Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք էր արդյոք կորոնավիրոսի կասկածով մարդկանց ինքնամեկուսացումը խիստ վերահսկել. մեկնաբանում է Գագիկ Միրիջանյանը

Մարտ 13,2020 20:11

Երեկվանից սկսած՝ Առողջապահության նախարարությունը կառավարության հետ համատեղ քննարկում է ինքնամեկուսացման պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվություն կիրառելու հարցը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, այսօր նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ դեռ որոշում չի կայացվել եւ հարցը քննարկման փուլում է:
Նախարար Արսեն Թորոսյանն ու կառավարության այլ անդամներ այս մտադրության են եկել այն բանից հետո, երբ Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, որը սակայն 14-օրյա կարանտինի մեջ գտնվելու, այսինքն՝ ինքնամեկուսանալու փոխարեն նշանդրեք էր կազմակերպել ու վարակը տարածել:

Մինչ նոր դեպքերի արձանագրումը, քննադատություններ էին հնչում, որ մեր երկրի առողջապահության ոլորտի պատասխանատուները կանխարգելիչ միջոցառումները լավ չեն կազմակերպում, վարակակիր լինելու մեջ կասկածվող անձանց ոչ թե հարկադիր մեկուսացման են ենթարկում, այլ հանգիստ բաց են թողնում, որ տուն գնան, նրանց նկատմամբ լուրջ հսկողություն չի սահմանվում, որպեսզի վերջիններս չխախտեն կարանտինի պայմանները եւ այլն: Սրան ի պատասխան, նախարար Թորոսյանն ու կառավարության այլ ներկայացուցիչներ, պնդում էին, որ իրենք առաջնորդվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի հորդորով ու գործելակարգերով, որոնք միջազգային չափորոշիչներ են նման իրավիճակների համար:

Aravot.am-ը Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ. դոցենտ Գագիկ Միրիջանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում կորոնովիրուսի տարածումը կանխարգելելու նախարարության աշխատանքները:

«Ինչ տեսնում եմ կողքից, ինչ բարձրաձայնվում է եւ արվում է, կարող եմ ասել, համապատասխանում են այն գործելակարգերին, որոնք գոյություն եւ պետք է արվեր: Այլ բան է, եթե քաղաքացիները չեն պահպանել իրենցից հասանելիք այն բոլոր միջոցառումները, որոնք իրենք պարտավոր էին անել: Մի քանի ամիս է թե՛ համաշխարհային թե՛ հայաստանյան ԶԼՄ-ներով պատկան մարմինները հայտարարում են, որ կորոնավիրուսը դուրս է եկել իր օջախից եւ տարածվել է ամբողջ աշխարհում: ԱՀԿ-ն այն հայտարարել է որպես պանդեմիա եւ մենք էլ, որպես քաղաքացիներ, մեր պարտականությունները պետք է կատարենք»,-ասաց պարոն Միրիջանյանը:

Մեր հարցին՝ չնայած ԱՀԿ-ն նման պահանջ չի սահմանում, որ «կասկածյալ» քաղաքացիներին ընդհանրապես մեկուսացնեն հասարակությունից, բայց քննադատություններ են հնչում՝ ինչո՞ւ մեր երկրում հատուկ միջոցառումներ չեն կիրառվում այս առումով, Գագիկ Միրիջանյանը պատասխանեց՝ «Համենայն դեպս հանրային առողջությունը չունի անհատական մոտեցում: Հանրային առողջությունն ունի մասսայական մոտեցում»:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ փաստորեն հույս դրեցինք քաղաքացու օրինապաշտության վրա եւ տեսանք՝ քաղաքացին ինչպես պահպանեց այդ հորդորները: Արդյոք չպե՞տք է հաշվի առնեինք մեր ազգային որոշ առանձնահատկությունները՝ որ մենք այնքան էլ օրինապաշտ չենք, որ փողոցն անցնում ենք «կարմիր լույսի» տակով եւ այլն եւ, գուցե, անհատական մոտեցո՞ւմ ցուցաբերեինք այդ հարցում՝ հաշվի առնելով հարցի լրջությունը, պարոն Միրիջանյանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ այն ինչ տեսնում եմ, կարդում եմ եւ կողքից նայում եմ, կարող եմ ասել, որ բացարձակին մոտ կատարվել է աշխատանքներ: Իսկ ի՞նչ գիտենք, որ, եթե այդ ամենը չկատարվեր, ապա վարակվածների քանակն ինչքան կլիներ մեր երկրում: Եթե մենք վերցնենք Վրաստանի օրինակը, որտեղ կորոնովիրուսով վարակվածները քանակով մեզնից մի քանի անգամ ավել են եւ մեր հարեւան Իրանը, որտեղ, ըստ պաշտոնական թվերի, հազարավոր են դեպքերը, ապա կտեսնենք: Մեզ մոտ 8-ը դեպք ունենք այս պահի դրությամբ, որից 4-5-ը Էջմիածնում տեղի ունեցած այդ միջոցառման մասնակիցներից են, այսինքն՝ ինքը լոկալիզացված խնդիր է: Այն որ վիրուսը պետք է մտներ Հայաստանի հանրապետության տարածք եւ պետք է ունենանք վարակվածներ կարծում եմ իրատեսական էր»:

Մեր դիտարկմանը, թե խոսքը կազմակերպչական հարցերի մասին է, որ կարելի էր տարածումը բացառել, Գագիկ Միրիջանյանը ասաց՝ հանրային առողջությունն այլ է, անհատով պայմանավորված չի լինում:

Հիշեցրինք, որ արդեն երկու օր է կառավարությունը քննարկում է վարչական տույժ կիրառելու հարցը՝ ով խախտի մեկուսացման պահանջը կենթարկվի պատասխանատվության: Այսինքն՝ մենք ունեցանք նախադեպ, որ քաղաքացին չպահպանեց ինքնամեկուսացման՝ նախարարության պահանջը եւ նոր միայն սկսեցինք մտածել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Մեր այն դիտարկմանը՝ Իսրայելն օրինակ՝ անկախ ԱՀԿ-ի գործելակարգերից, կորոնովիրուսի հետ կապված, որոշ հարցերում անհատական մոտեցում է ցուցաբերել եւ 14-օրյա ինքնամեկուսացման կարանտինը խախտելու դեպքում անգամ ազատազրկում է սահմանել, Գագիկ Միրիջանյանն ասաց՝ ես կողմ եմ եւ կարծում եմ այդպիսի միջոցառումներ պետք է լինեն: Նա նաեւ ճիշտ համարեց կրթօջախներում դասապրոցեսը դադարեցնելու որոշումը՝ հորդորելով խոշոր միջոցառումները, հավաքները նույնպես արգելել:

«Պետք է մեղավորներ չփնտրենք եւ եւ չփորձենք դիվիդենտներ հավաքել սխալի կամ ճշտի վրա, պետք է համախմբվենք: Ես վստահ եմ, որ դրանից հետո կառավարությունը կանդրադառնա այն մեղավորներին, որոնք իրենց գործում թերացել են եւ այդ ժամանակ պետք է ավելի լուրջ հետեւություններ անել, որովհետեւ 21-րդ դարը բերելու է այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են վիրուսային ինֆեկցիաները կամ այլ տեսակ վարակները»,-նշեց մեր զրուցակիցը՝ հորդորելով պատկան մարմիններին չտրվել ավելորդ ամբիցիաների. «Մենք իրոք ունենք հրաշալի մասնագետներ՝ համաճարակաբաններ, վիրուսաբաններ, հանրային առողջապահության կազմակերպիչներ, որոնց խորհուրդներին պետք է հաշտվել, որովհետեւ իրավիճակն է այդպես պարտադրում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031