Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած երեխայի հոր քաղհայցը Հայաստանի Հանրապետության եւ երկու բժշկուհիների դեմ է

Դեկտեմբեր 25,2019 13:30

Պատասխանող «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն դատարան ներկայացրած դիրքորոշմամբ առարկում է հայցի դեմ

«Առավոտը» լուսաբանել է 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան պատճառ դարձած «Արաբկիր» բժշկական հաստատության բժիշկների նկատմամբ հարուցված քրեական գործը: 2013 թվականի հուլիսի 9-ին տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը, որն օգտվելով նաեւ քաղհայցվորի իրավունքներից, hայցով դիմել էր դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա հայցը մասնակի, «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից, բժիշկներ Լիլիթ Վարդանյանից եւ Զարինե Այվազյանից համապարտության կարգով հօգուտ Գեորգի Միսակյանի վճռել էր բռնագանձել 1.690.000 ՀՀ դրամ, որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

Գեորգի Միսակյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ֆինանսների նախարարության, 1.690.000  ՀՀ դրամ` որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

Գեորգի Միսակյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի, Լիլիթ Վարդանյանի, Զարինե Այվազյանի` 15.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, դատարանը մերժել էր:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Պետրոսյանի վճռի դեմ բերված բողոքի քննությունն ավարտվել է անցյալ շաբաթ:

Հայցվորի ներկայացուցիչն է եղել Անի Չատինյանը, պատասխանողներ Զարինե Այվազյանի ներկայացուցիչը՝ Արմեն Գրիգորյանը, Լիլիթ Վարդանյանինը՝ Ալբերտ Կանդալյանը:

Այս գործով հայցի քննությունն ընթացել է գրավոր ընթացակարգով. դատարանն  առաջնորդվել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասով: Համաձայն նշյալ հոդվածի, վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Պատասխանող կողմը միջնորդել էր գրավոր ընթացակարգով:

Հայցվոր Գեորգի Միսակյանը հայտնել էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին իր 2 տարեկան 3 ամսական աղջկան՝ Լիա Միսակյանին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:

2013 թվականի հունվարի 2-ին, ժամը 23:00-ին, Լիա Միսակյանը մահացել է բժշկական համալիրի վերակենդանացման բաժանմունքում` «աջակողմյան պլերոպնեւմանիա, սրտի հանկարծակի կանգ ախտորոշմամբ»:

2013 թվականի հուլիսի 9-ի դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ. Մկրտչյանը հարուցել է թիվ 14134513 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված արարքի հատկանիշներով:

Ինչպես քրեական գործի դատաքննության ժամանակ էր պարզվել. «Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված թիվ 10/հձ/կ կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ սահմանվել է, որ Լիա Միսակյանի ախտորոշումը կատարվել է թերի… եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լիա Միսակյանի առողջական վիճակը` օբյեկտիվ վիճակը, կազմակերպվեին ճիշտ հետազոտություններ, կատարվեր ճիշտ եւ ժամանակին ախտորոշում եւ համապատասխան բուժում, ապա չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ եւ հարաճուն բացասական  ընթացքը»:

Հիշեցնեմ, որ 2015 թվականի հունիսի 15-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Լ.Վարդանյանին եւ Զ. Այվազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ` նրանց դատապարտելով ազատազրկման` համապատասխանաբար 2 տարի ժամկետով եւ 2 տարի 6 ամիս ժամկետով` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու:

Դատավճիռը հայցվորի եւ պատասխանողների կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, ՀՀ վճռաբեկ դատարան: 2016 թվականի հունիսի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը, եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով բեկանել է եւ գործն այդ մասով ուղարկել է Երեւան քաղաքի Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հայցվորը հղում էր կատարել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին պարբերությանը, որով պետությանը պարտավորեցնում է ոչ միայն զերծ մնալ կանխամտածված եւ անօրինական մահ պատճառելուց, այլեւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար: Այս սկզբունքները վերաբերում են նաեւ հանրային առողջության բնագավառին:

«Իրականում, չի կարելի բացառել, որ հանրային առողջության քաղաքականության շրջանակներում պետության գործողությունները եւ անգործությունը կարող է որոշ հանգամանքներում առաջացնել վերջինիս պատասխանատվությունը 2-րդ հոդվածի բովանդակային մասի տեսանկյունից: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ անդամ պետությունը կատարել է այն, ինչ անհրաժեշտ է առողջապահության բնագավառի աշխատողների ունակությունների բարձր մակարդակ ապահովելու եւ հիվանդների կյանքի պաշտպանությունը երաշխավորելու համար, կարելի է միայն ենթադրել, որ հարցերը, որոնք վերաբերում են հիվանդի բուժման հետ կապված առողջապահության բնագավառի մասնագետի կողմից սխալ գնահատականին եւ մասնագետների միջեւ գործողությունների վատ համակարգմանը, ինքնին բավարար են, որպեսզի ստիպեն անդամ պետությանը հաշվետու լինել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության դրական պարտավորությունների առումով»,-նշվել էր հայցապահանջում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031