Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է լինելու լսել, թե ինչպես են դաշնակցականները հերքելու իրենց կապն ահաբեկչության հետ»

Հունվար 15,2020 14:00

Արման Բաբաջանյանը՝ ՀՅԴ-ի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելու մասին

«Հայ հեղափոխական դաշնակցությունն» ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել, որով դատարանին խնդրում է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար՝ փոխհատուցել: Հայցի հիմքում 2019թ.-ի դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթն է, որում նա ՀՅԴ-ին անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: Հայցի վերաբերյալ «Առավոտ»-ը լսել է պատգամավորի մոտեցումը:

-Պարոն Բաբաջանյան, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը ՀՅԴ-ի` նշյալ հայտարարության հիմքով ձեր դեմ ներկայացրած դատական հայցի առնչությամբ։

-Անկեղծ ասած, ես տարակուսած եմ իմ այդ հայտարարության առիթով ՀՅԴ-ի կողմից դատական հայց ներկայացնելու փաստից: Տարակուսած եմ, որովհետեւ սթափ դատողությունն ու քաղաքական հաշվարկը պետք է որ 130-ամյա այդ կուսակցությանը հետ պահեր այնպիսի քայլի դիմելուց, որի արդյունքում հրապարակավ կարող են հիշեցվել իր պատմության՝ մեղմ ասած ոչ այնքան հաճելի դրվագները: Սակայն դա հաշվի չառնելով՝ «Դաշնակցությունը» հայց է ներկայացրել իմ դեմ, եւ ես անհամբերությամբ սպասում եմ հայցադիմումի տակ ստորագրած մի խումբ դաշնակցականների հետ հանդիպմանը դատարանում: Վստահ եմ, որ այս գործով դատական նիստերը լայնորեն կլուսաբանվեն, եւ մեր հանրությունը, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանա, թե ինչպես են դաշնակցականները հերքում, ըստ էության, անհերքելին՝ իրենց կապն ահաբեկչության հետ: Սա, ի դեպ, լավ առիթ է առնվազն մեր նորագույն պատմության էջերը վերհիշելու, վերաիմաստավորելու ու վերաարժեւորելու համար: Հանրությանը, վստահաբար, հետաքրքիր կլինի եւս մեկ անգամ լսել, թե ինչպես է հռետորաբանական պաթոսով հանդես եկող «Դաշնակցությունը» տարիներ առաջ քաղաքական նպատակներին հասնելու համար դիմել գրեթե բոլոր միջոցներին, այդ թվում՝ ահաբեկչությանը:

-Ձեր գնահատմամբ` ձեր խոսքը պարունակո՞ւմ էր վիրավորական արտահայտություններ` ուղղված ՀՅԴ-ին։

-Բնականաբար՝ ոչ: Իմ խոսքը որեւէ վիրավորանք կամ զրպարտություն «Դաշնակցության» հասցեին չէր պարունակում, որովհետեւ ես իրականում ոչ թե որեւէ պիտակավորում եմ տվել «Դաշնակցությանը», այլ մեկ արտահայտությամբ ներկայացրել եմ այդ կուսակցության անցյալը: Ես ասել եմ, որ դաշնակցությունն ահաբեկչական անցյալ ունեցող կուսակցություն է, հիմա էլ կրկնում եմ իմ այդ հայտարարությունը: Արդեն առիթներ ունեցել եմ ասելու, որ իմ հայտարարությունը սոսկ պատմական փաստի հիշատակում, վկայաբերում է: Ընդ որում, խոսքս ոչ թե վաղ պատմական անցքերի մասին է, որոնցում, ի դեպ, «Դաշնակցությունը» եւս, ըստ տարբեր հետազոտողների, չի խորշել ահաբեկչությունից, այլ նորանկախ Հայաստանի պատմության՝ 1990-ական թվականների իրադարձությունների: Երիտասարդ սերունդը գուցե լավ տեղեկացված չէ այդ շրջանի դեպքերին, սակայն վստահ եմ՝ միջին եւ միջինից բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցները շատ լավ հիշում են, թե ինչպես էին 1990-ականներին դաշնակցականները հակաիշխանական հանրահավաքներ ու բողոքի այլ ակցիաներ կազմակերպում՝ կոչ անելով գլխատել, դատաստանի ենթարկել այն ժամանակվա գործող իշխանություններին: Դրանք առնվազն ահաբեկչական սպառնալիք պարունակող կոչեր, հայտարարություններ են, որոնց մասին հարյուրավոր վկայություններ կան այդ տարիների մամուլում: Բայց խնդիրն այն է, որ «Դաշնակցության» ահաբեկչական հակումները չեն սահմանափակվել միայն հայտարարություններով ու կոչերով: «Դաշնակցության» կառույցներից մեկը՝ «Դրո» ռազմականացված կազմակերպությունը, ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել այն ժամանակվա գործող իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, ինչի առիթով հարուցվել են քրեական գործեր, բազմաթիվ շարքային եւ բարձրաստիճան դաշնակցականներ դատապարտվել են տարբեր պատժաչափերով: Հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ Հայաստանում, բարձրաստիճան դաշնակցականները իրադրության փոփոխության, քաղաքական որոշման արդյունքում ազատ արձակվեցին բանտերից, իսկ մի շարք շարքային կուսակցականներ մինչեւ այսօր էլ այդ դատավճիռներով շարունակում են կրել իրենց պատիժը: Այսինքն՝ մի կողմից կան ահաբեկչությունը չմերժող «Դաշնակցության» կոչերի, հայտարարությունների վերաբերյալ մամուլի, արխիվային հսկայածավալ նյութեր, մյուս կողմից՝ կա կոնկրետ ահաբեկչական ակտի կազմակերպման առնչությամբ հարուցված քրեական գործ եւ ուժի մեջ մտած դատարանի վճիռ: Այսքանից հետո բանականության ու տրամաբանության հետ պետք է խնդիրներ ունենալ՝ «Դաշնակցության»՝ ահաբեկչական անցյալ ունենալու մասին հայտարարությունը որպես վիրավորանք կամ զրպարտություն ընդունելու կամ ներկայացնելու համար:

-Որքանո՞վ են ծանրակշիռ այն ապացույցները, որոնք դուք, ենթադրաբար, պատրաստվում եք ներկայացնել դատարանում` որպես ձեր` ԱԺ ամբիոնից արած հայտարարության հիմնավորում։

-Արդեն ասացի, թե ինչի վրա է հիմնված իմ հայտարարությունը՝ ժամանակի մամուլային տարեգրություն եւ «Դրոյի» քրեական բազմահատոր գործ: Վստահ եմ՝ դրանք առավել քան բավարար են՝ իմ հայտարարության ճշմարտացիությունն ապացուցելու համար: Բայց շատ ավելի հետաքրքիր է լինելու լսել, թե ինչպես եւ ինչ փաստարկներով են դաշնակցականները հերքելու իրենց կապը ահաբեկչության հետ: Գուցե կան փաստեր, իրողություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք եղել այսքան տարիների ընթացքում: Ես համակ ուշադրությամբ ու ամենայն հարգանքով կլսեմ դաշնակցականների բոլոր հակափաստարկներն ու հիմնավորումները: Այնպես որ, կարծում եմ՝ այս գործով սպասվում են բավականին հետաքրքրաշարժ դատական նիստեր:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031