Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայկական իրականության մեջ ծառայելը պարտադիր է»

Դեկտեմբեր 18,2019 23:13

  Մեր զրուցակիցը Քառօրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող  Արթուր Սարգսյանն է

    – Արթու´ր, ի՞նչ դժվարությունների ես հանդիպել ծառայությունից հետո  քաղաքացիական կյանք մտնելիս, ինչպե՞ս ես վերադասավորել կյանքդ և ինչո՞վ ես զբաղվում այժմ։
-Մինչև ծառայությունը կյանքն ավելի հեշտ էր, քան հիմա․ հոգսերն են շատացել։ Ծառայությունից հետո դեռևս ոչ մի դժվարություն չեմ տեսել։ Ծառայությունն էլ ինձ համար դժվարություն չի եղել՝ բացի  Ապրիլյանի օրերը։ Այժմ ծրագրավորում եմ պարապում, սովորում եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում և համատեղում աշխատանքիս հետ․ կահույքագործ եմ։

    -Այսօր շատ են դժգոհությունները, որ աշխատանք գտնելը բարդ է։ Ի՞նչ կարծիք ունես դու այդ հարցի վերաբերյալ։
-Չեմ ասի, որ աշխատանք գտնելը բարդ է։ Լավ մասնագետի համար նման խնդիր չկա։ Նա, ով իր մասնագիտությանը չի տիրապետում, իր համար կարող է աշխատանք չլինել։ Այսօր թափուր շատ աշխատատեղեր կան, բայց չկան աշխատողներ։ Համաձայն չեմ այդ տեսակետի հետ։

   -Դժվա՞ր էր 1 տարի սովորելուց հետո 2 տարի «ընդմիջում տալ» , հետո վերադառնալ և դասի նստել քեզնից 2 տարի փոքր ուսանողների հետ։
-Ես համալսարան ընդունվել եմ անվճար, սակայն տեսնելով, որ ընկերներս գնում են բանակ՝ դիմում գրեցի և իմ դիմումի համաձայն՝ մեկնեցի բանակ՝ նախընտրելով հետո դասի նստել ինձնից փոքր ուսանողների հետ, քան ծառայել ինձնից փոքր տղաների հետ։ Էդպես գնացի բանակ, ծառայեցի, վերադարձա և շարունակեցի ուսումս։

   -Այսօր խնդիր է, որ զինգրքույկներում չի գրվում առաջնագծում ծառայելու փաստը։ Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ըստ քեզ։ Ի՞նչ լուծում ես տեսնում։
– Քառօրյա պատերազմի ավարտից մեկ ամիս հետո մենք զորացրվել ենք։ Մեր զորամասում իմ ծառայակից բոլոր տղաների զինգրքույկներում գրված է պատերազմին մասնակից լինելու փաստը։ Սակայն կան նաև ինձ տարիքակից տղաներ, որոնց զինգրքույկներում դա նշված չէ, և ինձ թվում է, որ դա ավելի շատ զորամասի թերությունն է։ Ես այժմ սովորում եմ վճարովի համակարգում և առաջնագծում ծառայելուց փաստով պայմանավորված՝ օգտվում եմ 50 % զեղչից:

 – Առջևում Նոր տարի է։ 2 տարի այդ օրը նշվել է ծառայակից ընկերներիդ հետ բանակում։ Ինչպե՞ս էիք դիմավորում Նոր տարին։ Ինչո՞վ էր  այդ օրը տարբերվում մյուս օրերից։
-Ամեն ինչով էր տարբերվում։ Բոլորը տոնական են, բոլորը պատրաստվում են Նոր տարին դիմավորել։ Կոնկրետ տարբերվում է սեղանը և  արարողակարգը։ Սակայն ինչպես քաղաքացիական կյանքում, այդպես էլ բանակում օրը նշվում է հաճույքով։ Թե´ մեկը, թե´ մյուսը իրենց յուրահատուկ տեղն ունեն։

   -Ի՞նչ կմաղթես մեր զինվորներին և նրանց, ովքեր շուտով պատրաստվում են մեկնել ծառայության։
-Մեր զինծառայողներին մաղթում եմ, որ լավ ծառայեն, բարով ծառայեն և հասնեն իրենց ընտանիքներին՝ միշտ հիշելով, որ իրենց սպասողներ կան։ Իսկ այն տղաներին, որ նոր են պատրաստվում գնալ ծառայության, եթե կասեն, որ անիմաստ 2 տարի խլում է մեր ժամանակից, դա այդպես չէ։ Տարբերությունը ծառայելուց առաջ և հետո խիստ նկատելի է։ Սկզբնական շրջանը փոքր-ինչ դժվար կլինի, բայց բոլորն էլ կընտելանան նոր միջավայրին իրենց չափով։ Այսօր իմ շրջապատում ծառայած և չծառայած տղաների մեջ տարբերությունը ակնհայտ է։ Ծառայել մեր հայկական իրականության մեջ, անշուշտ, պարտադիր է։

Զրուցեց Սյուզի Նավասարդյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031