Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստին Արայիկ Հարությունյանը Աղաջանյանի «սուտը» բռնեց

Հոկտեմբեր 10,2019 13:14

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է Երեւանի 2801 ամյակը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարությունները, որոնք ամեն տարի նշվում են հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի տեղափոխել հոկտեմբերի 19-ին՝ հաշվի առնելով այդ օրվա ծանրաբեռնվածությունը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց՝ նախագծում նշված է, որ ԿԳՄՍ-ի նախարարին՝ Երեւանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնակատարությունների ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերել. «Սա մեզ ոչ կարծիքի է եկել, ոչ էլ տոնական միջոցառումների ցանկ ենք մենք տեսել, եւ ոչ էլ Երեւանի քաղաքապետարանն է մեզ դիմել: Հիմա տոներից հետո ո՞նց ենք պարզելու՝ տոնական միջոցառումներին նախարարությունը աջակցել է, թե՝ ոչ»:

Պապիկյանն արձագանքեց՝ գերատեսչությունները կամա թե ակամա աջակցություն ունենում են: «Բայց այս նախագիծը շրջանառվել է, թե ինչո՞ւ չի հասել նախարարություն»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետ Փաշինյանը միջամտեց. «Լավ, էս խնդիրը ինչի՞ չի լուծվում: Ամեն անգամ պարզում ենք, որ ինչ-որ տեղ չի գնացել»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ պարզաբանեց, որ այս տոնակատարությունների օրը փոխվել է՝ պայմանավորված մրցութային ընթացակարգերի թերի լինելու պատճառով, քաղաքապետարանը միջոցառումների համար մրցույթ է հայտարարել, հետո այն տեղի չի ունեցել. «Քաղաքապետարանից նախագիծը ստացել ենք ուշ: Պարոն քաղաքապետը խնդրել է այս նիստի օրակարգ ներառենք հարցը, այլ տարբերակ չկար, հոկտեմբերի 19-ը որոշված է»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի դժգոհությանը, թե նախարարությունը նախագիծը չի ստացել, Աղաջանյանը հստակեցրեց՝ 2005 թվականից այս որոշումը գործում է, հետեւաբար, նոր բան չէ:

Փաշինյանը կատակեց. «Այսինքն 14 տարի առաջ ձեզ զեկուցել են»:

Աղաջանյանն արդարացավ՝ գուցե պետք էր ավելի շուտ ուղարկել, բայց նախագծի հեղինակը կառավարությունը չէ: «Ի՞նչ կապ ունի, կառավարությունը բարձրագույն գործադիր մարմին է»,-ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ կառավարական նիստին սա քննարկման չի դրվել, եւ առաջարկեց տոնի օրն այս տարվա համար բացառություն անել, բայց Էրեբունի-Երեւան տոնի օրը թողնել միշտ նույնը՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Ապա Արայիկ Հարությունյանը պարզաբանեց՝ նախագիծը հենց նիստի ժամանակ նայեց. «Նայեցի որոշումը, ես դրսում այդ ժամանակ ասպիրանտուրա էի սովորում, կարող է չիմանայի դրա մասին: Բայց բացեցի ու նայեցի, սա նոր բան է, նոր հանձնարարական»:

Որոշվեց՝ այս տարի Երեւանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031