Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան. «Եթե ուզում են փոփոխությունները  շատ  ակտիվ անել, դա չի կարելի, որովհետեւ ժողովուրդը դեռ պատրաստ չէ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2019 12:50

Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների, աղմուկ հանած միջոցառումների, մասնավորապես ներկայացումների ու ֆիլմերի վերաբերյալ հանրության բուռն արձագանքի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ։

– Չեն դադարում նաեւ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի քննադատությունները։ Սա՞ էլ է խոսում մշակույթը անտարբերության չմատնելու մասին, թե՞…

– Այդ մտավախությունն ու իմունիտետը այս ազգի մեջ կա, պիտի դա հաշվի առնել։ Ես չգիտեմ, որքանով է լավ կամ վատ այդ ֆիլմը, բայց լսել եմ, որ պրոֆեսիոնալ սցենար է եւ հենց սցենարը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե ազգի հերոսն է, եւ հանկարծ նա նման խնդիր ունի՝ չի ընդունվում այդ ազգի կողմից։ Ինձ շատ ավելի է դուր գալիս, որ անտարբեր չեն։ Եվ մենք պետք է հասկանանք, թե իրենք ինչ են ուզում, իրենք էլ հաշվի առնեն, որ այդ ամենն իրենց համար է արվում։ Ինձ Կարինե Խոդիկյանն ասաց, որ ծանոթ է այդ սցենարին։ Մենք հասկանում ենք, որ ահա, աշխարհի այս հատվածը ծանր է տանում, եթե այդ թեմայի շուրջ անգամ մի փոքր բան կա։

– Աշխարհի այդ մասը անտեղի է համարում ու քննադատում, որ պետության կողմից է ֆիլմը ֆինանսավորվել եւ 20 միլիոն դրամ է հատկացվել։

– Չգիտեմ։ Չգիտեմ… Չեմ կարող ոչինչ ասել։ Այդ հարցին ավելի լավ է մշակութային գծով փոխնախարարը պատասխանի։ Կինոն թանկ արվեստ է, ինքս կինոներում էլ եմ նկարվում եւ դա շատ լավ գիտեմ։ Եթե ուզում ենք կինո ունենալ, պիտի ներդրումներ արվեն։ Այո, ցավոք, թեմաներ կան, որոնք ավելի համընդհանուր հետաքրքրություն ունեն։ Մեզ մոտ վերջերս ֆիլմերը կա՛մ պատերազմի մասին են, կա՛մ երկրաշարժի, դե հո անընդհատ նույն թեմաների շուրջ չեն կարող լինել։

– Այդ ֆիլմը, վերը նշված ներկայացումները ֆինանսավորելը, ապա հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու առաջարկը հանգեցրեց նրան, որ հանրության մի որոշակի հատված ձևակերպի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ։

– Նախ հեղափոխությունը այդ գիտակցումը բերեց, որ ամեն ինչը արձագանքվում է։ Եվ հետո, ինչ վատ բան կա, թող անեն, թող խոսեն, դա զգոնացնում է։ Ուզում եմ ասել՝ չհանեցին Արայիկ Հարությունյանին, պարզ է, չէին հանելու։ Բայց եթե ուզում են փոփոխությունները  շատ  ակտիվ անել, դա չի կարելի, որովհետեւ ժողովուրդը դեռ պատրաստ չէ։ Դա նույնն է, որ ես հիմա թատրոնում այլ ներկայացում անեի, բայց իմ հանդիսատեսը պատրաստ չէ։ Ես գիտեմ իմ հանդիսատեսին, որը գալիս էր Համազգային թատրոն, ես իրեն ճանաչում եմ եւ միանգամից չեմ հրամցնում պոստ աբսուրդ կամ չգիտեմ… Կամաց։ Այնքան են ապուշ սերիալներով ու հաղորդումներով ձգել ներքեւ, որ հիմա դեպի վեր ձգելու խնդիր կա։ Նույնիսկ այս թեմաների մասին խոսողները, եթե նորմալ տեղյակ չեն, թող զուր ջուր չծեծեն։

Ես մեր ազգը շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս իրենց դրսեւորումները՝ շատ անուշ է, կենդանի է ազգը։ Հիմա նրանց մոտ շատ ուժեղ արտահայտված անհանգստություն կա։ Նույնը ներկայացում նայող մեր հանդիսատեսի մասին է, այդ օրը, եթե ներկայացումը մի փոքր թույլ է, ասում են՝ այսօր շատ անգույն խաղ էր. վերջ, միանգամից։ Ուզում եմ ասել, որ շատ արագ են արձագանքում։ Հիմա, երբ ընդհանուր մեծ մոդելը համեմատում եմ փոքրի հետ, հասկանում եմ՝ այս մարդուն դուր չի գալիս, որովհետեւ զգում է, թատրոնն ուրիշ ուղղություն է բռնում, ուրեմն պիտի հասկանալ ինչ անել։ Ես չեմ մեղադրում ղեկավարությանը՝ ընդհանրապես։ Պարզապես ինձ հիմա երեւույթն է դուր գալիս, ու ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնող, անկումային վատ խոսողներին տեղ պետք չէ տալ։ Խնդիրը ղեկավարությունը չէ։ Չի կարելի ղեկավարի վրա հույս դնել ու ապրել։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930