Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Շրջանավարտների համար շատ բարձր նշաձող է սահմանել Չափորոշչի նոր նախագիծը, որն իրականություն դարձնելու համար այնքա՜ն բարեփոխումներ պիտի արվեն

Նոյեմբեր 14,2019 14:04

«Հայկական ժամանակ» թերթում քիչ առաջ կարդացի հարգելի տիկին Անափիոսյանի հարցազրույցը՝ «Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ»։

Մասնակցել եմ այս նախագծի թեմատիկ քննարկումներից երկուսին՝ մարդու իրավունքներ և կրթության ներառականություն թեմաներով։ Այդ քննարկումների ժամանակ եղել են բազմաթիվ առաջարկներ և  վերջնական փաստաթուղթը դեռ չի հրապարակվել, որպեսզի իմանանք, թե առաջարկներից որոնք և որքանով են ընդունվել։ Այնուամենայնիվ, տիկին Անափիոսյանը վստահեցնում է, որ այս նախագծով նախատեսվում է կրճատել երեխաների ծանրաբեռնվածությունը, տնային աշխատանքների ծավալը, երեխաներին ավելի գործնական կիրառությունների հմտություններ տալ, որը շատ լավ նպատակ է։ Սակայն երբ համեմատում եմ այսօրվա գործող Պետական չափորոշչով   հանրակրթական հիմնական ծրագրերի հենքային ուսումնական պլանն ու նոր նախագծով սահմանվածը, ապա տեսնում ենք, որ նախագծում ավելացել են ժամերը։ Գործող Չափորոշիչներում տարրականի համար սահմանված է՝

1)տարրական` 3204 ժամ, 2) հիմնական (միջին դպրոց)` 5576 ժամ, 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3468 ժամ, իսկ նոր նախագծով՝ 1) տարրական` 3346 ժամ (+122ժամ), 2) հիմնական (միջին դպրոց)` 5678 ժամ(+102 ժամ), 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3570 ժամ(+102 ժամ)։ Հարց է ծագում, ինչպե՞ս կարող են ուսումնական պլանով ժամերն ավելանալ, բայց երեխաների ծանրաբեռնվածությունը նվազել։ Գուցե այս ավելացված ժամերը նախատեսվում են   դպրոցական բաղադրիչի շրջանակում երաշխավորված առարկաների, խմբակների և ուսումնական նախագծերի համա՞ր, որովհետև  ըստ տիկին Անափիոսյանի, «մեծացնել դպրոցական բաղադրիչը, տալ դպրոցին հնարավորություն, որ ինքն ընտրի, թե ինչ առարկա է ուզում դասավանդվի, մենք ուսումնական պլանի մաս ենք դարձնում խմբակները, որ յուրաքանչյուր աշակերտ առնվազն մեկ խմբակում ընդգրկվելու հնարավորություն ունենա»։  Այդ դեպքում արդյո՞ք արվել է համապատասխան հաշվարկ, թե նախագծով ավելացված ժամերը յուրաքանչյուր աշակերտի համար, իր նախասիրությունից ելնելով,  տարեկան քանի՞ երաշխավորված առարկայի, խմբակի կամ ուսումնական նախագծի  մասնակցություն կարող է ապահովել, չէ՞ որ սա ենթադրում է նաև անհատական ուսումնական պլան։ Այս նախագծով պահուստային ժամաքանակ չի նախատեսվում, իսկ  գործող փաստաթղթում առկա է պահուստային ժամաքանակ՝ տարրականում 390-1040 ժամ, միջինում՝  1100-1950  ժամ, ավագում՝ 1360-2380 ժամ։ Հենքային ուսումնական պլանով նախատեսված պահուստային ժամաքանակը բաշխվում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) սահմանված առարկաների միջև կամ թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սահմանելով դրա տնօրինման կարգը:

Ուզում եմ անդրադառնալ նաև տարրական, միջին և ավագ դպրոցների շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին, որոնք կարդալիս սիրտդ հպարտությամբ է լցվում։ Այդպիսի զգացում եմ ունեցել նաև գործող Պետական չափորոշիչը կարդալիս։ Օրինակ, գործող փաստաթղթում միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետք է․

լիարժեք տիրապետի գրական հայերենին՝ ա. խոսի և գրի գրագետ, սեփական մտքերն ու տեսակետներն արտահայտի հակիրճ և դիպուկ, զերծ զանազան ավելորդաբանություններից։ Իրականության մեջ ակնհայտ է, թե որքանով են մեր շրջանավարտները լիարժեք տիրապետում  մայրենիին, իսկ եթե լիարժեք տիրապետում են, ապա ինչո՞ւ են որոշ մասնագիտական բուհերում պահանջում պարտադիր դարձնել մայրենիի ուսուցումը։

Նորում այս նախադասությունը փոխարինված է․ Ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր խոսք այն դեպքում, երբ գործող չափորոշչում  առանձին  տողով նշված էր Հայոց լեզու և գրականություն ու հատկացված էր 2000 ժամ, իսկ նորով կա մեկ տող՝ «Հայագիտություն» 2746 ժամով ու այն 5-6-րդ դասարաններում ներառում է «հայոց պատմություն, մշակույթ, լեզուն գրականությունը, Հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը՝ ինտեգրված առարկայով, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»։ Այսինքն, հայոց լեզվին ու գրականությանը հատկացվող ժամերն այս նախագծով առանձին չեն երևում, իսկ շրջանավարտին ներկայացվող չափորոշչի պահանջը․ «Ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր խոսք», արդյո՞ք նախատեսվող ժամերով հնարավոր է լինելու։ Ընդհանրապես, շրջանավարտների համար  շատ բարձր նշաձող է սահմանել Չափորոշչի նոր նախագիծը, որը իրականություն դարձնելու համար այնքա՜ն բարեփոխումներ պիտի արվեն։  Չեմ ցանկանա դրանք չիրականացնելու դեպքում նորից մեղավորներ փնտրենք, եկեք առայժմ մի քիչ այդ նշաձողն իջեցնենք, այս մասին արդեն ասել եմ քննարկումների ժամանակ։

Նաև նկատենք, որ, ըստ այս նախագծի, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան 7-12-րդ դասարաններում պետք է դասավանդվի առանձին առարկայով։ Հետևաբար, ընդհանուր առմամբ համամիտ լինելով  հոկտեմբերի 30-ին «Հայկական ժամանակ» -ում տիկին Անափիոսյանի արտահայտած մտքի հետ ․ « Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար», այնուամենայնիվ հիշեցնեմ, որ  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչում գրված է․ «Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության անհրաժեշտու­թյունը հանրակրթական դպրոցում պայմանավորված է աճող սերնդի սոցիալ-հումանիտար կրթու­թյունը լրացնելու, նոր սոցիոմշակութային պայմաններում աշխար­հիկ դպրոցում դաս­տիա­րակչական գործառույթների զարգացման մանկավար­ժական պահանջներով, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման հոգևոր-բարոյական հիմքերը վերականգ­նելու ձգտում­ներով։»

Կարծում եմ ԿԳՍՄ փոխնախարարի և այս նախադասությամբ արտահայտած մտքերը հրաշալիորեն լրացնում են միմյանց։

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930