Աշխարհի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման նախաձեռնությամբ աշխարհի ավելի քան քսան երկրներից շուրջ 250 հայ երիտասարդներ Արցախում են։ Հուլիսի 4-ին Սուրբ Էջմիածնում ուխտագնաց երիտասարդները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Այնուհետև այցելեցին Նորավանք և ճանապարհվեցին դեպի Արցախ։
Աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդներին համախմբեց կարոտն առ Հայրենիք, մայր լեզուն և պատմամշակութային արժեքները։ Հուլիսի 5-ին խումբը Ստեփանակերտում հանդիպեց ԱՀ նախագահի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Արցախյան թեմի հաստատման 30-ամյակի առթիվ հնչեցին փոխադարձ շնորհավորանքի և քաջալերանքի խոսքեր։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պետական այլ այրեր։ Հանդիպումից հետո երիտասարդները ծաղիկ խոնարհեցին արցախյան և ապրիլյան պատերազմներում զոհված հերոսամարտիկների շիրիմներին, աղոթեցին նրանց հոգու հանգստության համար։
Այցելեցին «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր, պատմական Տիգրանակերտ։ Երեկոյան ծանոթացան զինվորների առօրյային, տեղի ունեցավ զինվորական ցուցադրություն և պարգևատրում։
Հուլիսի 6-ին խումբն Ամարասում էր, որտեղ թեմերի ներկայացուցիչ հոգևորականների կողմից անցկացվեց Արևագալի ժամերգություն։ Հագեցած օրվա ավարտը Շուշիում կազմակերպված համերգային ծրագիրն ու գալա խնջույքն էր։ «Դեպի սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները վերադառնում են հուլիսի 8-ին:
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ






















































Ով սփյուռքում կարոտում է Հայրենիքին, թող գա, բնակվի ազատագրված շրջաններում։ Մնացածը միայն բառեր են։