Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Հայաստանը կարող է վերադարձնել արտերկրում պահվող գումարները՝ մասնագետների խորհուրդը. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 22,2019 23:23

«Ամերիկայի Ձայն». Ո՞րն է նախկին կոռումպացված ռեժիմների օրոք երկրից ապօրինաբար արտահանված միջոցների վերադարձի հաջողության գաղտնիքը եւ որքանո՞վ Հայաստանին կհաջողվի վերադարձնել արտերկրում պահվող այդ միջոցները: Այս հարցն է «Ամերիկայի Ձայն»-ը քննարկել մասնագետների հետ, ովքեր որոշ հաջողությունների են հասել այս ոլորտում:

Շրջակա միջավայրի եւ տնտեսական արդարության աֆրիկյան համացանցի գործադիր տնօրեն Դավիդ Ուգոլորի խոսքով, հաջողության բանալին հասարակության լայնածավալ ներգրավումն է հափշտակված միջոցները վերադարձնելու գործընթացում. «Նիգերիայում մենք հաջողություն արձանագրեցինք, որովհետեւ կառավարությունը մեր կազմակերպության միջոցով թույլ տվեց բոլոր քաղաքացիներին ներգրավվել գործընթացի մեջ եւ հետեւել ոչ միայն այդ միջոցների վերադարձի գործընթացին, այլեւ դրանց վերաբաշխման գործընթացին երկրի ներսում՝ առավել աղքատ ընտանիքների շրջանում միանվագ դրամական վճարումների տեսքով»:

Ուգոլորի խոսքով, կառավարությունն ու հասարակությունը իրենք են որոշում, թե ինչ է հարկավոր անել վերադարձված միջոցները, սակայն, երկրի նոր իշխանությունները պետք է ապահովեն այդ միջոցների օգտագործման լիակատար թափանցիկություն սեփական քաղաքացիների համար, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է ծախսվել արտերկրից վերադարձված կոռումպացված գումարի յուրաքանչյուր ցենտը:

Պետական հանցագործությունների դեմ միջազգային պայքարի նախաձեռնության հետազոտությունների ղեկավար Ֆաթիմա Քանջիի խոսքով, երկրի հասարակության ներգրավումն արտերկրից գումարների վերադարձի գործընթացի մեջ կարող է ունենալ կրկնակի դրական ազդեցություն, քանի որ այն թույլ է տալիս ներգրավել ոչ միայն սեփական երկրի հասարակությունը, այլեւ՝ քաղաքացիական հասարակությանն այն երկրներում, որտեղ պահվում են գումարները, որպեսզի արդեն այդ երկրների քաղաքացիները իրենց իշխանություններին ստիպեն արագացնել գումարները վերադարձնելու գործընթացը. «Ելնելով ամենատարբեր երկրների հետ աշխատելու մեր փորձից` կարող եմ ասել, որ հաջողություն են արձանագրում այն երկրները, որոնք ներգրավում են հասարակությունն այդ գործընթացին, սակայն նաեւ ապահովում են գործընթացի լիակատար թափանցիկությունը ինչպես վերադարձի, այնպես էլ՝ գումարների հետագա օգտագործման ընթացքում»:

Փորձագետները, սակայն խորհուրդ են տալիս ապօրինի գումարների արտահանումից տուժած երկրների քաղաքացիներին հաշվի առնել, որ հիմնականում հաջողվում է վերադարձնել ապօրինաբար արտահանված գումարների 1-5 տոկոսից ոչ ավելին, այն էլ՝ տարիներ անց: «Տեսեք, առաջին փուլում պետք է հետաքննություն անցնի, որը կարող է ներգրավել մեկ, երկու, երեք եւ ավելի երկրներ: Այնուհետեւ դատարանում պետք է ապացուցվի այդ միջոցների ապօրինի ծագումը: Ընդ որում, այն պետությունը, որտեղ պահվում են այդ միջոցները, պետք է բավարար վստահություն ունենա ձեր դատարանի որոշման հանդեպ: Եւ դրանից հետո միայն երկու պետությունների կառավարությունները սկսում են քննարկել միջոցների վերադարձի գործընթացը: Բոլոր փուլերը միասին շուրջ մեկ տասնամյակ են տեւում»:

Գործընթացը, մասնագետների կարծիքով, կարող են արագացնել անհատների կամ ընկերությունների դեմ մասնավոր դատական հայցերը` նրանց ապօրինությունից տուժած քաղաքացիների անունից:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արտերկրում պահվող գումարների վերադարձի համար անհրաժեշտ է համաներում հայտարարել նրանց նկատմամբ,ովքեր իրենց գումարները կներդնեն ՀՀ տնտեսությունում՝առավելապես գյուղատնտեսությունում,վերամշակող և թեթև արդյունաբերությունում,քիմիական և ռազմական արդյունաբերությունում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930