Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Եթե հոգեւորական ես՝ քղամիդը հագել ես՝ քեզ հետ կապված հարց չկա. կոչումի հետեւում թաքնվում, ստանում են անձեռնմխելիություն»

Հոկտեմբեր 09,2019 18:45

«Կան դեպքեր, երբ կոչումի հետեւում թաքնվում են եւ ստանում են անձեռնմխելիություն»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին՝ իր ամփոփիչ ելույթում: Վարչապետը խորհրդաժողովում հնչած տարբեր մասնագետների կարծիքները գրի էր առել ու վերջում հերթով պատասխանում էր դրանց:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդրի եւ ուսուցիչների մասին մասնակցի դիտարկումներին, վարչապետն ասաց.«Ասվեց, որ ուսուցչի աշխատանքի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք: Իսկ ո՞ւմ շրջանում: Եկեք տարբերակենք ուսուցչի կոչումը»:

Փաշինյանն ասաց, որ կան դեպքեր, երբ կոչումի հետեւում թաքնվում եւ ստանում են անձեռնմխելիություն. «Օրինակ՝ ազատամարտիկ. բարձր է հնչում, բայց ունենք երեւույթներ, որ ազատամարտիկ կոչման հետեւում  նշանակում է՝ թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք: Նույնը  հոգեւորականի կոչումը: Նույնը՝ ուսուցչինը: Պետք է հասկանանք՝ այսօր ունենք վիճակագրական իրողություն եւ բովանդակային իրողություն: Վիճակագրականն է՝ մոտ 10 հազար մարդ է աշխատում հանրակրթության ոլորտում, եւ ունենք իրողություն, երբ ուսուցիչ կոչման ներքո աշխատում են ոչ բավարար գիտելիք ունեցող մարդիկ, դասախոս կոչման դեպքում էլ:

Ես հիշում եմ պետական համալսարանում էի սովորում, դասախոսը մտավ լսարան ու ասում էր աշխարհագրության մասին իր պատկերացումը՝ «սկզբում Նախիջեւանն է գալիս, հետո՝ Իջեւանը»: Ինքը գիտական կոչում ունեցող մարդ էր: Այսպիսի երեւույթներին պե՞տք է անդրադառնանք, թե՞ ասենք՝ ազատամարտիկ, եթե «կոռըչկան» ունես, վերջ, քեզ հետ հարց չկա, եթե հոգեւորական՝ քղամիդը հագել ես՝ քեզ հետ կապված հարց չկա, եթե ուսուցիչ՝ դու սրբության սրբություն ես: Հարցն այն է, թե՝ ով այդ վկայականն ունի՝ որքանո՞վ է համապատասխանում կոչումին: Ես այդպես եմ վերաբերվում ոչ միայն ուսուցչի կոչմանը, ես նաեւ վարչապետի կոչմանն եմ այդպես վերաբերվում: Երբ խոսում ենք կրթական համակարգի մասին՝ մենք պետք է հարց տանք՝ դասախոսական «գիլդիայի» մակարդակն ինչքանո՞վ է համապատասխանում մեր այսօրվա պահանջներին, եւ մենք գնալու ենք այս հարցերը տալու ենք: Եվ լինելու են ցույցեր, բողոքի ակցիաներ, էն բաները հանելու են, բա մենք գիտության…:Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական դիսերտացիաներին: Ում մոտենում ենք՝ պարզվում է կեսը կեղծ է: Ես տարբերակ չեմ տեսնում առանց սրան անդրադառնալու, որ կարող ենք կրթության կամ գիտության ոլորտում մի բան անել: Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031