Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուզարկողների կեսը դիմակով էր, կեսը` գալստուկով»

Մարտ 19,2020 14:00

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի զանգվածային անկարգությունների գործը դատարանում է

Արթուր Պապիկյանը, Հովհաննես Գեւորգյանը, Անդրանիկ Խաչատուրյանը, Թաթուլ Գեւորգյանը, Գարիկ Ղահրամանյանը, Գեւորգ Եղոյանը մեղադրվում էին գործով չպարզված մի խումբ անձանց հետ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գույքի վնասմամբ եւ ոչնչացմամբ զուգորդված 2017 թվականի հոկտեմբերի 30-ի աղմկահարույց զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Վեց ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ութ հատորանոց գործը վերաքննիչ քրեական դատարանում է, եւ նրանք պահանջում են անմեղ ճանաչել իրենց, բեկանել գործը, ուղարկել նոր քննության:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Օհանյանի դատավճռով Արթուր Պապիկյանը դատապարտվել է 11 տարի 5 ամիս ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ` սակայն ոչ ավելի 1 000 000 ՀՀ դրամից:

Ըստ դատարանի, մեկ այլ քրեական գործով նշանակված ազատազրկում պատիժը Արթուր Պապիկյանը կրում է 2010 թվականի ապրիլի 19-ից եւ լրացուցիչ պատիժը վերջինս չի կրել: Անդրանիկը՝ 10 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Գեւորգը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Թաթուլը՝ 5 տարի 10 ամիս 4 օր ժամկետով, Հովհաննեսը՝ 15 տարի 6 ամիս ժամկետով` անձնական գույքի 1/4 բռնագրավմամբ եւ 500 ժամ հանրային աշխատանքների: Գարիկ Ղահրամանյանի, որը դատապարտվել էր 3 տարի ժամկետով, խափանման միջոցը դեռ չի փոխվել, նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ըստ տուժող ճանաչված «Գորիս» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Ալիկ Պետրոսյանի ցուցմունքի,  ամբաստանյալներին ճանաչել է որպես դատապարտված եւ կալանավորված անձանց: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին նա եղել է ծառայության ռեժիմային մասնաշենքի երկրորդ հարկում: Ժամը 10:30-ի սահմաններում հիմնարկ են մուտք գործել ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, որոնք  խուզարկություն են իրականացրել թիվ 25, թիվ 30 եւ թիվ 31 խցերում, որոնք գտնվում են երկրորդ հարկում. «Թիվ 31 խցում պատիժ էին կրում Ժորա Գեւորգյանը, Դավիթ Անանյանը եւ Կարապետ Հովհաննիսյանը: Վերջինս ժամը 10:00-ի սահմաններում թույլտվություն էր խնդրել եւ իջել առաջին հարկին կից մատուռ` մոմ վառելու: Թիվ 25 խցում խուզարկության ժամանակ մնացել է միայն Արթուր Պապիկյանը, իսկ մնացածին տեղափոխել են թիվ 22 խուց: Ժամը 15:00-ի սահմաններում ԱԱԾ-ի աշխատակիցները դուրս են եկել ռեժիմային մասնաշենքից, ինչից հետո սկսել են զանգվածային անկարգությունները, մասնավորապես,  դատապարտյալները սկսել են հայհոյել եւ վիրավորել ՔԿՀ-ի աշխատակիցներին, ձեռքերով, ոտքերով եւ խցի ներսում առկա առարկաներով հարվածել երկաթե դռանը: Մտածում էի, որ նրանք իրենց այդպես էին պահում, քանի որ ԱԱԾ-ի աշխատակիցները Կարապետ Հովհաննիսյանին մատուռի մոտից տեղափոխել են այլ տեղ եւ դատապարտյալները կարող էին դա տեսնել»:

Տուժողը հայտնել էր, որ բաց կերակրադռնակով տեսել է, թե ինչպես են թիվ 25 խցի դատապարտյալներ Արթուր Պապիկյանը, Հովհաննես Գեւորգյանը եւ Անդրանիկ Խաչատուրյանը ձեռքերով ու ոտքերով հարվածում դռանը եւ պատերին, հայհոյում իրեն. «Թիվ 29 խցի կալանավորված անձինք՝ Թաթուլ Գեւորգյանը եւ Գարիկ Ղահրամանյանը նույնպես հայհոյում էին իրեն, ձեռքերով ու ոտքերով հարվածում դռանը: Գագիկ Ղահրամանյանը լաթի կտորներ էր վառում ու դուրս նետում կերակրադռնակից, ինչպես նաեւ ձեթ լցնում վառվող կտորների վրա, իսկ Թաթուլ Գեւորգյանը ձեթի տարան նետել է իր հետեւից: Այդ օրը ճաշը տվել են ընթրիքի հետ, իսկ զբոսանք չեն տվել, քանի որ հիմնարկում միջոցառում էր իրականացվում: Իրենք փորձել են հանգստացնել դատապարտյալներին, ինչպես նաեւ տեղյակ են պահել ղեկավարությանը»:

Այս գործով տուժողներն ու վկաները հիմնականում քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակիցներն են եղել:

Ամբաստանյալ Արթուր Պապիկյանի ցուցմունքի համաձայն, անկարգությունների օրը, ժամը 11-ի սահմաններում, բերդում ձայներ են լսել, հսկիչին են կանչել: Նա չի եկել: Հետո ասել են՝ կողքի խցում մի «գիժ Ռաֆո» կա, երեւի նա էր ձայն հանում. «Մոտ 15 րոպե անց խցի դուռը բացվել է, 30 հոգի մտան ներս եւ բացի իրենից, մնացածին տարան ուրիշ խուց: Ժամը 11:45-ից մինչեւ 15-ը խուզարկել են իրենց խուցը: Խուզարկողների կեսը դիմակով էր, կեսը` գալստուկով: Երբ տղաներին բերեցին, սկսեցին իրերը դասավորել: Բերդում ձայներ կային եւ դա դռներին խփելուց էր: Քիչ հետո եկավ բերդի պետը` Մաքունցը եւ ասաց, որ Անդրյուշին պետք է տեղափոխեն: Ուշ ժամի իմացանք, որ Կարապետ Հովհաննիսյանին տեղափոխել են: ԱԱԾ-ն եկել էր բերդից դեղ գտնելու: Իրենց խցի կերակրադռնակի պետլին ջարդված էր, իսկ դիտանցքը` բաց»:

Անդրանիկ Խաչատուրյանը հայտնել էր, որ առավոտը եկել են ԱԱԾ-ի աշխատակիցները, իրենց տարել այլ խուց, մոտ 2 ժամ խուզարկել իրենց խուցը: Խուց վերադառնալուց հետո եկել է բերդի պետը եւ ասել, որ ինքը պատրաստվի, քանի որ տեղափոխում են, նախ հերթապահ մաս, այնտեղից էլ` «Նուբարաշեն» ՔԿՀ. «Իմ իմանալով՝ ԱԱԾ-ն 2 օր մնացել է բերդում»:

Ըստ կալանավորների, մեկ այլ քրեական գործի շրջանակներում են խուզարկել իրենց խցերը:

Գեւորգ Եղոյանի համար ասել էին, թե երկաթե նստարանն է վերցրել խփել դռանը, իսկ Թաթուլ Գեւորգյանն էլ, գլուխը հանել էր պատուհանիկից, ու ձեթ լցրել հսկիչների ուղղությամբ: Թաթուլ Գեւորգյանը ցուցմունք էր տվել, հայտնել, որ իր խցակից Հենրիկ Ավագյանն ուներ առողջական խնդիրներ, քանի որ նրա ճնշումը բարձրացել էր, կանչել են հսկիչին, սակայն նա ուշ է եկել: Այդ օրը մարդկանց ճաշ են տվել ժամը 19:00-ին, հիվանդ են ունեցել, տեսակցություն ու հանձնուք չեն տվել:

Հովհաննես Գեւորգյանն էլ ասել էր, թե մարդիկ քննիչի թելադրանքով են ցուցմունքներ գրել, նույնն են գրել. «Մենք բունտ չենք արել, անձնավորված չենք հայհոյել, մեկը զբոսանք էր ուզում, մեկը բժիշկ, մեկը ճաշ ու տենց բաներ: Մեկ հսկիչ է, 40 խուց, որ տարբեր խցերից խփեն, կարող է մտածեն, որ բունտ է տիրում: Բունտ լինելու դեպքում, ինքը չէր մասնակցի, իրեն «Արմենիա» հեռուստաընկերությունով ցույց են տվել այդ դեպքից հետո, ասել են՝ ուղղված դատապարտյալ է: Ինքը ուժ չունի, որ խփի դռանը: Եթե իրենք գոռային կամ կարգը խախտեին, իրենց կծեծեին»:

Գարիկ Ղահրամանյանն արթնացել է ձայներից. «Հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են՝ «Հենրիկ Ավագյանը լավ չի»: Ձայն են տվել, մարդ չի եկել, կրկին ձայն են տվել, խփել դռանը: Մի երկու ժամ հետո մոտեցել են: Իրենք ասել են, որ բժիշկ կանչեն, գնացել են, կրկին շատ ուշ եկել ու ասել, որ հիմա հնարավոր չէ բժիշկ կանչել, ԱԱԾ-ն այնտեղ է եւ երբ հնարավոր լինի՝ կգա: Հսկիչը եկել է ընթրիքի ժամին, հարցրել են, թե՝ «Ինչու չէր գալիս, ասել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցները չէին թողնում: Ինքը մեկ ու կես ամսից պետք է դուրս գար, իրեն այդպիսի բան պետք չէր»:

Նախաքննության ժամանակ  քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խոսք էր գնացել անվտանգության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու, նաեւ, որ դատապարտյալներն այրել են անկողնային պարագաները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Անցյալ տարի էլ զանգվածային անկարգություններ եղան ԱՆ «Նուբարաշեն» եւ այլ քրեակատարողական հիմնարկներում, հարյուրից ավելի կալանավորներ սեպտեմբերի հինգին կառավարության օրինագծի դեմ դուրս եկան ի պաշտպանություն «Զոն նայողների»: «Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսեւորումներ»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Առավոտ» օրաթերթ
18.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031