Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Բաղդասարյանի պաշտպանը նախընտրում է լռել իր պաշտպանյալին մեղսագրվող մոտ 9 միլիոն դրամի չարաշահումների մասին

Նոյեմբեր 11,2019 22:30

Դատարանն այսօր որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին:

Դատախազությունը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: Նախկին թաղապետի պաշտպան Լեւոն Անանյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ այն պայմանավորում է իր քաղաքական հայտարարություններով ու իշխանությանը քննադատելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ Ոստիկանության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 միլիոն 720 հազար 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

«Գտնում ենք, որ մեղադրանքի առաջադրումը վաղաժամ է, խորությամբ քննություն պետք է տարվի »,- ասաց Լեւոն Անանյանը:

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի ողջ ծավալն իրեն դեռ հասու չէ, բայց այնքանով, որքանով ծանոթացել է, գործում իր պաշտպանյալի դեմ գրեթե ցուցմունք չկա: Անդրադառնալով մեղադրանքի այն դրվագին, ըստ որի որոշ հաստիքներով նախատեսված աշխատանքը չի արվել,աշխատակիցները աշխատանքի չեն գնացել՝ փաստաբանն ասաց, որ այդ աշխատակիցներն այլ աշխատանք են արել հօգուտ վարչական շրջանի: Ինչ վերաբերում է Դավթաշեն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած տարիներին հիմնադրամի ֆինանսական միջոցների չարաշահումներին՝ փաստաբանն ասաց՝ դեռ զերծ կմնա մեկնաբանություններ անելուց:

Հիշեցնենք, որ Ոստիկանության հաղորդագրությունում ասվում էր՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգով համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր: Այսպիսով՝ 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930