսօր այդ հնարավորությունը բուհը ընձեռում է տարբեր համագործակցությունների շրջանակներում, որոնցից մեկը հուշագրի բուն բովանդակությունն է։

Եվ ես կոչ եմ անում օգտագործել այդ հնարավորությունները, դարձեք աշխատաշուկայում մրցունակ․ այդ հնարավորությունները կան, մնում են դրանք օգտագործել»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև նշեց, որ այս ծրագրերը ֆորմալ կրթությանը փոխլրացնող կարևոր միջոց են, որոնք հիանալի կերպով նպաստում են ուսանողների ու դասախոսների մասնագիտական, աշխատանքային և անձնային աճին։

Կարճաժամկետ ու երկարաժամկետ այս ծրագրերն անվճար հասանելի են Հայաստանի Հանրապետության երիտասարդությանը, մասնավորապես ուսանողությանը, դրանք փորձի փոխանակում, ուսումնական ու աշխատանքային այցեր, սեմինարներ են, և բացի նեղ մասնագիտական, ոլորտային վերապատրաստումներից ու աշխատանքային պրակտիկայի ձեռք բերումից, հնարավորություն են տալիս շրջագայելու Եվրոպայում, տարբեր երկրների մշակույթներին, կառավարման մոդելներին ծանոթանալու և կապեր ձեռքբերելու։

Հայաստանն, ըստ Արթուր Նաջարյանի, մասնակցության առումով մինչև 2020 թվականն Արևելյան գործընկերության ամենաակտիվ երկրներից է եղել տարածաշրջանում, մրցակցությունը հիմնականում եղել է Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի միջև։ Հատկապես ակտիվ է եղել ուսումնական հաստատություններից ուսանողների հոսքը եվրոպական տարբեր երկրներ, սակայն համավարակն ու պատերազմն իրենց բացասական ազդեցությունը թողել են նաև այս ծրագրերի վրա։

«Նախկինում մենք սերտորեն համագործակցել ենք Հայաստանում գործող բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ․ և՛ բուհի ղեկավարության, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից մշտապես կարևորվել է ուսանողների՝ հատկապես միջազգային ծրագրերին մասնակցությունը, միջազգային փորձի ձեռքբերումը։

Հարկ եմ համարում նաև նշել, որ 2024 թվականին Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանին ընձեռվող երիտասարդական ծրագրերը կրճատվել են՝ համեմատ նախորդ տարիների․ Հայաստանը ծրագրերի դիմելիության ավելի նվազ հնարավորություն ունի։

Կարծում եմ, այս հարցում կա նաև քաղաքական մոտեցում ևս․ այսօր տարածաշրջանում Հայաստանը ու Ադրբեջանը ունեն սահմանափակ հնարավորություններ, մինչդեռ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պարագայում «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում ընձեռվող հնարավորություններն ավելացել են»,- ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը։

Եվրոպական Միության կողմից իրականացվող «Էրազմուս + երիտասարդություն» ծրագրի հիմնական ուղղություններն են՝ կրթությունը, երիտասարդությունը, սպորտն և զբաղվածությունը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829