Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի խոստումների իրականացումը դեռ չի սկսվել»

Փետրվար 28,2020 15:00

«Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը

«Վարչապետի խոստումները դեռեւս չեն իրականացել եւ դա կազդի, պետք է ազդի ժողովրդի ակնկալիքների վրա: Ես ուզում եմ հավատալ եւ մաղթում եմ, որ երկիրն առաջընթաց ապրի, խոստումները սկսեն իրականանալ, երկիրն ամբողջովին բարեփոխվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը`պատասխանելով հարցին` 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո, իր դիտարկումներով, Հայաստանում փոփոխություններ  եղե՞լ են. վարչապետը հայրենադարձության կոչեր է արել, դրսից նայելով Հայաստանին՝ ինքն ի՞նչ տպավորություններ ունի:

«Ես չեմ ուզում ընկալվել որպես ընդդիմության կամ ինչ-որ կուսակցության տեսակետ ասող: Ես պարզապես հայ եմ, ով հետաքրքրված է եւ մտահոգված է Հայաստանի ապագայով»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ առավել բաց եւ հստակ իր տեսակետները կարտահայտի  պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո: Իսկ իբրեւ անհատ, ասում է, որ «շատ տեսակետներ» ունի: Նրա դիտարկմամբ, որեւէ փոփոխություն, որը տեղի է ունենում խաղաղ կերպով, «այնպես ինչպես անարյուն անցավ, այսպես կոչված թավշյա հեղափոխությունը», ակնկալիքներ է առաջացնում. «Նույնիսկ եթե նախկին իշխանությունն ամենալավն էր, միեւնույն է, երբ նոր իշխանություն է գալիս, հավելյալ փոփոխություններ պիտի բերի: Իրականություն է, որ սփյուռքը մեծ ակնկալիքներ ուներ, նրանց մոտ կրկին հույս ծագեց: Սակայն այդ հույսը երկար չէր կարող դիմանալ: Երբ մեկը խոստանում է մի բան, պետք է նաեւ մտածի դրանք իրականացնելու մասին: Ես՝ որպես մարդ, ով մոտավորապես 45 տարի քաղաքականության մեջ է, իմ փորձից կարող եմ ասել, որ խոստումի եւ խոստումի իրականացման մեջ հաճախ քաոս կա: Հենց այդ պատճառով մարդը պետք է զգույշ լինի՝ ի՞նչ է խոստանում եւ ի՞նչ է երեւակայում, որ կարող է իրականացնել: Այսօր այդ խոստումների իրականացումը դեռ չի սկսվել»:

Մեր զրուցակիցը շատ է կարեւորում նաեւ այն, որ իշխանությունը կարողանա լսել նաեւ ընդդիմության ձայնը. «Հենց դրա համար է ժողովրդավարությունը համարվում կառավարման ամենալավ ձեւը, որովհետեւ միշտ չէ, որ իշխողն իրավունք ունի, միշտ չէ, որ իշխողի տեսակետն է ճիշտ: Շատ հաճախ պետք է հաշվի առնվի ընդդիմության կարծիքը, ընդ որում, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության, որովհետեւ այն նույն չափով մտահոգ է իր պետության ապագայով, եւ նույնպես հանրության մաս է:Այս մասով ես կուզեի տեսնել ավելի մոտ համագործակցություն»:

Փետրվարի 24-ին, Երեւանում մեկնարկել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովը, որը հետո շարունակվեց Ստեփանակերտում: Համաժողովի պատվիրակների մի խումբ հանդիպում էր ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԳ փոխնախարարների հետ: «Դա շատ դրական երեւույթ է, եւ ցույց է տալիս, որ մեր արտաքին քաղաքականությունը համահայկական է, ներքին քաղաքականության հետ կապ չունի, հետեւաբար մենք միասին ենք: Մենք՝ որպես Դաշնակցության հանձնախումբ, մեր գործունեությունը չենք կապում ՀՀ ներքին քաղաքականության հետ: Նույնիսկ մեզ համար ամենադժնդակ օրերին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ մեր ընկերները բանտերում էին, ես Հունաստանի Հայ դատի հանձնախմբի նախագահն էի եւ սերտ համագործակցության մեջ էի Հունաստանում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ. նրան ամեն կերպ օգնում էի, որպեսզի Հունաստանում Հայաստանի՝ որպես նոր պետականության ընկալումը ճիշտ եւ արդյունավետ հաստատվեր: Կառավարությունները գալիս են եւ գնում, մեզ համար կարեւորը մեր պետությունն է: Մենք միշտ պատրաստ ենք օժանդակել պետությանը եւ սպասում ենք, որ պետությունն էլ նույն կերպ մեզ կվերաբերվի, որովհետեւ միասնական համակարգված ձեւով աշխատելիս արդյունքները շատ ավելի մեծ եւ լավն են լինում»:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական զարգացումներից հետո, ակնկալիքներ կային, որ աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի`դրական առումով: Միջազգային կառույցների հավաստմամբ, կոռուպցիայի մասով Հայաստանը հետհեղափոխական շրջանում, բարելավել է իր դիրքերը: Հետաքրքրվեցինք`մեր զրուցակիցն իր անընդհատ շփումներում, Հայաստանի նկատմամբ առավել վստահություն, Հայաստանին եվրոպական ընտանիք ընդունելու առավել պատրաստակամություն տեսնո՞ւմ է. թեեւ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության ընդլայնված համաձայնագիրն արդեն մեծամասամբ գործողության մեջ է, սակայն, ԵՄ անդամ երկրները դեռ չեն վավերացրել այն: «Համագործակցությունն արդեն սկսվել է, գումարներն արդեն փոխանցվում են եւ հասնում այնտեղ, որտեղ նպատակադրված էին: Հայաստանի պատկերը Եվրոպայում դեռեւս շատ լավ է»,- ասաց Գասպար Կարապետյանը`հավելելով. «Տպավորիչ էր, որ եղավ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Իրականություն է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքները դրական են, չնայած երբեմն շատ է չափազանցվում: Ես, երբ առիթ եմ ունեցել հանդիպելու պաշտոնյաների, ասել եմ, որ սա անընդհատ շարունակվել չի կարող: Մարդիկ ակնկալիքներ ունեն, պետք է հստակ փոփոխություն զգան: Հակառակ դեպքում, երկու տարի ասենք, որ լավ կլինի, բայց չլինի, այս դրական պատկերը կսկսի փոխվել: Դրա համար էլ շատ կարեւորություն տվեցի խոստումներին եւ դրանց իրականացմանը: Եվրոպացին կամ Եվրոպական Միությունը, երբ տեսնում է, որ ընթացքը հարթ չէ, սկսում է մտածել՝ ու՞ր ենք գնում: Սակայն փաստենք, որ տարածաշրջանի երկրների հետ համեմատ, Հայաստանի դիրքերը բարձր են: Բոլորն էլ հասկանում են, որ եթե Ադրբեջանը նավթ չունենար, նրան ոչ ոք Եվրոպայում չէր ընդունի»: Մեր զրուցակցի դիտարկումներով, անգամ Վրաստանի նկատմամբ, որն այդքան մոտ է Եվրոպային, իրավիճակը միանշանակ չէ. «Վրաստանի դեմ լուրջ գանգատներ կան: Լուրջ գանգատներ կան, նույնիսկ Ուկրաինայի դեմ: Այնպես որ, Հայաստանի պատկերը լավ է: Այժմ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել այդ պատկերը մեր աշխատանքի միջոցով»: Նաեւ այս համատեքստում է մեր զրուցակիցը կարեւորում ՀՀ ԱԳՆ-ում իրենց հանդիպումները. «Սակայն, ամեն ինչ պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության աջակցությամբ»:

Զրույցը`

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ.Գ. Արցախի հարցի կարգավորման, Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին զրուցի մանրամասները`«Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
27.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829