Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել եւ այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել». Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին ու բնապահպաններին

Օգոստոս 28,2019 20:30

Այսօր լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին փոխանցեցին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերը, որը հիշեցրել էր, թե ինչպես էր վարչապետը ժամանակին ասում, որ պետք չէ վախենալ արբիտրաժից: ԲՀԿ-ականը հարց էր ուղղել վարչապետին, թե հիմա ինչի՞ է ինքը վախենում արբիտրաժից, անգամ իրենք պատգամավորներով պատրաստ են իրենց մի քանի ամսվա աշխատավարձից տրամադրել, եթե խնդիրն այն տուգանքն է, որը պետք է լինի: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես կառաջարկեմ, որ հիմիկվանից սկսեն տրամադրել, որովհետեւ Հայաստանում շատ ու շատ անլուծելի խնդիրներ կան, որոնք նախկին իշխանության ժամանակվանից են եկել: Տիկին Զոհրաբյանն ազատ է իր աշխատավարձը տրամադրել տարբեր խնդիրներին: Ինչ վերաբերում է վախենալուն, երբ որ երկրում իշխանությունն ընտրված է, ինքը արտաքին աշխարհում որեւիցե բանից չի վախենում»:

Aravot.am-ի հարցին՝ Ամուլսարի հարցով որոշումը կարո՞ղ է ինչ-որ առումով հարվածի տակ դնել իշխանության հեղինակությունը, վարկանիշը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կարող է, եթե իշխանությունն իրեն պահի ակտիվիստի նման: Մարդանց, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում այդ քայլի համար, միգուցե ազդի: Ես հաճախ կարծիքներ եմ լսում, որ մենք շատ ենք դանդաղում եւ ավելի շատ ենք ձգում եւ փորձում բոլորին գոհացնել՝ որոշում կայացնելու փոխարեն, այդ առումով, կարող է ազդել»:

ԱԺ բյուջեից գորգերի լվացման համար 5 մլն ծախսելը բուռն քննադատության էր արժանացել, ուստի հարցրեցինք՝ որպես ԱԺ փոխնախագահ ձեր տեսակետը ո՞րն է, արժե՞ր այդքան ծախսեր, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Պոստ ֆակտում քննադատեմ կամ գովաբանեմ իմ գործընկերներին, երբ դուք ամեն ինչ գրել եք, ամեն ինչ ասվել է, զուտ նշանակում է Ալեն Սիմոնյանին հակադրել կամ վերագրել այս կամ այն բանը, ես դա չեմ անի: Կա իրողություն եւ կա կարծիք,որ դա պետք էր եւ կա կարծիք, որ միգուցե դա պետք էր անել այլ ձեւով»: Հարցին՝ ձեր կարծիքը բա ո՞րն է՝ նա պատասխանեց. «Մենք շատ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ոչ այնքան կարեւոր բաներին ու ուշադրություն չենք  դարձնում շատ ու շատ կարեւոր հարցերի: Թրենդային ենք դարձնում, ֆեյսբուքում «saveAmulsar» գրած շատ ու շատ մարդիկ ֆիզիկապես չգիտեն, թե որտեղ է գտնվում Ամուլսարը ՀՀ տարածքում: Բայց երբ որ Իջեւանում ծառ էին կտրում, չգիտես ինչու, այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում: Ես չտեսա ձեր ասած այն գործընկերներին, որոնք պատրաստ էին աշխատավարձը տալ, որպեսզի այդ մարդիկ ապրեն եւ ծառ չկտրեն: Ես չտեսա այդ շարժումը, որը գնում էր գոյություն ունեցող ծառը, ոչ թե վիճարկելի որեւիցե քննարկվող զեկույցի հարցը պաշտպանի: Այդ սելեկտիվ վերաբերմունքը իմ համար, օրինակ, պրոբլեմատիկ է: Եթե ես բնապահպան եմ, կամ եթե ես քաղաքական գործիչ եմ, ես չեմ կարող կիսատ լինեմ, այսինքն՝ այստեղ ես չեմ խառնվում, այնտեղ խառնվում եմ: Այ դա ինձ անհանգստացնում է, որովհետեւ հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել եւ այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031