Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի գեներալ. Փաշինյանի հետ քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները. «Ամերիկայի ձայն»

Հունվար 31,2020 23:55

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Կանզաս նահանգը, որն ունի Հայաստանի Զինված ուժերի հետ համագործակցության 17 տարվա պատմություն, նախատեսում է ընդլայնել համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելին: Գեներալն այս շաբաթ Երեւանում Հայաստանի վարչապետի եւ կառավարության այլ անդամների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները.

«Մենք այս համագործակցությունն արդեն 17 տարի ենք իրականացնում եւ մեր կարծիքով իրոք ժամանակն է ընդլայնելու համագործակցությունը՝ ռազմական եւ արտակարգ իրավիճակների ոլորտներին ի հավելումն ներգրավելով համագործակցության նոր եզրեր: Մասնավորապես, ցանկանում ենք ներգրավել Կանզաս նահանգի այլ կարողությունները եւ ստեղծել իրական ամուր կապեր Հայաստանի եւ Կանզասի հաստատությունների միջեւ»:

Խոսքը գնում է առաջին հերթին Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանն աջակցելու մասին, նշում է Լի Թաֆանելին: Կանզասը, որն ԱՄՆ-ի առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, կարող է աջակցել Հայաստանին նաեւ այդ ոլորտում.

«Քննարկել ենք, մասնավորապես Հայաստանի գյուղական շրջաններում հիմնական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները Կանզաս նահանգի օգնությամբ: Նաեւ՝ գյուղատնտեսությունը, ջրային պաշարները, բնապահպանությունը, եւ կրթությունը»:

Հայաստանի ղեկավարությունն իր կողմից հետաքրքրություն հայտնեց նաեւ ամերիկյան փորձ ձեռք բերել ոստիկանական բարեփոխումների հարցում.

«Վարչապետն իր կողմից առանձնացրեց մի ոլորտ՝ ոստիկանական բարեփոխումները, եւ հենց այս պահին Հայաստանից պատվիրակություն ունենք Կանզաս նահանգում, որը հստակեցնում է ոստիկանական բարեփոխումների շուրջ համագործակցության հնարավորությունները»:

Թաֆանելին, ով օրեր առաջ մասնակցել է Հայաստանում Բանակի օրվա տոնակատարություններին, ավելացնում է, նոր ծրագրերի ներմուծումը Հայաստանի եւ Կանզաս նահանգի համագործակցության մեջ որեւէ կերպ չի սահմանափակելու մինչ այս ընթացող արդյունավետ համագործակցության զարգացումը. «Մեր հիմնական համագործակցությունն, անպայման, կշարունակվի եւ հայ զինվորականները եւ ռազմական բժիշկները կշարունակեն մարզվել Կանզասում, դա կհամալրվի նաեւ ոստիկանների վարժանքներով»:

Միացյալ Նահանգների անհատական ռազմական գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը կցված է Հայաստանին որպես անհատական գործընկեր: Անցած ավելի քան մեկ ու կես տասնամյակների ընթացքում Կանզասում ուսում են անցել Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ եւ ռազմական բժիշկներ, ովքեր, Հայաստան վերադառնալով այդ գիտելիքներով են կիսվել արդեն հարյուրավոր հազ զինվորների հետ: Միայն 2020 թվականին Հայաստանի եւ Կանզասի միջեւ նախատեսվում են ավելի քան 30 տարբեր նախաձեռնություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031