Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ասատրյան. «Ամենամեծ պատուհասները արվեստն է տվել»

Փետրվար 12,2020 23:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը չի մոռանում, թե ինչպես պիոներական ճամբարում անսպասելի հայտնվեց գործող փողային նվագախմբի կազմում ու այդպես մնաց 6 տարի, թեեւ երբեք չմոռացավ ջութակը եւ հետագայում այդ ուղղությամբ էլ առաջ գնաց:

Ինչ վերաբերում է ծնողներին, մանրամասնեց, որ նրանք երաժիշտներ չէին, բայց իրեն երաժշտական դպրոց են տարել: Հատուկ խորհուրդներ չեն տվել, որոշումներ կայացնելիս ինքնուրույն է եղել, սակայն կարեւորել է ծնողների վստահությունը, որ ինքն անպայման ճիշտ որոշումներ կկայացնի: «Զավակի հանդեպ վստահությունը ծնողական խորհրդի ձեւ է: Այսօր ես էլ իմ զավակներին աշխատում եմ ուղղորդել, ոչ թե թելադրել»,-ասում է Ռուբեն Ասատրյանը:

Ռուբեն Ասատրյանը` տիկնոջ՝ Ռուզաննա Ասատրյանի հետ:

Արդյոք ունի՞ նախընտրելի կոմպոզիտորներ: Այս հարցի վերաբերյալ էլ դիրիժորը պատասխանեց. «Երբ պրոֆեսիոնալին հարցնում են` քո սիրած հեղինակը, կամ դերասանին` քո սիրած դերը, նույնն է, թե Ավետ Ավետիսյանն ասեր` Զիմզիմովի կերպարը չեմ խաղում, որովհետեւ անմարդկային է, տմարդի, բացասական…Ինչ հեղինակի այդ պահին հանդիպում է պրոֆեսիոնալը, որ պետք է հնչեցնի, բեմ հանի, այդ ստեղծագործությունների մեջ էլ խորանում է եւ դա է սիրելի լինում նրա համար»:

Միեւնույն ժամանակ Ռուբեն Ասատրյանը հավելում է. «Իհարկե, մեր մեծանուն Կոմիտասը փարոս է բոլորիս համար…Սերունդներ են գալիս եւ անընդհատ գալու են, ու Կոմիտասը բոլորի առջեւից է գնում…Նա ոչ թե սիրելի է, այլ պաշտելի, նա մեր արվեստի հիմքն է…Կնշեմ Բախի հզոր արվեստը… Արամ Խաչատրյան, Շոստակովիչ, Բեթհովեն եւ անշուշտ կան նաեւ ժամանակակից մի խումբ հայ կոմպոզիտորներ, որոնց անունները չեմ տա այս պահին»: Անդրադարձավ նաեւ Տերտերյանին, ասաց, որ նա երաժշտության լեզվով խոսում է աշխարհի փրկության մասին եւ մեծագույն երեւույթ է:

Մեր զրույցի ժամանակ պարոն Ասատրյանի մանկավարժական գործունեությանն էլ անդրադարձ եղավ: Նա ասաց, որ մանկավարժությունն էլ մեկ ուրիշ հաճույք է: Ընդգծեց, որ երաժիշտներ կան, որ բեմից արագ հեռացել են, բայց հրաշալի մանկավարժական գործունեություն են ծավալում, մարդիկ էլ կան, փայլուն կատարողներ են, սակայն չեն կարող ուսուցանել: Օրինակներ բերեց. «Լուսահոգի Պետրոս Հայկազյանը ջութակահարների քանի՜ սերունդ կրթեց, նրան ավելի շատ ոչ թե ջութակահար են հիշում, այլ որպես մանկավարժ»: Դիրիժորական ասպարեզի մասին խոսելիս էլ նշեց, որ մինչեւ բեմում չլինես, չես հասկանա էությունը. «Դիրիժորական տեխնոլոգիան գործիք նվագել չէ, ընդամենը 30-40 տոկոսն է ձեռքի աշխատանք, մնացածը տարբեր տեղերում է ամփոփված»:

Ռուբեն Ասատրյանի ձեւակերպմամբ, մանկավարժական աշխատանքը քաղաքացի կրթելու առումով էլ է կարեւոր. «Արվեստը զգացմունքի մասնագիտություն է, մարդկային տեսակը շատ կարեւոր է…Անպայման իմ ուսանողները պետք է լավ մարդիկ ու լավ ընկերներ լինեն: Ես կարողացել եմ հասնել դրան, որ ուսանողներս ապագայում իրար օգնող, ուս ուսի հենվող պրոֆեսիոնալներ լինեն…Ես սիրում եմ մանկավարժությունը, չնայած կարելի էր եւ չդասավանդել, միայն համերգային գործունեությամբ զբաղվել»:

Ռուբեն Ասատրյանը նշում է, որ իր ընկերական շրջապատը ձեւավորվել է այնտեղ, որտեղ բացակայել են անմիտ մեծամտությունն ու կեղծավորությունը: Ասում է, որ տարբեր ոլորտներից ընկերներ ունի, յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է. «Մարդը հետաքրքիր երեւույթ է, եթե ձերբազատված է անհարկի հատկանիշներից եւ ժպիտ ունի աչքերում»:

Տեղեկացանք, որ մեր զրուցակիցը ներկայումս հայոց պատմություն է վերընթերցում, իսկ սեղանի գիրքը Նարեկացին է, որը ճանապարհորդելիս անպայման իր հետ վերցնում է: Ռուբեն Ասատրյանն իր մասնագիտությունը համարում է իր հոբբին: Նա իրեն հաջողակ մարդ է համարում, թեեւ այդ մասին չի էլ մտածում: Հիշում է իր ուսուցիչներից մեկի` Դմիտրի Կիտաենկոյի հետեւյալ խոսքը. «Հավակնությունները միայն ստեղծագործական պետք է լինեն»: Ապա` հավելում է. «Իսկ եթե արվեստում քեզ դրսեւորելու ճանապարհին անձնական հավակնություններն են առաջին պլան գալիս, դա վտանգավոր է: Արվեստը բարդ մասնագիտություն է, ամենամեծ պատուհասները արվեստն է տվել…Ներոնը այրեց Հռոմը, որ ներշնչվի, չմոռանանք նաեւ Հիտլերին…Արվեստը հոգեւոր դաշտն է, իսկ եթե այնտեղ ավելորդ հավակնություններից զերծ չմնանք, գնանք երեսպաշտության ճանապարհով, կունենանք բաներ, որոնք միշտ դրսեւորվել են ու այսօր էլ կան նաեւ մեզանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Ռուբեն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829