Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ Թբիլիսիի լուրջ մրցակից․ Ամանորին ռեկորդային թվով հյուրերի են սպասում

Դեկտեմբեր 16,2019 21:25

Aravot.am-ը Գյումրու պատմական Շիրազի անվան փողոցում գտնվող «Արաքս» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Գյումրին ակտիվորեն գովազդելը տալի՞ս է իր արդյունքը, կա՞ն մարդիկ, որոնք, մասնավորապես հետևելով նախագահի կոչին՝ որոշել են Ամանորը հարևան երկրի մայրաքաղաքում անցկացնելու փոխարեն, հյուրընկալվել Գյումրիում։

«Միանշանակ կան մարդիկ, որոնք հետևել են կոչին, իհարկե, տարվա ընթացքում ներքին տուրիզմը Գյումրիում ցայտուն կերպով զարգացավ, հիմնականում մայրաքաղաքից են հյուրընկալվել Գյումրիում։ Տեսնելով, որ Գյումրիում ծառայությունների մակարդակը բարձր է, գները համեմատաբար ցածր են, մարդիկ հյուրասեր են, քաղաքը հյուրընկալ է և գեղեցիկ, մտածում են՝ ինչո՞ւ մեծ գումարներ ծախսել, գնալ Թբիլիսի կամ ինչո՞ւ գնալ Ծաղկաձոր, եթե կարելի է նորմալ քաղաքային միջավայրում, առանձնապես ոչ մեծ գումարներ ծախսելով՝ վայելել լավագույն հանգիստը։

Այնպես որ, շատ շնորհակալ ենք մեր պետական այրերի գովազդից , բայց այդ գովազդը միայն Ամանորի համար չէ, մարդիկ ամբողջ տարվա ընթացքում հյուրընկալվել են, և, բնական է ՝ Ամանորին ևս մարդաշատ է լինելու մեր քաղաքը։

Կարելի է ասել, որ 2020 թվականի Ամանորը Գյումրիի համար տուրիստների առումով ռեկորդային է լինելու։ Ամպագոռգոռ բաներ չեմ ասում, բայց կոնկրետ մեր հյուրանոցում դեռ մեկ ամիս առաջ ազատ սենյակներ չկան, պատվիրված են։ Մեր տնտեսվարող ընկերների մոտ երկար ժամանակ է՝ ինչ ազատ տեղ չկա, զբաղված են նաև բնակարանները, առանձնատները, որոնք տալիս են օրավարձով։

Իհարկե, կան տնտեսվարողներ, որոնք միայն համար են վաճառում, բայց կան նաև հեռուն գնացողները․ Ամանորյա շոու ծրագիր, քաղաքում էքսկուրսիոն տուրեր ու երեկույթներ են կազմակերպում, մտցրել են այդ ծառայությունների մեջ և համալիր փաթեթ են վաճառել մեր համերկրացիներին, հիմնականում Երևանից ժամանած հյուրերին։

Այնպես, որ Գյումրին Ամանորին բավական շատ մարդ է հյուրընկալելու և իմ միակ մտավախությունն այն է, որ նախորդ տարիների պես խանութները, ռեստորանները, սրճարանները մեռյալ վիճակում չգտնվեն։ Հասկանում ենք՝ տոն է, պիտի նշել, բայց քաղաքը չպիտի կաթվածահար լինի»։
Մեր զրուցակցի ասելով, հյուրերի 90 տոկոսը Երևանից են, կան մարդիկ նաև Արմավիրից, Էջմիածնից։ Վարդան Սրտաշյանի հաշվարկով, մեկ ընտանիքի համար միջինը 200 հազար դրամ է անհրաժեշտ տոնական 4-5 օրը Գյումրիում անցկացնելու համար։

Մեր հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ Թբիլիսի գնացողների թիվը կնվազի, մեր զրուցակիցն ասաց․ «Չէի ուզի թվային կանխատեսումներ անել, բայց մեր աշխատանքային փորձից ելնելով՝ ասեմ, որ երբևէ նման տարի չի եղել Գյումրիում, որ բնակարանները, տները, հյուրանոցներն այս կարգի շուտ սպառվեին, մինչ այս պահը զանգում են պատվիրելու, ցավոք սրտի, այլևս տեղ չունենք։ Ամենալավ ցուցիչը, ինքներդ կարող եք համոզվել, բացեք booking.com կայքը, այնտեղ մոտ 150-160 գրանցված ձեռնարկատերեր կան, կտեսնեք, թե քանի ազատ տեղ է մնացել Ամանորի տոներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Գասպարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Rik says:

    Այ տղա գոնե կհասկնասա ես ինչ կսես?Թիլվիզի հետ կհամենատվիս?պոռոմ֊ճոռոմ հերիք է խոսաս։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031