Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան նվեր էր Իրանում գործող վարչակարգի համար». փորձագետների գնահատականներ

Հունվար 03,2020 14:48

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված ռազմաբազայի վրա ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ-ալ-Շաբիի ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:

Սոլեյմանին ընդգրկված էր ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։ Պենտագոնից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նա «մի շարք հարձակումներ էր ծրագրել ամերիկյան դիվանագետների դեմ»:

Ահա թե կատարվածին իրենց ֆեյսբուքյան գրառումներով ինչպես են արձագանքել հայ փորձագետները:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյան. «Իրանական ավանդույթի տևականության խորհրդանիշներից մեկը, մեր ժամանակների առասպելական իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը իրանական դյուցազներգության Ռուստամի նորօրյա մարմնավորումն էր համարվում իրանցիների գիտակցության մեջ, զոհվել է Իրաքում։

Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ հենց իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են և ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Որքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման։

«Իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանին առասպելական անձնավորություն էր, եւ այն բացառիկ անձանցից, որին Իրանի բնակչության բոլոր շերտերը անխոս համակրում էին եւ համարում իրանական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկը, իսկ այս պարագայում նման մասշտաբի զինվորականի սպանությունը, այն էլ, ըստ որոշ տեղեկությունների, Միացյալ Նահանգների ծրագրմամբ, իրանական հասարակության ներսում առաջացրել է լուրջ դժգոհություն ԱՄՆ-ի նկատմամբ։ Ինքս այժմ գտնվում եմ Իրանում, դժգոհությունը նկատելի է նաեւ սովորական մարդկանց շրջանում։ Մյուս կողմից Սոլեյմանիի զոհվելը որոշակի համախմբող դերակատարություն է ունեցել իրանական հասարակության համար։ Իրանի ներսում տեղի է ունենում նկատելի համախմբման գործընթաց համաիրանական, ազգայնական գաղափարների շուրջ»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան. «Սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով ոչ ամենացանկալի օրերն ապրող, սեփական իշխանություններից որոշակիորեն դժգոհ իրանական հասարակության համար միավորող, համախմբող, արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստող այնպիսի հենման կետ գտնելը, ինչպիսին եղավ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքում, դժվար կլիներ ցանկացած իշխանության համար։

Ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան նվեր էր Իրանում գործող վարչակարգի համար։

2016թ. այս նույն օրը՝ հունվարի 3-ին, համաշխարհային մամուլը հեղեղված էր Արաբական թերակղզու ամենահեղինակավոր շիա հոգևոր առաջնորդի՝ Շեյխ Նիմր ալ-Նիմրի կախաղան բարձրացվելու մասին լուրով։

2016թ. հունվարի 3-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սաուդցիներին նախազգուշացրեց «Աստծո վրեժի» մասին։

4 տարի է անցել, ու նորից հունվարի 3-ին, արդեն 2020թ.-ի, ԻԻՀ հոգևոր առաջնորդը, «Աստծո վրեժի» փոխարեն, արտաբերեց «ծանր վրեժ» արտահայտությունը, ինչը, ըստ իրանական լեզվանշանագիտության, շատ ավելի շոշափելի է լինելու ու երկրային կյանքում»:

Իրանագետ Արմեն Իսրայելյան. «Շուրջ մեկ տարի ցույց տված դիմադրությունից հետո փաստորեն Իրաքի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց երկիրը զերծ պահել Իրանի և Միացյալ Նահանգների հակամարտության հարթակի վերածվելուց: Եթե Իրաքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իշխանության վերնախավի մեծամասնությունը հակված էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ապա Իրանի և Իրաքի միջև վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցերից (Իրանի նախագահ, Իրաքի նախագահ և վարչապետ) պաշտոնական Թեհրանին հաջողվեց ազդել Բաղդադի որոշումների կայացման վրա, որից հետո պարբերաբար սկսվեցին հարձակումներ իրականացվել «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման դիրքերի ուղղությամբ: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ ԱՄՆ-ի՝ Իրաքի իշխանությունների վրա գործադրած ճնշումներից հետո, երբ պաշտոնական Բաղդադը հրաժարվեց զինաթափել «Հաշդ ալ-Շաաբի» կազմավորմանը և սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները, Իրաքում անակնկալ կերպով սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք հանգեցրին այդ երկրի վարչապետի պաշտոնանկությանը և Իրաքում ԱՄՆ-ի դեսպանության վրա կատարված հարձակումներին:

Վտանգավորն այն է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարբեր ձևաչափերով առկա հակասությունն ավելի շոշափելի դրսևորում է ստանում Իրաքում, որն Իրանի համար ռազմավարական չափազանց մեծ կարևորություն ունի՝ պայմանավորված սահմանային անվտանգության, կրոնական, քրդական և հատկապես տնտեսական գործոններով:

Փետրվարին 21-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Եթե նախընտրական քննարկումները բացառապես ծավալվում էին ներքաղաքական խնդիրների, մասնավորապես Ռոհանիի տնտեսական քաղաքականության շուրջ, ապա այժմ Իրանի քաղաքական դաշտում աննախադեպ համախմբում է տեղի ունենում: Եթե պահպանողականների հիմնական նպատակը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո գործող նախագահ Հասան Ռոհանիին պաշտոնանկ անելն էր լինելու, ապա ստեղծված իրավիճակում հիմնականում կենտրոնանալու են անվտանգության խնդիրների վրա:

Հ.Գ. Իրականում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար: Փաստացի վերջին մեկ տարվա Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը բխում է պատերազմող երկրի գործողությունների տրամաբանությունից: Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեռ դեկտեմբերի 30-ին էր հայտարարել, որ երկիրը գտնվում է պատերազմական պայմաններում»:

Իրանագետ Գոհար Իսկանդարյան. «ԱՄՆ նախագահ Թրամփը 3 ժամ առաջ Թվիթերյան իր էջում տեղադրեց ԱՄՆ դրոշը ի նշան երեկ Բաղդադում տեղի ունեցած գործողությունների,որի արդյունքում զոհվեց Իրանի ռազմական ուժերի լեգենդ Ղասեմ Սոլեյմանին ….տարածաշրջանը նոր ցնցումների առաջ է կանգնելու»:

Պատմաբան Գագիկ Համբարյան. «Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է: ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում:

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ Սոլեյմանիի ոչնչացման հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր Twitter-յան էջում գրառում է կատարել, թե իբր իրաքցիները ուրախացել են Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և պարում են փողոցներում:

Իրավիճակի կտրուկ լարումից ամենաշատն անհանգստացած են Իսրայելում: Jerusalem Post-ի տեղեկություններով Սոլեյմանիի սպանության տեղեկությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը արտակարգ խոհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է նաև երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին: Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, ըստ տեղեկությունների, կկրճատի իր այցը Աթենք և հնարավորինս արագ կվերադառնա Թել Ավիվ:

Ըստ ԶԼՄ-ների տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի:

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում, որի հետևանքներն, այս պահի դրությամբ, դժվար է կանխատեսել:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը… Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների և գործողությունների մեջ, ինչպես նաև պատրաստ լինեն ամեն տեսակ ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելուն»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան. «Ղասեմ Սոլեյմանին Իրանի պատմության մեջ եզակի ազդեցիկություն և կարգավիճակ վայելած զորավարներից էր: Նման մասշտաբի ռազմական գործիչներ այսօր տարածաշրջանում պարզապես չկան:

Սոլեյմանին էր պատասխանատուն Իսլամական Պետություն կազմակերպության դեմ դաշտային մարտերի և խոշոր օպերացիաների համար և իրաքյան զորքերի հաղթանակների հետևում հիմնականում հենց նա էր կանգնած:

Նախագահ Թրամփի հատուկ հրամանով կատարված իրանյան գեներալի անօդաչույով սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքում, իրանյան հակագործողությունների վտանգավոր հեռանկար բացում, որն իր հերթին աննախադեպ էսկալացիայի կարող է հանգեցնել:

Հայաստանը նման սցենարի պարագայում` երբ տարածաշրջանը կարող է հրդեհով պատվել, սեփական անվտանգությունն ապահովող գործողությունների ոչ մի ծրագիր չունի: Փոխարենը ժողովրդին շարունակվում են հերոսական, բայց անբովանդակ ճառեր մատուցվել:

Թե ինչ կլինի` ժամանակը ցույց կտա: Բայց մի բան պարզ է. ամերիկա-իրանյան հարաբերություններն այսօր ռուբիկոն անցան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031