Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է տեղեկատվության ազատության մասին օրենքն այսպես «բզկտելը». Շուշան Դոյդոյան

Դեկտեմբեր 16,2019 16:49

«Խնդիրը և մեր ընդդիմության մեխը համարվում է այն, որ չի կարելի և պետք է բացառել այդ հույժ կարևոր, հակակոռուպցիոն գործիքը մասնատելը և հատվածային բարեփոխումների ենթարկելը»,-«Մեդիա կենտրոնում» «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխություն՝ առանց տեղեկատվության ազատության. քաղհասարակությունը մտահոգ է» թեմայով քննարկմանը հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխություն, նախագիծը տեղադրվել է e-draft հարթակում, սակայն առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկումների:

Շուշան Դոդոյանն ասաց, որ ցանկացած մարմին, եթե ունի այս կամ այն նախաձեռնությամբ հանդես գալու գաղափար, այն պետք է նախապես քննարկի քաղաքացիական հասարակության հետ: Այնուհետև դիմելով Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանին, ասաց. «Շատ հնարավոր է, որ այն աշխատանքը, որն անում եք, այդքան ժամանակ և ռեսուրսներ եք ծախսում, օգուտ տալու փոխարեն վնաս եք հասցնում: E-draft-ը հանդիսանում է հանրային, հրապարակային հարթակ, և արդեն այնտեղ տեղադրելը պատրաստի նախագիծը, Դուք առաջին քայլն արել եք հրապարակային քննարկում ծավալելու ուղղությամբ: Մերը եղել է ռեակցիա ձեր կողմից կատարած քայլին: Միայն անհանգստությունը չէ, թե ինչու մեզ հետ չեք քննարկել: Խնդիրն այն է, որ տեղեկատվության ազատության մասին օրենքը չի կարող ենթարկվել ոլորտային փոփոխության»:

Շուշան Դոդոյանը օրինակ բերեց, եթե հանկարծ առողջապահության նախարարությունը գտնի, որ իրենց ոլորտում այս խումբ տվյալները գաղտնի պահելը կարևոր է, ուրեմն պիտի օրենքում փոփոխությո՞ւն կատարեն, կամ էկոնոմիկայի նախարարությունը, կամ պաշտպանության նախարարությունը: Շուշան Դոյդոյանն անընդունելի համարեց օրենքն այսպես «բզկտելը»:

Նա ասաց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքն ունի 16 տարուց ավելի դրական, նույնիսկ արտահանման ենթակա կիրառման փորձ, որում ներդրում ունեն ՀԿ-ներն ու լրատվամիջոցները:

Նա հիշեցրեց՝ օրենքի փոփոխությունների նախաձեռնությամբ նախորդ կառավարությունները հանդես են եկել ինը անգամ, բայց քաղհասարակությանը հաջողվել է ինչ -որ մի պահ դադարեցնել գործընթացը: Շուշան Դոյդոյանն ասաց, որ միակ մտահոգությունը, որն այժմ կա օրենքի հետ կապված, ապօրինի տեղեկությունների տրամադրման մերժումները պատասխանատվության ենթարկելն է ու կարողանալը բողոքարկել, որ լինի անկախ մարմին, քանի որ լրագրողները ժամանակ չունեն ընկնել դատական քաշքշուկների մեջ:

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը հարցրեց, եթե նախարարությունը չի տրամադրում տեղեկություններ օրինակ՝ կովկասյան ընձառյուծի բնակության հետ կապված, սա խնդի՞ր է ՀԿ-ների համար, թե՞ ոչ. «Նախկին սկզբունքով յուրաքանչյուր քաղաքացի, որը պոտենցիալ որսագող կարող է լինել, կարող է տեղեկության համար դիմել, տեղյակ դառնալ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների բնակության վայրերի մասին և այդ տարածքներում ապօրինի որսագողություն իրականացնել: Ի՞նչ եք կարծում այս փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա: Մեծագույն խնդիրն այն է, որ այս քննարկումը միանգամից հանրային հարթակ է տեղափոխվել, երբ այն կարող էինք անել նախարարությունում: Ստացվում է՝ նախարարությունն իրավունք չունի՞ ինքնուրույն, իր նախաձեռնությամբ լրամշակում իրականացնե՞լ: Մենք ունենք e-draft կայք, որտեղ հնարավոր է ծավալել քննարկումներ, իսկ եթե համարում եք՝ այդ հարթակը բավարար չէ քննարկումների համար, դուք հանգիստ կարող էիք նամակն ուղարկել նախարարություն, և վստահ եմ համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ հանդիպելով՝ հնարավոր էր հարկ եղած դեպքում շտկումներ անել ՏԱ օրենքում: Բայց հանդիպման առաջարկ չի եղել, և այդ հարցը միանգամից տեղափոխվել է հանրային դաշտ. ես այլ միտում եմ տեսնում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, դիմելով Դավիթ Գրիգորյանին, ասաց՝ ուզում է լեզվի սայթաքում համարել այն, ինչ ասացիք. «Յուրաքանչյուր քաղաքացի, որը պոտենցիալ որսագո՞ղ է. գոյություն ունի անմեղության կանխավարկած, և յուրաքանչյուր ոք չի կարող լինել պոտենցիալ որսագող: Ձեր պատկերացումները քննարկման վերաբերյալ թյուր են, քանի որ իրական ժողովրդավարական հասարակարգում գաղափարները ներկայացնելիս արդեն հասարակությունը ներգրավվում է այդ գործընթացում: Օրինագիծը պատրաստելիս կարող էիք ներգրավել ՀԿ-ների փորձագետներին: Սրա պատճառը գուցե նաև այն է, որ երբ պետությունը չի կարողանում իր առաքելությունը կատարել, սահմանափակում է տեղեկատվության ազատությունը»:

Դավիթ Գրիգորյանն էլ արձագանքեց՝ եթե դրա կարիքը լինում է, ներգրավվածություն լինում է:

Լրագրող Արման Սուլեյմանյանն էլ հավելեց. «Եթե հաշվետու լինեիք, ոչ այս հանդիպումը կլիներ, ոչ էլ այս օրենքի նախագիծը: Երբևէ նախարարությունում քննարկվե՞լ է՝ ինչպես անել, որ հաշվետվողականությունը և թափանցիկությունը հասնի մի մակարդակի, որ նման զրույցներ և խոսակցություններ չլինեն»:

Դավիթ Գրիգորյանը փորձեց պարզաբանել՝ այս օրենքի փոփոխությունն առաջին հերթին ասում է, որ տեղեկության տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկատվության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին: Նման մտավախության մասին խոսելով՝ մենք սրանով սահմանափակում ենք հետագա հնարավոր հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ: Որևէ որսագող բնակավայրերի մասին տեղեկություններ ստանալ չի կարող: Այս փոփոխություններն առաջին հերթին ուղղված են կենսաբազմազանության պահպանմանը, և բնավ տեղեկատվության ազատության սահմանափակման մասին խոսք չի գնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031