Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ»

Հուլիս 06,2019 10:35

Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված բանաձևի մասին

«Այսպիսի հայտարարությունները որևէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևակերպումներ կան, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն. այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Առաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում: Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են: Նման բանաձևերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները և փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձևերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:

Դավիթ Բաբայանին հիշեցրինք՝ օրեր առաջ ՀՀ ԱԺ պատվիրակությունը նամակ էր ստացել անձամբ զեկուցող Ալան Ֆարելից այն մասին, որ նա մտադիր է հակահայկական վիճելի դրույթը հանել նախագծից, սակայն, փաստորեն այդպես էլ չի հանել: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այս վարքագիծը, նա պատասխանեց. «Սա այդ մարդու՝ խավիարի նկատմամբ սիրո, հակում ունենալու արդյունք էր: Մենք հանգիստ պիտի վերաբերվենք նման երևույթներին, համապատասխան եզրահանգումներ անենք և մեր աշխատանքները շարունակենք»:

Մեր այն հստակեցմանը՝ փաստորեն հայտարարություն որպես այդպիսին չի՞ նախատեսվում ԱՀ իշխանությունների կողմից, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հայտարարություն անենք, չանենք, կարևորը հետևություններ անելն է: Հայտարարություն անելը երկրորդական է, պետք է ճիշտ քայլեր մշակել: Հետևությունն այն է, որ պետք է ամեն ինչ անել, ու պահպանել մեր միասնականությունը, բանակի մարտունակությունը: Այսպիսի փաստաթղթեր եղել են, կան ու կլինեն, քանի կա փողը. մանավանդ եվրոպական կառույցներում ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում: Բայց այսպիսի փաստաթղթերը որևէ պարտադիր ուժ չունեն»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06․07․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031