Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի եւ Էրդողանի դասերը. մի-քանի «ոչ կոռեկտ» նկատառումներ

Հոկտեմբեր 22,2019 22:00

Լրջագույն ներքին խնդիրներ ունեցող Թուրքիայի նախագահ Էրդողանը, կորցնելով վերջին ընտրություններին Ստամբուլը եւ Անկարան, որոշեց ձեռք գցել Սիրիայի հյուսիսի վրա՝ ռազմական գործողությանը ներառելով իր բազմահազարանոց պրոքսիներին, անունը դնելով «Խաղաղության գարուն»։

Այս կապակցությամբ ձեւավորվում է մի իրողություն, որի պարզ նկարագրությունը ներկայիս վերբալ պայմանականությունների պայմաններում դասվում է «ոչ կոռեկտ» նկատառումների շարքին, բայց եւ այնպես, այս ամենի մասին ուղղակի չի կարելի չխոսել։

Սիրիայի հյուսիսն, ինչպես հայտնի է, վերջին տարիներին գտնվում էր քրդական ուժերի վերահսկողության ներքո, որոնք սիրիական քաոսում փորձում էին ամերիկացիների գործուն աջակցությամբ կայունության գոտի ստեղծել։ Էրդողանը նրանց «տեռորիստներ» է կոչում, մինչդեռ 2001-ից, երբ միջազգային տեռորիզմը դարձավ միջազգային քաղաքականության կարեւոր օրակարգային հարցերից մեկը, այն դարձավ նաեւ ավտորիտար-բռնապետական հակումներ ունեցող առաջնորդների «սիրելի խաղալիքը»։ Եվ այժմ նրանք այդպես են կոչում ոչ թե բառիս ուղղակի իմաստով ահաբեկիչներին, այլ բոլոր իրենց ընդդիմախոսներին՝ «վատ տղաներին»։ Եվ ահաբեկչության դեմ պայքարը վերածվել է նաեւ բոլոր բռնապետերի առեւտրի առարկայի՝ քաղաքակիրթ աշխարհի հետ իրենց հարաբերություններում։ Նման պահվածքով, ինչպես տեսնում ենք, առավել ակնառու «արդյունքների» հասել են Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները։

Իսկ Դոնալդ Թրամփի նախագահության պարագան կարծես նրանց այդ հակումներում կանաչ լույս վառեց։ Եվ…  խե՜ղճ Սիրիա։ Եվ վա՜յ նրանց, ովքեր իրենց անվտանգության եւ պաշտպանության ապահովումը վստահել են դաշնակցին, առանց սեփական ինքնաբավության մասին հոգալու։

Ի տարբերություն եվրոպացիների մեծ մասի, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո առայժմ միայն զինաթափվել են, իսկ Վաշինգթոնի պահանջը՝ կատարել ՆԱՏՕ-ի առաջ իրենց պարտավորությունները՝ ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը, համարում են «ոտնձգություն ընդդեմ ինքնիշխանության», քրդերը վերջին հինգ տարիների ընթացքում ե՛ւ զինվել են, ե՛ւ պատերազմի բովով անցած զինուժ ստեղծել։ Սակայն դա էլ չի փրկում, երբ չունես ոչ պետություն, ոչ որակյալ դիվանագիտական ինստիտուտ, ոչ էլ համընդհանուր պատշաճ պատկերացում, թե աշխարհից ինչ ես ուզում (լոզունգները չհաշված) ընդհանրապես։

Թրամփի բավականին ուտիլիտար եւ հարափոփոխ մոտեցումներն ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ Մերձավոր Արեւելքում անխուսափելիորեն հետեւանքներ են թողնելու ոչ միայն տվյալ տարածաշրջանում, այլեւ ուղղակի հարվածի տակ են դնում Տրանսատլանտյան գաղափարը, եւ ԱՄՆ ապագա առաջնորդները դեռ շատ ջանք պետք է թափեն կորցրածը ետ բերելու համար։ Իսկ Եվրոպան առայժմ դրան որեւէ պատասխան ռազմավարություն չի ձեւակերպել, եւ չկա որեւէ ազդակ, որ մոտ ապագայում դա կարվի, չհաշված իրականությունից կտրված եւ անբովանդակ կոչերը «համաեվրոպական բանակ» ստեղծելու մասին, որոնք կարճատեւ քարոզչական էֆեկտից բացի՝ այլ ազդեցություն չեն կարող ունենալ։ Մեծ հաշվով, նույնիսկ միամտություն կլիներ քաղաքական դասի վերածված բյուրոկրատներից եւ հաշվապահներից այլ բան սպասելը…

Եվրոպան, ժամանակին ծնունդ տալով Նոր Աշխարհին, 80 տարի առաջ պաշտպանության կենսական կարիքն ուներ. նախ, նացիզմից, այնուհետեւ բոլշեւիզմից քաղաքակրթությունը փրկելու, այնուհետեւ ավերակներից վեր հառնելու եւ արժանապատվությունը վերականգնելու համար։ Բայց դա հնարավոր եղավ, երբ Նոր Աշխարհն ինքը հարձակման ենթարկվեց (Փերլ-Հարբոր), իսկ այդ ժամանակ կար մեկ Ռուզվելտ, մեկ Ատլանտյան խարտիա եւ վերնախավ, որ առաջնորդվում էր America first կարճամիտ կարգախոսով։ Այժմ հակառակն է պատկերը։ Կա վերնախավ, որը ամեն ինչ տեսնում է եւ կարծես գիտի, ինչ է ուզում, եւ կա նախագահ, որն այդ ամենին խոչընդոտում է, որքան կարող է, կամ ստիպված ընդառաջում է, երբ այլ մոտեցումն ուղղակի վտանգելու է իր անձնական դիրքերին, ինչպես դա եղավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենքի (CAATSA) պարագայում 2018-ի օգոստոսին, որպեսզի հետո իրագործումը հետաձգելու՝ հազար ու մի պատճառներ ներկայացնի… Սակայն, չկա որեւէ երաշխիք, որ 2020-ից հետո իրավիճակը նույնը չի մնա, այլ ի ուրախություն այս ամենի վրա ուղղակի հրհռացող նեոկայսերապաշտ բռնապետերի՝ այն կարող է եւ շարունակվել, դարձնելով գոյաբանական սպառնալիքները դառը իրականություն շատերի համար։

Ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման դատապարտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չստացվեց, եւ ո՞վ էր գլխավոր խոչընդոտը։ Ճիշտ կռահեցիք. Ռուսաստանը՝ այս քաոսի գլխավոր շահառուն։ Ի՞նչ հակադրեցին սրան եվրոպացիները։ Էական եւ շոշափելի՝ ոչի՛նչ։ Ամերիկացիներն էլ փորձում են հասնել գնացած գնացքի հետեւից… Թող փորձեն։

Այստեղ արդեն ավելի կարեւոր է, թե մե՛նք ինչ հետեւություններ կանենք։

Բնականաբար, մեզ այլ ընտրություն չի մնում, քան առավելագույնս բարձրացնել անկախության եւ ինքնիշխանության մակարդակը եւ կարողությունները, հզորացնել եւ արդիականացնել մեր զինված ուժերը, տնտեսությունը, խթանել հայրենադարձությունը, առաջնորդվել այն գիտակցությամբ, որ մենք ունենք միայն երկու դաշնակից. բանակ եւ դիվանագիտություն։

Հայաստանի եւ Արցախի դեմ քարոզչական՝ հիբրիդային պատերազմը սանձազերծված է վաղուց՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, դրա նպատակն է կոտրել հայերի կամքը, հույսը, հավատը սեփական ապագայի նկատմամբ, պարտադրել սեփական կամքը, սեփական հույսն ու հավատը դարձնել իրականություն։ Սա գոյաբանական պայքար է, որի արագ անցումը զուտ ռազմական գործողությունների փուլի կարող է տեղի ունենալ տարբեր գլոբալ կամ տարածաշրջանային «սեւ կարապների» պարագայում։ Իսկ 21-րդ դարում բանակները պարզապես «բութ եւ ծանր գործիք» են՝ հակառակորդի գլխին խփելու համար, եւ կռվում են ոչ թե հրազենը, տանկերը, թնդանոթները, այլ հետեւակայինը, տանկիստը, արտիլերիստը՝ մարդը, կռվում եւ հաղթում են հասարակությունները՝ ազա՛տ հասարակություններն, այլ ոչ թե ստրուկների խառնամբոխը, թեկուզեւ զինված ամենաարդիական «երկաթեղենով»։ Իսկ օգնել ձեռնտու է ուժեղներին, որոնք մեծ հաշվով այդ օգնության կարիքը չունեն, պատրաստ են պայքարել առանց որեւէ օգնության, եւ գլխավոր դասն է, որ տվեցին Թրամփն ու Էրդողանը, վարագույրի հետեւում հրհռացող Պուտինով հանդերձ, որ այդ կարիքն ունեցողներին ուղղակի չե՛ն օգնում։ Իսկ բացատրությունները կգտնվեն, ընդհուպ մինչեւ քրդերի չմասնակցելը Նորմանդիայի օպերացիային….

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ CNBC-ի

«Առավոտ» օրաթերթ
22.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ցավոք,այսօր էլ արդիական է Մեծն Շիրազի ասածը,,Կանգնեմ Մասիսի գագաթին և թքեմ քաղաքակրթության ճակատին,,:ԱՄՆ նախագահի համար մարդկանց կոտորելը խաղ է իսկ դրանով զբաղվողները երեխաներ…..

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031