Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը վստահեցնում է, որ ունի մի «պայթյունավտանգ» տեղեկանք. «Երեխա են գնել հիվանդանոցից, որի համար վճարել են 25 հազար դոլար». «Հրապարակ»

Հունվար 30,2020 10:39

Գաղտնիությունը, որով պատել են անձնական տվյալներին առնչվող այդ վարույթը, բազմաթիվ խոսակցություններ է ծնում։ Օրինակ, որ յուրաքանչյուր որդեգրված երեխայի համար արտասահմանցի «կլիենտները» մեծ գումարներ են վճարել, որոնցից հասել է ե՛ւ հիվանդանոցին, ե՛ւ մանկատանը, ե՛ւ սոցապնախարարությանը, ե՛ւ արդարադատության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ այն մայրիկներին, որոնք հրաժարվել են իրենց երեխաներից։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը տուժած մայրերի թվից վստահորդ ունի, չի բացառում, որ եղել են նման դեպքեր։ Սակայն, ըստ փաստաբանի, մայրը չի իմացել, որ այդ գումարը տրվում է որպես իր երեխայի որդեգրման վճար։ «Մենք ունենք մեկ հոգու հայտարարություն, որին ասել են՝ երեխադ մահացած է, ու միաժամանակ տվել են 1 մլն դրամ։ Այն ժամանակ նա մտածել է, որ այդ գումարը տալիս են որպես պետական վճար երեխան կորցրած մորը։ Մյուսներին գումար չեն տվել, բայց ունենք ծնողներ, ում համոզել են երեխաներից հրաժարվել»,- ասում է նա։ Սարգսյանը տեղյակ չէ, թե արդյոք այդ կանայք, որոնց շահերն ինքը ներկայացնում է, գործով անցնող 37 ապօրինի որդեգրված երեխաների թվո՞ւմ են, թե՞ ոչ։ Դատախազության մեր աղբյուրը վստահեցնում է, որ Սուսաննա Սարգսյանի պաշտպանյալներից մեկը տուժող է ճանաչվել հենց այս գործի շրջանակում։

Փաստաբանը պատմում է, որ իր պաշտպանյալներից մեկը կարծում էր, թե իր երեխան մահացած է, իսկ հիմա կասկածներ ունի, որ երեխային ապօրինի որդեգրման են տվել։ Քննիչները ծնողին ցույց են տվել երեխայի դիակի լուսանկարը՝ կոշիկի տուփի մեջ դրված։ Լուսանկարը վերցված է եղել դատաբժշկական փորձաքննությանը կցված լուսանկարչական հավելվածից։ Սակայն ծնողը երեխային չի ճանաչել։ «Այդ նկարները տեսնելուց հետո նրանք առավել եւս համոզմունք ունեն, որ կոշիկի տուփով հուղարկավորված երեխան, որին հրամցրել են քննիչները, իրենց երեխան չէ»,- ասում է փաստաբանը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորածնի դեմքը հստակ հիշել, որը տեսել ես կարճ ընթացք, ծննդաբերության ցավերից հետո, փաստաբանը պատասխանեց․ «Օրինակ, ես իմ նորածին երեխային ոչ մեկի հետ չէի կարող շփոթել։ Հիմա մամաներ կան, որ ասում են՝ դե, նորածինները բոլորն իրար նման են, ես զարմանքով եմ նայում, քանի որ ոչ մի մոր համար իր երեխան չի կարող մյուսին նման լինի»։ Փաստաբանը բարձրացնում է արդարադատության նախարարության, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող կառույցների պատասխանատվության հարցը։

«Դեպք է եղել, երբ մորը ստիպել են հրաժարվել երեխայից, ասելով, որ վերջինս գայլի երախ ունի, ծանրացնելով նրա վիճակը։ Այդ երեխան, ըստ բանավոր տեղեկությունների, որդեգրվել է, բնականաբար, վիրահատություն պետք է անցներ։ Ունենք կառույցներ ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, որոնք հսկում են երեխայի առողջական վիճակը որդեգրումից հետո։ Բայց ո՞վ է տեղյակ, թե ինչ է եղել հետո այդ երեխայի հետ»։ Քրեական գործի շրջանակները, ըստ փաստաբանի, պետք է ընդլայնվեն, ու բարձրացվի նաեւ այդ երկրների քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Փաստաբանը վստահեցնում է նաեւ, որ ունի մի «պայթյունավտանգ» տեղեկանք։ «Փաստաթղթում կան հայտնի անուններ։ Երեխա են գնել հիվանդանոցից, որի համար վճարել են 25 հազար դոլար, գումարը տրվել է սոցիալական աշխատողներին, փաստաբաններին, որ այդ գործարքն օրինականացնեն»։ Սուսաննա Սարգսյանը պատրաստվում է տեղեկանքը փոխանցել իրավապահներին, ցավ հայտնելով, որ ապօրինի գործարքին առնչվել են նաեւ իր կոլեգաները՝ հայտնի փաստաբաններ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031