Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազիկ Ամիրյանի դրած փողերն էլ են հաշվում ու ասում` յուրացում». Մանվել Գրիգորյանի կնոջ փաստաբան

Նոյեմբեր 11,2019 17:19 Share

«Հերթական շինծու գործն է իր բոլոր իրավական հետևանքներով»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Բյուրեղավանի «Հայապակի» ընկերության նախկին սեփականատեր Նազիկ Ամիրյանի դեմ ընկերության դեպքով հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ամրագրված է,  որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։

Փաստաբանն այս առիթով մանրամասնեց. «Թեպետ կանոնադրական կապիտալը եղել է մի քանի հարյուր միլիոն դրամի չափով, բայց գործարանը որպես այդպիսին վաճառքի պահին եղել է թալանված վիճակում: Ցանկացած լիազոր մարմին ցանկության դեպքում կտեսնի, որ այդպես է: Մեր վստահորդը գնել է այդ գործարանը և վերցրել որոշակի պարտավորություն: Գործարանը գնվել է պարտքերի մեջ թաղված վիճակում: Հայտնվել են տարբեր տեղերից պարտատերեր՝ աշխատողներ և այլն: Մեր վստահորդը ներդրումներ է կատարել, դիմել տարբեր բանկային միավորների, որ տոկոսով գումար վերցնի, որ այդ պարտավորությունները կատարի: Ցավոք, այդ ժամանակ տնտեսական քաղաքականությունը եղել է այնպիսին, որ արդյունքում պետական լիազոր մարմինը մտել է, որ սնանկ ճանաչի: Մեր վստահորդը, որ կարողանա ընկերությունը պահել, փորձել է մասնակի վաճառել այդ գործարանը, բացել է համապատասխան ընկերություն այն մասը, որ վաճառել են երրորդ անձին, ինքն է գնել և ներդրումներ փորձել կատարել: Եվ դրանից հետո պետական լիազոր մարմինը տարել է սնանկացման: Արդյունքում գործարանը վաճառվել է: 15 տարի է անցել, որոշել են, որ սնանկությունը կեղծ է եղել, պետական լիազոր մարմինը կեղծ սնանկության գործարքի է գնացել, մեղադրում են մեր վստահորդին մի բանում, որը չկա»:

Լևոն Բաղդասարյանը վստահեցրեց՝ հերթական հնարովի քրեական գործն է:

Նազիկ Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, հիշեցնելով, որ ոստիկանության հաղորդագրության մեջ գրված է 700 միլիոն դրամ, նշեց. «Հայտարարության մեջ գրված է 700 միլիոնից ավելի խաբեությամբ միջոցների յուրացման մասին, սակայն մոռանում ենք 573 միլիոն կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության ութսուն տոկոսի մասին: Հաշվեք դա ինչ է, որի մեջ մեծ արժեք ունի մի գույք, որը 1992 թվականին ներմուծվել է ՀՀ և մինչ օրս գտնվում է գործարանում և մեկ անգամ չի աշխատել, քանի որ փչացած է եղել: Մոռանում են, որ 570 միլիոնը ութսուն տոկոսն է եղել, որով վաճառել է պետությունը, դրանից չեն հանում 140 միլիոնը: Միայն դրանով հերիք է, որ շիծու լինելը պարզ դառնա: Պլյուս հանեք, որ 2001-ին 180 միլիոն էլ ներդրում է եղել: Ներդրումն են հաշվում մարդու: Այդ ամենը պյուս են անում, այդ մարդու դրած փողերն էլ են հաշվում, ու ասում` յուրացում»:

Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ Նազիկ Ամիրյանը մեղադրանքն անհիմն է համարում: Իսկ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ եթե Նազիկ Ամիրյանն ուզեր վաճառել, տաներ սնանկությունով վաճառեր, այդ կազմակերպությունն իր ձեռքի տակ էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930